Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հեռացրել է նախագահին

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հեռացրել է նախագահին

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ArmSport.amԾանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն ընդունել է ֆեդերացիայի ղեկավար Տամաշ Այանի հրաժարականը: Այս մասին հայտնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը:

81-ամյա Այանը ֆեդերացիան ղեկավարում է 43 տարուց ավելի:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում Այանին կատարած աշխատանքի համար: Շնորհակալ ենք հատկապես վերջին տարիների կատարած հակադոպինգային ահռելի աշխատանքի համար, որը համատասխանում է ՄՕԿ-ի ու ՎԱԴԱ-ի չափանիշներին: Այժմ պետք է նոր ճանապարհ սկսենք ու հասնենք հաջողությունների»,-ասել է ժամանակավոր պաշտոնակատար Ուրսուլա Պապանդրեան:

«Ես իմ կյանքի լավագույն տարիները նվիրել եմ այս սպորտաձևին: Կորոնավիրուսի պանդեմիայիով պայմանավորված այս կարանտինային շրջանը երբ անցնի, նոր ընտրությունների կայացումը նոր սերնդին թույ կտա հնարավորինս շուտ անցնել աշխատանքի՝ ծանրամարտ լուսավոր ապագան շարունակելու համար»,-ասել է Այանը:

Հունվարին գերմանացի լրագրող Հայո Զեպելտը, որը դոպինգների մասին հետաքննական ֆիլմեր է նկարահանում, իր նոր ֆիլմում նշել էր, որ Այանը մեղադրվում է կոռուպցիայի ու տարբեր մարզիկների դոպինգ-թեստերը կեղծելու մեջ: Այդ նյութից հետո Այանը 90 օրով հեռացվել էր պաշտոնից, իսկ գործերը դեռ հետաքննվում են միջազգային ֆեդերացիայի կողմից:

Գործադիր կոմիտեն հայտարարել է, որ իրենք շարունակելու են ինտենսիվ աշխատանքները, որպեսզի այս դժվար ժամանակներում ծանրորդները ոչնչի պակաս չունենան ու կարողանան հավուր պատշաճի պատրաստվել Տոկիոյի Օլիմպիական խաղերին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում