Առողջապահության նախարարությունը դարձրել են մեկ թայֆի ախորժակները սպասարկող բոստան. Կարեն Վրթանեսյան

Առողջապահության նախարարությունը դարձրել են մեկ թայֆի ախորժակները սպասարկող բոստան. Կարեն Վրթանեսյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, FacebookՎարակի տարածման արագացման ֆոնին թվում էր, թե կառավարությունը պիտի ամեն ինչ աներ, որ կորոնավիրուսի թեստավորման շրջանակը արագորեն ընդլայնվեր։

Ըստ էության լայնածավալ թեստավորումը միակ մնացած գործիքն էր, որ այս ամեն ինչից առանց աղետալի կորուստների դուրս գալու ինչ-որ շանսեր կարող էր տալ Հայաստանին։

Ի՞նչ է անում առողջապահության նախարարն այս իրավիճակում։ Կտրուկ ավելացնում է թեստավորման ծավալները՞։ Նոր լաբորատորիանե՞ր է պատրաստում։

Ո՛չ։ Նա արգելում է մասնավոր լաբորատորիաներին կորոնավիրուսի թեստավորում անցկացնել։

ԱՄՆ-ում այս սխալն արել էին դեռ հունվար-փետրվարին, մինչև հիմա հետևանքների տակից չեն կարողանում դուրս գալ, ռուսները՝ մոտավորապես ապրիլի սկզբներից հասկացան, որ «միայն պետությունը կարող է թեստեր անել» մոտեցումը սխալ է։

Ամիսներ անց նույն հանրահայտ էշությունը եթե կրկնվում է Հայաստանում, հարց է առաջանում, իսկ գուցե հատո՞ւկ են անում։ Գուցե ինչ-որ ֆինանսակա՞ն շահեր կան։

Մանավանդ, որ նախարարության հաղորդագրությունում շեշտը դրված է այսպես. «թեստերը պիտի լինեն անվճար, իսկ վճարովիներն անորակ են»։

Էժան մանիպուլյացիա է սա, նախ՝ քանի որ ոչ մի թեստ՝ այդ թվում և պետական թեստերը, անվճար չեն։ Դրանց համար պետբյուջեից է վճարվում։ Եւ կարծես թե ժամանակն է արդեն, որ մամուլը սկսի հետաքրքրվել այդ «անվճար թեստավորման» գներով ու ծավալներով։

Երկրորդը՝ եթե ինչ-որ լաբեր անորակ թեստեր են օգտագործում կամ պատշաճ ձևով չեն աշխատում, պահանջների ցանկ ներկայացրեք, սերտիֆիկացրեք և այլն։ Ոչ թե բոլորին արգելեք։

Առողջապահության նախարարությունը դարձրել են մեկ թայֆի ախորժակները սպասարկող բոստան։

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում