Արցախի ժողովրդավարության համար այս մրցակցային ընտրությունները քայլ առաջ էին. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

Արցախի ժողովրդավարության համար այս մրցակցային ընտրությունները քայլ առաջ էին. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, Tert.amՄարտի 31-ի համապետական ընտրություններն Արցախում ժողովրդավարության առումով քայլ առաջ էին, դրանք իրապես մրցակցային բնույթ ունեին: Այս մասին «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում ասել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

«Ընտրություններին բավական բարձր մասնակցությունը խոսուն ցուցանիշ է և ցույց է տալիս, թե ինչպես Արցախի մեր հայրենակիցներն անգամ ոչ այնքան ստանդարտ իրավիճակում զերծ չմնացին ընտրատեղամասեր գնալուց և իրենց կամքն արտահայտելուց»,- ասել է նա:

«Ժողովրդավարությունն իր կայացման ընթացքում Արցախում արեց բավական մեծ առաջ քայլ: Ընտրություններն ունեին իրապես մրցակցային բնույթ՝ տարբեր մոտեցումներ, տարբեր դիրքորոշումներ, տարբեր աշխարհընկալում: Կարելի էր, իրոք, այս ամենից հետևություն կատարել: Դա բավական հետաքրքիր պատկեր ստեղծեց՝ հինգ ուժեր մտնում են խորհրդարան, և մենք ականատես ենք լինելու նույն խորհրդարանական մշակույթի առաջընթացի»,- նշել է Բեքարյանը:

Վերլուծաբանի պնդմամբ՝ պետք է մեկ անգամ ևս արձանագրել, որ այս ձևով իր կյանքը կարգավորող անգամ չճանաչված պետությունը՝ Արցախի Հանրապետությունը, որևէ կերպ չի կարող նայել իր հարևանի կողմ, որտեղ իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար և ցանկացած ընտրություն գիտենք, թե ինչ ձևով է անցկացվում:

Անդրադառնալով միջազգային արձագանքներին՝ նա նշել է, որ ակնհայտ է, որ Հայաստանի կողմից կանխարգելիչ քայլեր չեն արվել կանխելու բացասական արձագանքները: Նա հատուկ ուշադրություն է հրավիրել Եվրամիության և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների արձագանքին:

«Եվրամիության հայտարարության մեջ մենք տեսնում ենք սուբստանտիվ բանակցությունների անցնելու հետ կապված հորդորը: Տարիներ ի վեր Ադրբեջանը պայքար է մղել, որ այս սուբստանտիվ բանակցություններ եզրույթը դառնա ընկալելի միջազգային հանրության համար, դառնա կիրառելի և իր հետ իրենց համար դիվիդենտներ բերի: Այն, որ Եվրամիությունն իր հայտարարության մեջ օգտագործում է այս եզրույթը, որևէ դրական բանի մասին չի խոսում»,- ընդգծել է վերլուծաբանը:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ Բեքարյանը հատուկ ուշադրություն է դարձրել կարգավորման սկզբունքներին և տարրերին, այսինքն՝ «Մադրիդյան սկզբունքներին» և այն փաստին, որ դեռ նախքան ընտրությունների արդյունքների ամփոփումը համանախագահներն օգտագործել են «ընտրությունների առաջին փուլ» եզրույթը:

Մանրամասները տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում