Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը ցույց է տալիս ապաքինման նշաններ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Միացյալ Նահանգներն ու Միացյալ Թագավորությունը տեղեկացրել են մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացած մարդկանց ամենամեծ թվի մասին: ԱՄՆ-ում մահացություններն ավելացել են 1800-ով: Աշխարհի մակարդակով մահացությունների թիվն անցել է 73000-ը:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է մոտ 700 հազարի: ԱՄՆ-ից հետո երկրորդ ամենամեծ թվով դեպքերը գրանցած Իսպանիում, երկրորդ օրը լինելով, նորից սկսել է աճել մահացությունների թիվը, երբ նախորդ չորս օրերի ընթացքում մահացությունների թիվը գրանցել էր անկում: Այստեղ մինչ այժմ մահացել է մոտավորապես 13800 մարդ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Մահացությունների ամենամեծ թիվը դեռևս Իտալիայինն է, որտեղ կորոնավիրուսին զոհ է գնացել մոտավորապես 17200 մարդ: Այստեղ ևս մահացությունների թիվն անցած օրերի ընթացքում հիմնականում տատանվում է, երբեմն գրանցելով արագության անկում, երբեմն` մեծացում: Բայց հուսադրիչն այն է, որ մեծանում է ապաքինվածների թիվը: Միայն Իտալիայում անցած մեկ օրվա ընթացքում հիվանդանոցներից դուրս է գրվել 1555 մարդ` այստեղ ապաքինվածների թիվը հասցնելով 24400-ի:
Ֆրանսիայում, որտեղ արդեն չորրորդ շաբաթն է ընթանում լիակատար արգելափակումը, կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 10400-ի: Սակայն հիվանդանոցներում նվազել է հիվանդության ծանր դեպքերի թիվը: Այստեղ ևս մեծանում է ապաքինվողների թիվը: Ֆրանսիայում մինչ այժմ լիովին ապաքինվել է 19337 մարդ:
Մեծ Բրիտանիայից ստացված հաղորդագրությունների համաձայն, վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի օրգանիզմն ընդունում է բուժումը, և ըստ պաշտոնական հաղորդագրության, Ջոնսոնը ցույց է տալիս ապաքինվելու նշաններ: Հիշեցնենք, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել երեք օր առաջ մարմնի բարձր ջերմության պատճառով: Նրա մոտ թոքաբորբ չի հայտնաբերվել:
Այս երկրում մեկ օրվա կտրվածքով զոհերի թիվն ավելացել է 786-ով` ընդհանուր թիվը հասցնելով 6160-ի:
Ճապոնիայում աճում է այն քաղաքների թիվը, որտեղ իշխանությունները հայտարարում են արտակարգ դրություն: Այս երկրում այսօր կա գրանցված մոտ 4000 վարակակիր: Մահացել է ավելի քան 800 մարդ:
Չինական Ուհան քաղաքը, որտեղից սկսվեց այս համաշխարհային համաճարակը, որոշել է հանել արտակարգ դրությունը, քանի որ այստեղ կորոնավիրուսից մահացության դեպքեր այլևս չկան: Այս մասին է հայտնում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Իսկ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ 2020 թվականին նախորդ տարվա համեմատ համաշխարհային առևտրի ծավալները այս համաճարակի պատճառով կկրճատվեն 13-ից 32 տոկոսով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում