«Դա դեռևս 100 տոկոսով չէ, բայց խոսակցություն կա այն մասին, որ եթե առաջնությունը չշարունակվի, մենք կհրաժարվենք աշխատավարձերից». Մխիթարյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ուկրաինական «Ֆուտբոլ» հեռուստաալիքի «Մեծ ֆուտբոլ» հաղորդմանը տված հարցազրույցի ընթացքում մեկնաբանել է իտալական մամուլի այն տեղեկությունը, ըստ որի իտալական ակումբի ֆուտբոլիստները պատրաստ են հրաժարվել իրենց 4 ամսվա աշխատավարձերից, եթե կորոնավիրուսի համավարակը շարունակվի:
«Այո, կան նման խոսակցություններ: Մենք խոսել ենք ղեկավարության հետ: Դա դեռևս հարյուր տոկոսով չէ, բայց խոսակցություն կա այն մասին, որ եթե առաջնությունը չշարունակվի, մենք կհրաժարվենք աշխատավարձերից»,- ասել է Մխիթարյանը:
Մխիթարյանը պատմել է նաև կորոնավիրուսի համավարակի սկզբնական շրջանում Իտալիայում ծնված որդու` Համլետի մասին: Նա նշել է, որ իր ընտանիքի բախտը բերել է՝ երեխան ծնվել է մարտի 4-ին, երբ Իտալիայում կորոնավիրուսն այսօրվա պես լայն տարածված չէր:
Ֆուտբոլիստի խոսքով՝ «Ռոմայի» ֆուտբոլիստներն այժմ մարզվում են տներում` ակումբի կողմից տրված հատուկ անհատական ծրագրերով:
Հայաստանի հավաքականի ավագը նաև շնորհակալություն է հայտնել Դոնեցկի «Շախտյորի» նախկին մարզիչ Միրչա Լուչեսկուին, որը Մխիթարյանին անվանել էր ամենատաղանդավոր խաղացողը, որի հետ ինքը երբևէ աշխատել է: Մխիթարյանը նշել է, որ ռումինացի մարզչի շնորհիվ է, որ ինքը կարողացել է խաղալ Գերմանիայում, Անգլիայում, Իտալիայում, և շատ բան է նրանից սովորել:
Տեսանյութում այդ հատվածը՝ 22-րդ րոպեից սկսած.
Հետևեք մեզ նաև Telegram-ում