Իրանցիները նորընտիր նախագահից տնտեսական խնդիրների լուծում են ակնկալում. ԻԻՀ խորհրդարանի պատգամավոր

Հանրապետության ժողովուրդը երկրի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիից առաջնահերթորեն ակնկալում է սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում: Այդ մասին հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանը: «Իրանում ժողովուրդը փորձում է իր տնտեսական հարցերի լուծումը կապել նախագահի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Խանլարյանը: Ն ա խոսեց միջազգային պատժամիջոցների հասցրած վնասների մասին’ նշելով, որ դրանք Իրանում առաջացած տնտեսական խնդիրների 70 տոկոսի պատճառն են:

Խանլարյանը խոսեց Իրանի միջուկային ծրագրի շարունակականության մասին: Նա Իրանի արտաքին քաղաքականության մեջ սուր եւ անկյունադարձային փոփոխություններ չի ակնկալում: «Փոփոխություններ կլինեն մարտավարական իմաստով: Որոշ քայլեր, որոշ մեղմացումներ ու դիվանագիտական հնարքներ իհարկե ի հայտ կգան»,- ասաց Խանլարյանը՝ հավելելով, որ Իրանի դիվանագիտական կորպուսի նորացման ուղղությամբ քայլ են կատարվում: Խանլարյանն ասաց, որ Իրանի ազգային շահերը շարունակում են անփոփոխ մնալ:

Իրանում հունիսի 14-ին անցկացված 12-րդ նախագահական ընտրություներում հաղթել է Հասան Ռոհանին՝ ստանալով ընտրողների քվեների 50 տոկոսից ավելին: Ռոհանին առաջադրված միակ թեկնածուն էր, ով խոսում էր Արեւմուտքի հետ հարաբերությունների բարելավման անհրաժեշտության մասին: Հասան Ռոհանին օգոստոսի 3-ին պաշտոնապես կստանձնի Իրանի նախագահի պաշտոնը: Նա իր երկրի քաղաքականության կարեւոր սկզբունքն է համարում զսպվածությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում