Լանզարոտի կոնվենցիան ու տրակտորը ձորից հանելու ժամանակը

Լանզարոտի կոնվենցիան ու տրակտորը ձորից հանելու ժամանակը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Times.amԵկեք խոստովանենք՝ մեզ խաբել են։ Մինչ բոլորս ուշադիր հետևում էինք Ազգային ժողովի կռիվներին, տեսանյութերի օգնությամբ փորձում պարզել, թե ով էր մեջքից հարվածում Էդմոն Մարուքյանին, իսկ ով՝ կողքից, Հայաստանում սորոսական շահեր պաշտպանող պատգամավորները թաքուն իրենց սև գործն էին անում՝ քննարկում այսպես կոչված Լանզարոտի կոնվենցիան, որն այսօր 79 կողմ, 12 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացվեց Խորհրդարանի կողմից։ Հիմա արդեն այնպիսի հասկացություններ, ինչպիսին է օրինակ «սեռական կողմնորոշումը», տեղ են գտել Հայաստանի նորմատիվ իրավական ակտերի համակարգ, իսկ կասկածելի նպատակներ հետապնդող հասարակական կազմակերպություններ, ըստ այդ կոնվենցիայի, կարող են մտնել դպրոց և զբաղվել մեր երեխաների «սեռական դաստիարակության» հարցերով։

Այս պայքարում էլ մենք պարտվեցինք։ Անկեղծ ասած՝ նորմալ չպայքարեցինք էլ։ Եվ սա հենց մեր բացթողումն է։ Մենք գիտեինք, թե ովքեր են նման կոնվենցիաների ու օրենքների ջատագովները մեր երկրում, մենք գիտեինք, թե ինչու են այդ մարդիկ հեղաշրջում իրականացնում Հայաստանում և մենք գիտենք, թե էլ ինչի են ընդունակ ժողովրդի անունից այս խորհրդարանում ելույթ ունեցող պատգամավորները։ Նրանք արել են այն, ինչը պետք է անեին։ Եվ շարունակելու են Հայաստան ներմուծել իրենց դավանած այլասերվածությունը։ Իսկ ահա մենք թերացանք։ Սա ուզում եմ փաստել։

Ինչու՞ այդպես եղավ։ Պատճառները թերևս շատ են։ Դրանցից յուրաքանչյուրին առանձին անդրադառնալու անհրաժեշտություն հիմա չեմ տեսնում։ Կնշեմ միայն ամենակարևորը՝ անհետևողականությունը։ Եվս մեկ պատճառ, որ ուզում եմ անպայման նշել, շատ շատերիս այն համոզմունքն է, թե փոքր սխալները հետագայում կարելի կլինի ուղղել։ Մենք չնկատեցինք, որ ժամանակի ընթացքում այդ փոքր սխալներն այնքան շատացան, որ այսօր հասանք այս իրավիճակին։ Բայց, ինչպես ասում են, եղածն արդեն եղած է։ Մենք չենք կարող անընդհատ խոսել նույն բաների մասին և փոխարենը չառաջարկել կամ չմշակել ապագայի օրակարգը։

Վերջին օրերին ընկերներիս հետ շատ եմ քննարկել Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Եթե անկեղծ, ապա կարծում եմ, որ մեր քաղաքական զարգացումների հետ կապված բոլոր հարցերն արդեն տրված են, պատասխանները՝ ստացված։ Գոնե թե ես լրացուցիչ ոչ մի բացատրության, վերլուծության և պատճառահետևանքային կապերի բացահայտման ոչ մի կարիք չունեմ։ Դրա մասին նախկինում էլ եմ խոսել՝ Հայաստանում տեղի է ունեցել ագրեսիվ և ապազգային փոքրամասնության ապստամբություն, որին հետևել է պետական հեղաշրջում։ Սա տեսակի և արժեքների պայքար է, որում մեր ընդդիմախոսները դեռևս հաղթում են։ Դա իհարկե ժամանակավոր հաջողություն է, բայց մի բան ինձ համար արդեն պարզ է՝ այս ընթացքում այնքան արժեքներ են ոտնահարվել, այնքան գաղափարներ փչացվել և այնքան աղբ կուտակվել երկրում, որ այլևս հնարավոր չի լինի իրավիճակը շտկել։ Մեզ միանգամայն այլ արժեքներ և նպատակներ հետապնդող պետություն է պետք։ Սա արդեն հստակ է։

Ընկերներիս հետ վերոնշյալ քննարկումներում շատերն են խոսում այն մասին, որ 2018թ. հեղաշրջումը շատ իմաստներով անհրաժեշտություն էր։ Ասում են՝ կեղտը ելավ ջրի երես, հիմա արդեն հեշտ կլինի մաքրել այն։ Ոմանք էլ խոսում են պետական համակարգի ռեստարտի մասին՝ վստահ լինելով, որ քայլածների այս իշխանությունից հետո շատ բան նորովի է պետք լինելու կառուցել։ Սկզբում այդ միտքն ինձ պարզապես դուր էր գալիս, իսկ հիմա արդեն անհրաժեշտություն եմ համարում։ Բայց ոչ թե շատ բան է պետք նորովի կառուցել, այլ՝ գրեթե ամեն ինչ՝ սկսած կրթական համակարգից և ավարտելով միջազգային պայմանագրերով ու արտաքին քաղաքականությամբ։ Սա պետք է դառնա մեր նոր օրակարգը։

Երկու տարի առաջ սկսված պրոցեսը՝ երկրում տեղի ունեցող ավերածությունները մի առիթով համեմատել էի ձորն ընկնող տրակտորի հետ։ Գրել էի, որ այդ տրակտորի դեմն առնել այլևս հնարավոր չէ։ Պետք է սպասենք տեղ հասնի, հետո սկսենք մտածել, թե ոնց ենք այնտեղից հանելու։ Հիմա արդեն մտածելու ժամանակն է։ Ավելի ճիշտ՝ այդ ժամանակն էլ է ավարտվում։ Գործի անցնելու ժամն է մոտենում։ Բան չմնաց։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

P.S. Սասուն Միքայելյանն Ազգային Ժողովում այսօր խոսում էր մեր արժեքների՝ ծնողների և երեխաների մասին։ Հետաքրքիր է, այդ նույն արժեքների կոնտեքստում պարոն Միքայելյանն իր կուսակից ընկերներին Լանզարոտի կոնվենցիայի հետ կապված ասելու ոչինչ չունե՞ր։ Ինչու՞ լռեց։ Չէ՞ որ հասկանում է այդ կոնվենցիայի հետևանքներն ինչպիսին կլինեն։ Վստահաբար հասկանում է, հակառակ պարագայում ինքն էլ կողմ կքվեարկեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում