Նողկալի երևույթ, հոգեորսության տխեղծ մի տեսակ
Նմանատիպ
Նորից սկսել են կեղծ հոգևոր նամակներ միմյանց ուղարկելը: Դա Սատանայի մոլորեցնող որոգայթ է, դրան տեղ չտանք, որս չդարձնենք մենք մեզ: Չգայթակղվե՛նք:
«Նաև իմաստուն լինել օձերի նման»,- խրատեց Հիսուս։
Չգիտեմ, ով ինչպես է մտածում, սակայն «հոգևոր նամակներ» ուղարկողները և սպառնանքով պարտադրողները, թե այսքան մարդու պիտի ուղարկես, Աստծուց լինել չեն կարող: Եթե մեկը պարապ է և անմտաբար մտածում է այդպես «գործ անել» և «Աստվածահաճո դառնալ», ապա թող իմանա, որ հավատը պարտադրանք չէ, քանի որ յուրաքանչյուր պարտադրանք բռնություն է, իսկ բռնության ստրկացնողը Աստծո անունով` միայն Սատանան է և ոչ թե Աստված:
Կաղաչեի` եղբայրներ և քույրեր, եթե ուզում եք Աստծոն հաճելի որևէ բան անել, նախ ջանացեք ինքներդ որս չդառնալ` ձեր կամքը չենթարկեցնել այլոց, անգամ Աստծո անունով եթե հանդես գան` և սրանք հանդես են գալիս պարտադրանքով և անեծքներ դնելով: Տա Աստված, որ հեռու մնան նման «գործից», քանի որ այլոց կամքի վրա իշխելու ելած նրանց անեծքները իրենց պիտի վերադառնան, քանի որ այդպես իսկ է Աստծո օրենքի սահմանը` կախարդությամբ զբաղվողների համար:
Քրիստոս եկավ և մերժեց երդվելը և չարից համարեց, իսկ սրանք երդվեցնում են, թե այսքան մարդու պիտի ուղարկես, եթե ոչ անեծքներ կգան վրադ և տկարներին, նրանց իսկ հավատը այդպես խաբելով, դարձնում են սովոր Աստծո անունով եկող ամեն ինքնակոչի հրամանին ենթակայել, նրանց դրած անեծքների վախից, այդպես վերստին ստորացնելով ու ընկճելով, փչացնելով բազմաթիվ հոգիների:
Մոլորամիտ չմնանք: Մահացու հանցանք կա կախարդություն անելու մեջ, որ ըստ էության, սիրո հետ կապ չունի, այլ մարդատյացության կողմից է, չարից է ի հայտ եկել:
Նողկալի երևույթ է, հոգեորսության տխեղծ մի տեսակ, որ մարդու ներսի մեղքից ու տգիտությունից է ուժ ստանում և ոչ թե ճշմարիտ խոնարհությունից ու ապաշխարության խաչակրությունից: Իսկ այդ ամենի չար թիկունքը` հոգևոր սակավամտությունն ու տգիտությունն են և մարդուս ընկած, պիղծ վարքը: Խոսքս միամտությամբ մոլորվածների մասին չէ: Տերը նրանց կորստից հնարավորինս առավելով հետ կպահի: Սակայն հիշենք, որ Հիսուս մեզ պատվիրեց` միայն միամիտ չլինել, այլ, աղավնու նման միամիտ լինելու հետ մեկտեղ նաև իմաստուն լինել օձերի նման, որպեսզի որս չդառնանք:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում