Եթե թեստավորվեին բոլոր ասիմպտոմ հիվանդները, մահացության տոկոսն ավելի ցածր կլիներ. Արմեն Մուրադյան (տեսանյութ)

Եթե թեստավորվեին բոլոր ասիմպտոմ հիվանդները, մահացության տոկոսն ավելի ցածր կլիներ. Արմեն Մուրադյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amԿոռեկտ չէ այս տարվա մահերը համեմատել անցյալ տարվա մահերի հետ՝ նշելով, թե նախորդ տարի ավելի բացասական պատկեր է եղել: Չէ՞ որ մենք համեմատում ենք կարանտինի պայմաններում եղած մահերի թիվը: Մենք բարձր գին ենք վճարել այս տարի նրա համար, որ նվազ լինի այդ թիվը, չի կարելի համեմատել անհամեմատելի մեծությունները: Այս մասին ԵՊԲՀ դասախոսների՝ կորոնավիրուսի մասին մասնագիտական քննարկման ժամանակ հայտարարեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ նշելով, թե այդ համեմատությունը մարդկանց շփոթության մեջ է գցում:

Անդրադառնալով դիտարկումներին, թե որոշ մասնագետներ պնդում են՝ համավարակ չկա, վիճակը ծանր չէ և հարցին՝ ի վերջո, այդ մարդիկ ստո՞ւմ են, Մուրադյանն արձագանքեց, որ առողջապահության, մասնավորապես, բժշկության մեջ պետք է շատ զգույշ լինել՝ ծայրահեղ կարծիքներ արտահայտելիս:

«Բժշկությունը, առարկայական քննարկումներից չպետք է վերածվեն ցինիզմի: Ռեանիմացիաները լեփ-լեցուն են, և մեր բուժաշխատողները երկու ամիս տառապանքով, քրտինքով կարողանում են առողջություն վերադարձնել, իսկ այն պահերին, երբ չեն կարողանում, այդ քրտինքը նաև արցունք է ձևավորում, չեմ կարծում, որ առհասարակ կարելի է սա քննարկման առարկա սարքել և ասել՝ սա թատրոն է, և ռեանիմացիաներում, հիվանդանոցներում գերծանրաբեռնված չեն աշխատում: Այո, խնդիր կա, և պետք է դադարեցնել այդ քննարկումների դաշտը, որ մենք կարծես բնականոն կյանքով ապրում ենք, և մեզ փորձում են հասցնել կեղծ ինֆորմացիոն դաշտ»,-ասաց Մուրադյանը:

Նրա խոսքով՝այդ խնդիրը պահանջում է աչալուրջ լինել, լինել ծայրահեղ պրոֆեսիոնալ և խուսափել ծայրահեղություններից: «Երկու ծայրահեղություններն էլ վտանգավոր են՝ և՛ պանդեմիկ ինֆորմացիոն դաշտը, որը ձևավորվել է, և՛ հակառակ դաշտը, որը ժխտողականություն և ցինիզմ է տարածում»,-նշեց ԵՊԲՀ ռեկտորը:

Նրա խոսքով՝ թեև այս պահի տվյալներով ՀՀ-ում կորոնավիրուսից մահացությունը 6 տոկոս է կազմում, սակայն խնդիր կա այն առումով, որ մի մասի մոտ վարակն անցնում է ասիմպտոմ, նրանք ուղղակի չեն գրանցվում, չեն դիմում, երկրում կա դիմելիության, թեստավորման խնդիր: Եվ, ըստ Մուրադյանի, եթե թեստավորվեին բոլոր ասիմպտոմ հիվանդները, մահացության տոկոսը ավելի ցածր կլիներ:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի՝ H1N1-ի հետ համեմատություններին, Մուրադյանը նշեց, թե այդ վիրուսը տարբերվում է սեզոնային գրիպից, դրա կլինիկական ընթացքը շատ ավելի ծանր է, վարակվածության աստիճանը շատ ավելի բարձր է և շատ ավելի արագ է տարածվում: «Ինչ վերաբերում է թիրախային խմբերին, H1N1-ը շատ ավելի երիտասարդ խմբին է ախտահարում, հետևաբար համեմատությունը կոռեկտ չէ»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում