Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահին
Նմանատիպ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 29-ին ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանին և գործադիր մարմնի քարտուղար Արա Գասպարյանին: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:
Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը նշել է, որ անկախ քաղաքական հայացքներից, համազգային օրակարգում ընդգրկված հիմնախնդիրներից՝ Հայ Դատի, Արցախյան հիմնախնդրի և առաջնագծի անվտանգության հարցերի շուրջ միասնական է համայն հայությունը:
Արա Հակոբյանը, շնորհավորելով Արթուր Թովմասյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ, իր խոսքում համոզմունք է հայտնել, որ Հայկական երկրորդ հանրապետության օրենսդիր մարմնի հետ սերտ համագործակցություն կընթանա՝ նշելով, որ իրենց ծրագրերում Արցախին վերաբերող հարցերն առանցքային և գերակա նշանակության են:
Կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել առաջնահերթ խնդիրների վերաբերյալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում