50 նամակ, 50 ժպիտ. Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաները պլանշետներ կստանան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության, հատկապես համաշխարհային պանդեմիայի այս դժվար ժամանակներում։ «Գալաքսի» ընկերությունների խումբը՝ համագործակցելով «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի հետ, այս տարվա հունիսմեկյան իր հոգատարության նախագիծն ուղել է Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաներին։ Նախագծի շրջանում «ՍՕՍ»-ի 50 շահառու երեխաներ, ի հավելումն նվերների ու անակնկալների, ապահովվել են պլանշետներով և մշտական Ucom կապով, որպեսզի կարողանան հեռավար դասավանդման դպրոցական ծրագրից հետ չմնալ։
«Այսօր լուսավոր ու տաղանդավոր երեխաների սերունդ է մեծանում մեր երկրում, և մեր պարտքն է ապահովել ու երաշխավորել նրանց կրթության իրավունքը, հավասար հնարավորություններ ստեղծել, հատկապես, խոցելի խմբերում հայտնված երեխաների համար։ Մեր սոցիալական պատասխանատվության ծրագրերը, նախ և առաջ, զարգացման նախագծեր են։ Մենք հավատում ենք երեխաների ներուժին, ու հուսով ենք փոքր քայլերով, մեր մոտեցմամբ ու հոգատարությամբ դրական փոփոխություն բերել», – ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։
«Գալաքսի» ընկերությունների խմբի և «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի համատեղ նախագիծը սոցիալական աջակցությունից զատ կրթական ու մոտիվացիոն կարևոր կոմպոնենտ ունի։ Նախագծի շրջանակում ընկերությունների խմբի հաջողած ղեկավարներ ու աշխատակիցներ ձեռագիր նամակներով իրենց պատմություններով են կիսվել երեխաների հետ՝ հավատացվելու, որ կրթությամբ ու աշխատասիրությամբ ամեն ինչ հնարավոր է։
«Մեր մանկական գյուղերի երեխաների համար շատ կարևոր է շարունակել կրթվել հեռավար ձևաչափով, չէ որ երեխաների մեծամասնությունը դպրոցահասակ է։ Շատ ուրախ ենք, որ այսօրվա դժվարին իրավիճակում, երբ կրթությունն իրականացվում է հեռավար ձևաչափով, «Գալաքսի» ընկերությոնների խումբն իր աջակցությամբ հոգում է երեխաների կարիքները՝ կապված կրթության հետ։ Շատ կարևոր է, որ մեր երկրում գործող կազմակերպությունները համագործակցում են մեզ հետ և փորձում են բարեգործությամբ թեթևացնել և մեր բեռը, և հեռավար ձևով իրացնել երեխաների իրավունքը, այն է՝ ստանալ կրթություն», – ասել է «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սպարտակ Սարգսյանը։
Բնականաբար, հունիսի 1-ը երեխաները որպես տոն են ընկալում, ուրեմն տոնի համար գրքեր, քաղցրավենիքներ ու ժպիտներ ևս առաքվել են երեխաներին։ Բնականաբար, խոցելի խմբերում գտնվող երեխաների ինքնությունները չբացահայտելու համար արշավի մասին որևէ կադրում նրանք չեն երևա։
«Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1999թ.-ին՝ Արամ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների կողմից։ 20 տարվա գործունեության արդյունքում «Գալաքսին» 30 հոգանոց թիմից կարողացել է դառնալ Հայաստանի թիվ մեկ գործատուն` ավելի քան 3000 աշխատակիցներով և ավելի քան մեկ միլիոնի հասնող բաժանորդների թվով։ Վերջին հրապարակված տվյալներով, ընկերությունների խմբի տարեկան հարկային պորտֆելը կազմում է 13 մլդ դրամ, իսկ ընկերությունների խմբի շրջանառության զգալի տոկոսն ուղղվում է սոցիալական պատասխանատվության ծրագրերին՝ կրթության, սոցիալական զարգացման, նորարարության և մտավոր կապիտալի ստեղծման ոլորտում՝ մարդկանց կյանքի որակը բարելավելու նպատակով։
Հայաստանի Հանրապետությունում «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամն իր գործունեությունն սկսել է 1988 թվականի Սպիտակի կործանարար երկրաշարժից անմիջապես հետո։ Հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որի առաքելությունն է ապահովել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների խնամքը՝ ընտանիքին մոտ պայմաններում: Այսօր, ՍՕՍ Մանկական Գյուղեր գործում են աշխարհի 136 երկրներում եւ տարածքներում՝ յուրաքանչյուր տարի աջակցելով հարյուր հազարավոր երեխաների այլընտրանքային խնամքի, ընտանիքների ամրապնդման, դպրոցների, առողջապահական կենտրոնների եւ այլ համայնքահեն աշխատանքի միջոցով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում