Corriere dello sport. Մխիթարյանն իր վերջնական որոշումը հայտնել է Արսենալին

Corriere dello sport. Մխիթարյանն իր վերջնական որոշումը հայտնել է Արսենալին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ArmSport.amՀայաստանի հավաքականի ավագ և առաջատար Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է մնալ Հռոմում: Այս ուղղությամբ արդեն սկսել է աշխատել խաղացողի գործակալ Մինո Ռայոլան:

Քանի դեռ իտալական Ա սերիայի դադարեցված մրցաշրջանի ճակատագիրն անհայտ է, ակումբները չեն շտապում պայմանավորվել տրանսֆերների շուրջ: Նույն իրավիճակում է նաև «Ռոման», բայց հռոմեական ակումբն այս պահին 2 նպատակ ունի. պահպանել Քրիս Սմոլինգին և Հենրիխ Մխիթարյանին: Առաջինի պարագայում ամեն ինչ ավելի բարդ է, քան Հենրիխի պարագայում: Հայ ֆուտբոլիստն անձամբ է տեղեկացրել անգլիական ակումբին, որ ցանկանում է մնալ Հռոմում:

Ֆոնսեկայի համար Մխիթարյանը կարևոր ֆիգուր է համարվում, այդ պատճառով մարզիչն ամեն ինչ անում է հայ կիսպաշտպանին պահելու համար: Ֆոնսեկան ասել, որ Մխիթարյանը կարևոր խաղացող է խաղադաշտում և հանդերձարանում. «Նա մեծագույն մարդ է, նա աներևակայելի է»: Ցանկանում եմ, որ նա մնա մեզ հետ:

Հենց այս խոսքերն են Մխիթարյանին մոտիվացրել ու ազդեցություն ունեցել նրա վերջնական որոշման վրա.

«Իմ ժամանակը Լոնդոնում ավարտվել է: Կարծում եմ՝ կկարողանաք պայմանավորվել «Ռոմայի» հետ իմ տրանսֆերի շուրջ, քանի որ ես ցանկանում եմ մնալ»,-դիմել է Մխիթարյանն «Արսենալին»։

Հաղորդվում է, որ «Արսենալն» այս ֆինանսական ճգնաժամի պարագայում նախընտրում է վաճառել Մխիթարյանին հասանելի արժեքով, այլ ոչ թե նստեցնել պահեստայինների նստարանին ու բարձր աշխատավարձ վճարել: Այս պատճառով լոնդոնյան ակումբը տրանսֆերի դիմաց պահանջում է 10 մլն ֆունտ:

Քանի որ Մխիթարյանի ապագան դեռ անորոշ է, ռուսական «Սոչին» նույնպես հարցում է ուղարկել, սակայն Մխիթարյանն արդեն շնորհակալություն է հայտնել առաջարկի համար և մերժել է այն:

«Նրա ապագան, բացառությամբ հնարավոր աղմկոտ շրջադարձերի, հենց ներկան է՝ Հռոմը»,-գրում է Corriere dello sport-ը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում