Ադրբեջանի նախագահական ընտրություններում Գրիգորի Այվազյանն իրեն համարում է Ալիևի միակ այլընտրանքը

Ադրբեջանի նախագահական ընտրություններում հայ թեկնածուի մասնակցության բոլոր նախապատրաստական աշխատանքները ավարտական փուլում են գտնվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: «Բոլոր իրավական խնդիրները լուծված են: Ադրբեջանի կողմից մեր մասնակցությունը մերժելու որևէ պատճառ չկա: Իսկ եթե մերժում ստանանք, դա կլինի միայն քաղաքական նախապայմանով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասաց Գրիգորի Այվազյանը: Նա նշեց, որ իր կողքին կանգնած է լրագրող- իրավաբան-համախոհների խումբ, ովքեր պատրաստ են մեկնել Ադրբեջան ու մասնակցել քարոզարշավին: «Իմ մասնակցության իրավունքը սահմանաված է Ադրբեջանի Սահամանադրությամբ, մենք միայն սպասում ենք նրանց կողմից անվտանգության երաշխիքներին»,-նշեց ադրբեջանագետը:

Ի պատասխան այն մտավախությանը, թե Ադրբեջանը կարող է օգտագործել հայ թեկնածուի մասնակցությունը Ադրբեջանի նախագահական ընտրություններին’ ստեղծելով ժողովրդավար երկրի պատրանք, Գրիգորի Այվազյանը նշեց, որ դա միակողմանի գործընթաց չէ, և Ադրբեջանի օգուտները նրանց կրած վնասներից քիչ կլինեն: «Եթե Ադրբեջանը մեզ գրանցի, մենք այդ հնարավորությունը կօգտագործենք, որպեսզի բարձրաձայնենք Ադրբեջանի վարած քաղաքականության մասին միջազգային լսարանի և ադրբեջանական հասարակության առջև»,-հավելեց Գրիգորի Այվազյանը:

Գրիգորի Այվազյանը նաև նշեց, որ ինքն Իլհամ Ալիևին միակ այլընտրանքն է, ում օգտին գործում է Ադրբեջանի վարչական ապարատը, իսկ ինքն ակնկալում է Ադրբեջանի բնակչության 60 տոկոսի ձայները: Գրիգորի Այվազյանը նշեց մի քանի նախընտրական խոստումներ, ըստ որոնց ազգային բոլոր փոքրամասնություններին կտրամադրի լայն ինքնավարություն, մինչև անգամ անկախություն: «Խոստանալու ենք գործող ռեժիմի կողմից գողացված միջոցների հետ վերադարձ և Ադրբեջանի վերաձևումը հայերի ու մահմեդականների ընդհանուր համադաշնային պետության, որը եղել է նրա սկզբնական կարգավիճակը»,-եզրափակեց Գրիգորի Այվազյանը:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2013թ-ի հոկտեմբերին: Թեկնածուների առաջադրման գործընթացը, օրենսդրության համաձայն, սկսվելու է քվեարկությունից 60 օր առաջ: Հունիսի 7-ին տեղի էր ունեցել Ադրբեջանի իշխող՝ «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարը, որի ժամանակ որոշում էր կայացվել գալիք ընտրություններում առաջադրել երկիրը 2003թ-ից ղեկավարող Իլհամ Ալիևի թեկնածությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում