ՀՀ-ում կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից. Արսեն Թորոսյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում և հարյուր տոկոս մարում է: Այս մասին այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով վարակի տարածման խնդրին:
«Առաջ եթե մենք ունենում էինք 50 դեպք, բայց մի աղբյուրից, մենք հիմա ունենում ենք՝ 16, 20, 30 դեպք, բայց 10-20 աղբյուրներից: Հետևաբար, վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին դուրս է եկել վերահսկողությունից, բայց մեր խնդիրն է, ամեն հնարավոր դեպքը գտնել և թեստավորել, մեկուսացնել, բուժել: Մենք այդ գործողությունը պետք է անենք այնքան ժամանակ, որքան ուժ ունենք, երբ որ կլինենք ուժասպառ՝ ազգովի, երկրով մեկ, որոշ գործողություն արանքից կհանենք և միայն թեստավորումն ու բուժումը կթողնենք, մեկուսացումն արդեն անիմաստ կլինի, քանի տարածումը շատ կլինի»,– ասաց նա:
Արսեն Թորոսյանը, որպես օրինակ բերեց Շվեդիան, որ պրակտիկորեն ոչինչ չարեց վիրուսի տարածումը կանխելու համար, 10 միլիոն բնակչություն ունի և արդեն 800 մահ: «Եթե ես նույնիսկ 2,5 միլիոնի վրա հաշվեմ, դա ստացվում է, որ միայն կորոնավիրուսից 200 մահ պետք է ունենայինք»,- ասաց նա և նշեց, որ Հայաստանում այս պահին կորոնավիրուսից մահվան դեպքերը 12-ն են:
«Մեր խնդիրն է՝ մահերի թիվը և հիվնդանոցների ծանրաբեռնվածությունը ցածր պահելով գնալ առաջ: Մենք մեզ այսօր մի քիչ ավելի վստահ ենք զգում մահճակալային ֆոնդի և թոքերի արհեստական օդափոխության առումով»,- ասաց նա և նշեց, որ մինչ Չինաստանից նոր սարքեր գնելն էլ 80 հատ սարք կար: Նա նշեց, որ մենք պետք է վատագույնին պատրաստված լինենք, բայց ամեն ինչ անենք որ դրան չհասնենք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում