Exclusive. Կարոտում եմ Հայաստանը. Ալեքս դա Սիլվա
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում առաջին լեգիոներները հայտնվել են 90-ականների 2-րդ կեսին: Տարեցտարի Բարձրագույն խմբի առաջնությունում նկատվել է լեգիոներ ֆուտբոլիստների քանակական աճ: Նրանցից շատերն իրապես աչքի են ընկել որակյալ խաղով և ինչ-որ չափով հետք թողել հայկական ֆուտբոլում:
ArmSport.am-ն շարունակում է զրուցել հայկական ֆուտբոլում նվաճումների հասած լեգիոներ ֆուտբոլիստների հետ:
Այս անգամ զրուցել ենք «Միկայի» նախկին պաշտպան, բրազիլացի Ալեքս դա Սիլվայի հետ, որը պատմել է Հայաստանում հայտնվելու, «Միկայում» անցկացրած տարիների, Հայաստանի հավաքականում հանդես գալու մասին:
«Հայաստան եմ եկել 2006 թվականին: «Միկայում» հայտնվել եմ Ֆուտբոլային գործակալ Լեանդրո Դա Ռոզո ֆերնանդես Սամառոնիի (նախկին ֆուտբոլիստ) և Արկադի Անդրեասյանի միջոցով: Եկա Երևան և շատ զարմացա՝ կյանքումս առաջին անգամ տեսնելով ձյուն և այդքան ցուրտ եղանակ: Միկայում շատ լավ ընդունելության արժանացա: Ակումբի հետ կնքեցի 3 տարվա պայմանագիր: Երբևէ չէի լսել Հայաստանի մասին: Երբ ինձ առաջին անգամ առաջարկեցին, մտածում էի, թե խոսքը Ռումինիայի մասին է: Հետո սկսեցի ուսումնասիրել Հայաստանը քարտեզի վրա»,-ասում է Ալեքսը:
Բրազիլացու հիշողություններում դեռ թարմ են 2007-08 մրցաշրջանում «Միկայի» ելույթները Եվրոպա լիգայում:
«Երբեք չեմ մոռանա Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի՝ «Արտմեդիայի» հետ խաղը: Մենք առաջին փուլում հաղթահարել էինք Բուդապեշտի ՄՏԿ-ի արգելքը: Որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում Երևանում 2:1 հաշվով հաղթեցինք «Արտմեդիային», սակայն պատասխան խաղում պարտվեցինք 0:2 հաշվով: Չեմ մոռանա նաև 2011 թվականի Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչը, որտեղ 4:1 հաշվով հաղթեցինք «Շիրակին»: Այդ խաղում առաջին գոլը հենց ես խփեցի»:
Ալեքսը Երևանից հեռացել է 2015 թվականին, «Միկայում» խաղալու տարիներին հասցրել է նաև ուժերը փորձել Ռուսաստանում. «Երբ Արմեն Ադամյանը գլխավորեց Ուլյանովսկի «Վոլգան», ինձ էլ հրավիրեց թիմ: 6 ամիս հանդես եկա Ռուսաստանում՝ վարձավճարով, այնուհետև կրկին տեղափոխվեցի Երևան: «Միկայի» հետ երկկողմ համաձայնությամբ խզեցի պայմանագիրս 2015-ին և վերադարձա Բրազիլիա: Այնուհետև հրավեր ստացա «Բանանցի» (խմբ.՝ այժմ «Ուրարտու») գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանից, սակայն ես մերժեցի, քանի որ ընտանեկան խնդիրներ կային, և չէի կարող հեռանալ Բրազիլիայից»:
Ալեքսի խոսքով, լավագույն ֆուտբոլիստը, որի դեմ երբևէ խաղացել է՝ Հենրիխ Մխիթարյանն է.
«Ես խաղացել եմ Մխիթարյանի դեմ, և կարող եմ ասել, որ որպես պաշտպան շատ դժվար էր նրան կանգնեցնելը: Կառանձնացնեմ նաև Մարկոս Պիզելլիին, ով ուժեղ հարվածների էր տիրապետում: Չեմ մոռանա նաև Արմեն Շահգելդյանի խաղը: Այն ժամանակ շատ որակյալ ֆուտբոլիստներ կային Հայաստանի առաջնությունում, բայց հիմա դժվարանում եմ անուններով հիշել»:
Բրազիլացին 2 հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականում՝ մասնակցելով ԱՄԷ-ի և Ալժիրի հավաքականի հետ խաղերին. «Ես շատ եմ ցանկացել խաղալ Հայաստանի հավաքականում: Միշտ սպասել եմ, որ հավաքականից հրավիրեն, բայց 5 տարի պետք էր, որ ես խաղայի Հայաստանում, որպեսզի անձնագրային հարցերս լուծվեին: Երբ իմացա հավաքական հրավիրվելու մասին լուրը, շատ ուրախացա: 2013 թվականին ինձ հրավիրեց հավաքական Վարդան Մինասյանը: Մասնակցեցի ուսումնամարզական հավաքների, սակայն այդպես էլ նորամուտս չնշեցի հավաքականում: Հաջորդ տարի հրավեր ստացա Բեռնար Շալանդից և մասնակցեցի 2 խաղի»:
Ալեքսը ուրախությամբ է պատմում Երևանում ապրած տարիների մասին. «Երևանը շատ գեղեցիկ և հանգիստ քաղաք է: Բրազիլացիների համար անսովոր է, որ կարողանում ես ուշ ժամին հանգիստ զբոսնել քաղաքում, քանի որ այդ առումով Բրազիլիայում շատ վտանգավոր է: Երբ նոր էի եկել Երևան և չէի խոսում հայերեն, հաճախ էին ինձ խաբում տաքսու վարորդները և շատ գումար էին վերցնում (խմբ.-ծիծաղում է)»:
38-ամյա Ալեքսը շատ է կարոտում ֆուտբոլը, բայց հիմա ամբողջովին այլ աշխատանքով է զբաղված. «Ես կարիերաս ավարտեցի 33 տարեկանում: Գուցե շուտ էր, բայց ստիպված էի, քանի որ ընտանեկան խնդիրներ ունեի: Հիմա չեմ զբաղվում ֆուտբոլով, չնայած որ շատ եմ կարոտում: Մարզչական աշխատանք հաստատ չեմ սկսի, քանի որ չեմ սիրում: Հիմա Բրազիլիայում աշխատում եմ շինարարական կազմարպերությունում, որը տնօրինում եմ ես: Ես շատ եմ սիրում Հայաստանը: Շնորհակալություն եմ հայտնում բոլորին»:
Զրույցի վերջում Ալեքսը հայտնեց, որ շատ է կարոտում Հայաստանը. «Հիմա դժվարանում եմ ասել, թե երբ կգամ Հայաստան, բայց շատ եմ կարոտում Երևանը: Ես ունեմ հայկական անձնագիր, որի ժամկետը շուտով կվերջանա: Հայաստան գալ-գնալը իրոք շատ բարդ է, քանի որ երկար ճանապարհ է ու շատ ժամանակ է պահանջում: Առիթից օգտվելով ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայերին և Հայաստանին: Ես «Միկայում» հիանալի տարիներ եմ անցկացրել»,- եզրափակեց Ալեքսը:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում