AM | RU
USD
EUR
RUB

Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը

 

Տևական ժամանակ է մի հարցի շուրջ ցանկանում էի զրուցել, բայց անընդհատ հետաձգում էի։ Էսօր որոշեցի գրել։ Հնարավոր է մի փոքր երկար ստացվի նյութը, բայց ըստ իս՝ կարևոր թեմա եմ շոշափելու։ Ընդհանրապես, ես չեմ գրում զանգվածների համար, այլ գերազանցապես՝ մտածող մարդկանց համար, որոնք գիտեն, որ հերթական ստատուսը չեն կարդալու, այլ կոնկրետ թեմայի շուրջ պատրաստ են հիմնավոր և լուրջ զրույցի։

Եւ այսպես, սրանից մոտ մեկ, թե երկու տարի առաջ՝ «հեղափոխությունից» հետո, բոլորդ հիշում եք, ըստ էության, փակվեցին մի շարք նախարարություններ՝ կցվելով այլ կառույցների։ Դրանց թվում էր նաև ստրատեգիական նշանակություն ունեցող Մշակույթի նախարարությունը։

«Նոր Հայաստանի» «նոր ղեկավարությունը» ի դեմս մի շարք դեմքերի, որոնք տարիներ շարունակ սնվում էին օտար գրանտներով, հայտարարեցին, թե Հայաստանում պետք չէ հայրենասեր դաստիարակել, այլ՝ քաղաքացի։ Ժամանակին անդրադարձել էի այս հարցին, ընդգծելով, որ դա մոտավորապես նույնն է, ինչ հայտարարես, թե այգում պետք չեն տարատեսակ մրգեր, այլ պետք են բույսեր։ Առաջ քաշվեց մի թեզ, թե իբր Հայաստանը կարիք չունի Հայ կրթելու, քանի որ Հայաստանում առկա չէ ուծացման խնդիրը։ Ընդգծվում էր, թե իբր գրեթե մոնոէթնիկ երկրում առկա չէ ձուլման վտանգը։

Այս թեզն իրականում քննադատության չի դիմանում։

Տարբեր առիթներով այս թեմային անդրադարձել էի, բայց մի քանի բառով քննարկենք՝ արդյո՞ք դա այդպես է։
Ուրեմն, նախ մոնոէթնիկության թեման․ շատերը տեսնում են, թե ինչպես են հետևողական աշխատանքներ տարվում Հայաստանի էթնիկ պատկերի փոփոխության ուղղությամբ (տարատեսակ ազգերից՝ կարգավորված և չկարգավորված ներհոսք)։ Սա հատկապես սրվեց, երբ երկիրը միացավ Մարակեշի պակտին։ Թեման առավել մեծ արձագանք գտավ՝ վերջին տարիներին հնդիկների չկարգավորվող ներհոսքի շրջանակներում։ Բայց առավել ուշադիրները նկատած կլինեն, որ պրոցեսը նոր չէ, և հետևողական աշխատանք է տարվում այս ուղղությամբ։

Ավելի վաղ՝ այս նույն թեմայի շրջանակներում, ևս մեծ աղմուկ էր բարձրացել՝ պայմանավորված հայտնի լուսանկարով, որի մասին ինքս էլ ստիպված էի մոտ 25 էջանոց մի նյութ հրապարակել։ Հետաքրքրվողները կարող են ծանոթանալ այս հղումով։

https://times.am/?p=196841&l=am 

Ինչպես սովորաբար լինում է, այս թեման ակտիվ պաշտպանում և շահարկում էին գերազանցապես սորոսական լրատվականները և հարակից շրջանակները՝ փորձելով հայերին կպցնել անհանդուրժողականության պիտակ։

Վերջին շրջանում առանձին ակցիաներ են կազմակերպվում հատկապես հնդիկների վերաբերյալ, որոնցից մեկն էլ Գանդիի արձանի շուրջ զարգացումներն են։ Թեմային ծանոթները արդեն լավ գիտեն, որ սրա հետևում էլ հայտնի սորոսական շրջանակներն են (մասնավորապես՝ Խառատյանների հայտնի ընտանիքը՝ ի դեմս Արսենի)։

Նյութիս հիմնական թեման սա չէ, պարզապես այս մեկնաբանությամբ փորձեցի ցույց տալ, որ Հայկական մոնոէթնիկ դրությունը շատ կարճ ժամանակ անց կարող է զգալի փոխվել, և այդ պրոցեսը խիստ կազմակերպված է և ուղղորդվում է կոնկրետ շրջանակների կողմից։

Հաջորդ հարցը՝ երկրում ուծացման հարցը։

Սովորաբար խոսվում է, թե ձուլումն առավել ընդգծված է սփյուռքում։ Այդ խնդիրն իսկապես առկա է, քանի որ օտար երկրում ապրող հայերը իրենց կենսագործունեությունն ապահովելու համար ստիպված են այս կամ այն չափով ինտեգրվել տվյալ հասարակությանը, ինչն անխուսափելիորեն նպաստում է ուծացմանը։ Բայց մյուս կողմից՝ հենց սփյուռքում առավել ընդգծված է նաև հայապահպանության խնդիրը, որն հիմնականում արտահայտվում է տվյալ միջավայրի և հայկական մշակութային զգալի տարբերություններ ունեցող երկրներում՝ պայմանավորված նաև կրոնով և այլն։ Այս հարցին ևս առանձին հոդվածով անդրադարձել էի ժամանակին։ Հետաքրքրվողները կարող են ծանոթանալ այս հղումով։

https://times.am/?p=219433&l=am 

Իրականում, Հայկական պետության մեջ ո՛չ պակաս տեմպերով է ընթանում ձուլումը։ Որքան էլ պարադոքսալ թվա, բայց Հայկական պետականությունը զբաղված է ամեն ինչով, բացի Հայության պահպանությամբ։ Խոսքը ոչ թե զուտ ֆիզիկական, այլ առավելապես տեսակային լինելիության ապահովմանն է վերաբերում։ Թերևս ստիպված ենք խոստովանել, որ Հայապահպանության տեսանկյունից թշնամու առկայությունն ու պատերազմական վիճակն ավելի մեծ դեր ունեն, քան «անկախ Հայկական պետությունը»։ Բավական է հետհայացք նետել սովետական Հայաստանի մշակույթին և համեմատել այն հետանկախական շրջանի մշակույթի հետ և կոնտրաստը զգալի է։ Սովետական Հայաստանում ավելի շատ Հայկական ֆիլմեր, երգեր և մշակույթ է գեներացվել, քան «անկախ» Հայաստանի պատմության 30 տարում։ Դա ևս ունի իր պատճառները, և դրանցից մեկը դարձյալ օտար պետության մեջ տեսակային լինելիությունը պահպանելու սրված գիտակցումն էր։

Անկախությունից հետո՝ պետականաքանդության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք հիմք դրվեց ոչ միայն գործարանների, այլ նաև հայկական ուղեղային և մշակութային կենտրոնների ոչնչացմանը։ Մեկը մյուսի հետևից գրավվեցին կինոն, մշակույթը, գիտությունների ակադեմիան, գրողների միությունը և այլն․․․

Շուկայական մտածելակերպը ներթափանցեց նաև մշակույթի ոլորտ, որի շրջանակներում հիմք դրվեց մերօրյա շոուբիզնեսի արտադրությանը։ Շատերը կհիշեն տարատեսակ ստուդիա-գործարաններ, որոնք պարզապես զբաղված էին «աստղերի» և «էժան մշակույթի» արտադրությամբ։ Չեմ ցանկանում անուններ ընդգծել, պարզապես հիշեք, թե ովքեր էին հետանկախական շրջանի «աստղերը», և որն էր նրանց ստեղած «արվեստը»։ Փոփ (պոպուլյար) «արվեստը» սկսեց խժռել ազգային մշակույթը, որն առավել սրվեց մի կողմից ազգայինի անուղղակի արգելմամբ (շատերը կփաստեն, որ ազգային երգի և պարի խմբերի համար հետևողականորեն փակվում էին եթերները և ոչ միայն), մյուս կողմից՝ ֆինանսավորման բացակայությամբ։

Բազմիցս խոսվել է, որ Հայաստանը պետք է զբաղվեր Հայկական մշակույթի՝ ոչ միայն պահպանմամբ, այլ նաև՝ էքսպանսիայով՝ արտահանմամբ։ Մինչդեռ արվեց ճիշտ հակառակը։

Շատերն են տեղյակ, որ վերջին մի քանի (մոտ 10) տարում ուսումնասիրում էի սորոսի և տարատեսակ օտար ֆոնդերի կողմից բուծվող գործակալական ցանցը։ Ցավոք, սա ազգային անվտանգության չեղած ծառայության անելիքն էր, բայց այդ կառույցը զբաղված էր ինչով ասես՝ բացի ազգային անվտանգության ապահովումից (այդ հիմա է, որ որոշ նախկին պաշտոնյաներ «քնից զարթնել են» և հիշել, որ իրենք, ըստ էության, կոչված էին ազգի անվտագությունը ապահովելուն, բայց մինչև իրենց ոտքը չտրորեցին, չէին մտածում այդ ուղղությամբ)։ Արդյունքում ունենք Հայաստան, որտեղ վխտում են տարատեսակ կազմակերպություններ, գործակալական ցանցեր, որոնց գերազանց մեծամասնությունը ֆինանսավորվում է դրսից՝ ապահովելով հենց դրսի օրակարգը։

Այդ պրոցեսը ոչ միայն չնվազեց, այլ առավել մեծ թափ ստացավ «հեղափոխությունից» հետո, երբ այդ կառույցների աճեցրած կադրերը լայնամասշտաբ կերպով պաշտոններ զբաղեցրին տարբեր կառույցներում՝ կառավարություն, «ազգային» ժողով և այլն։

Վերջերս մարդիկ ականատես եղան, թե ինչպես մի խումբ, որը զբաղված էր ազգային երգերի տարածմամբ, սկսեց սպասարկել սորոսյան օրակարգը՝ ազգային երգերին կցելով սորոսի կողմից պարտադրվող լոզունգներ («բռնության մշակույթ, բռնության ավանդույթ և այլն»)։ Բազմաթիվ անդրադարձեր արդեն իսկ եղել են, որ բռնությունը ոչ մշակույթ է և ոչ էլ՝ ավանդույթ, իսկ այդ կեղծ լոզունգները հայի վզին փաթաթելը՝ լավ մտածված ազգակործան ծրագիր։ Իհարկե, կարելի է քննադատել և հանդիմանել սորոսի տակ պառկող դեմքերին (այդ թվում այդ խմբին), բայց եկեք փորձենք խնդիրն ընկալել խորքում։
Սրանից մոտ երկու տարի առաջ նշած խումբը զրկվեց պետական ֆինանսավորումից։ Նրանց մատուցած արվեստը ոչ ռաբիզ է և ոչ էլ՝ շոու-բիզնես, որի գովազդի վրա հսկայական միջոցներ են ծախսվել՝ դարձնելով պոպուլյար, և ցավոք, նրանք ի զորու չեն մեծ դահլիճներ լցնել՝ առանց պետական լուրջ աջակցության։ Մինչդեռ ինչպես բոլորը, նրանք ևս պետք է ապրեն, իսկ դրա համար վայրի կապիտալիզմի պայմաններում անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ։ Եւ այստեղ հայտնվում են այդ օտար ֆինանսավորմամբ կազմակերպությունները (տվյալ դեպքում՝ սորոսի հիմնադրամը) և առաջարկում իրենց ծառայությունները։ Եւ ցավոք, ոչ բոլորն են դիմանում գայթակղությանը։ Այդ խումբն էլ բացառություն չէր։ Բայց նրանք միակը չէին։ Ուշադրությամբ զննելով սորոսի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում գրանցման ժամանակաշրջանից՝ կնկատեք, որ սկզբնական շրջանում նրանց ֆինանսավորման հիմնական թիրախում էին հենց արվեստն ու մշայույթը։ Այո՛, ընկերներ, ի տարբերություն մեր պետությանը, օտար ուժերն ու թշնամիները շատ ավելի լավ գիտեն՝ որն է ստրատեգիական նշանակության ոլորտը, և որևէ երկիր գրավելու համար սկսում են հենց դրանից՝ կրթությունից և մշակույթից։

Գրեթե բոլոր թատրոնները, կինոստուդիաները և մշակութային այլ կառույցներ սկսեցին օգտվել այդ ֆոնդի գումարներից՝ իրենց ռեպերտուարներում ներառելով նրանց պարտադրած թեմաները, որոնք գերազանցապես սեքսուալ բնույթի էին։ Արդյունքում ստացանք մշակույթի սեքսուալիզացիա։ Թատրոնների, երգերի, լուսանկարչության, գեղանկարչության, կինոյի և այլ ոլորտները Հայկական մշակույթի զարգացման փոխարեն սկսեցին արտադրել իրենց վճարողների առաջարկած թեմաները և զբաղվել օտար բարքերի ու շահերի քարոզչությամբ։

Արդյունքում ունեցանք մի սերունդ, որը մեծացել է մշակութային այս աղբի պայմաններում և որևէ աղերս չունի Ազգային ու Հայկական արժեհամակարգի հետ։ Դրան զուգահեռ՝ տարատեսակ ծրագրերով նրանց ուղեղները լցվել էին օտար «արժեքներով»։ Պատկերն առավել ցայտուն էր երիտասարդության «եվրոպեիզացման» շրջանակներում (բոլոնյան գործընթաց, եվրոինտեգրացիա և այլն)։

2000-ականների «պռադվինուտիները», որոնց համար զարգացման ցուցանիշ էր ռուսերենով հաղորդակցվելը, աստիճանաբար անցան անգլերենի։ Ամեն Հայկական ներկայացվում էր որպես հետամնացություն, իսկ Հայկականի ծաղրը՝ զարգացվածության չափանիշ։ Սա ակնհայտ էր ողջ երկրի մասշտաբով, և պետք էր կույր լինել սա չտեսնելու համար։ Բայց այստեղ էլ չաշխատեցին հատուկ ծառայությունները, քանի որ ո՛չ կադրային առումով, և ոչ էլ՝ ռազմավարական տեսանկյունից, նրանց մեծամասնությունը չէր գիտակցում և հիմա՛ էլ չի գիտակցում այս ամենի աղետալի հետևանքները։

Այո՛, որքան էլ նորություն կլինի ոմանց համար, բայց լեզուն և՛ս զենք է։ Քչերն են իրապես գիտակցում Սևակի հայտնի խոսքերը․ «Մենք պետք է հաղթենք շախմատային այն պարտիան, որը սկսել է Մեսրոպ Մաշտոցը»։ Տարբեր երկրներ հսկայական միջոցներ են ծախսում իրենց լեզվի էքսպանսիայի և տարածման համար։ Համաշխարհային միջոցառումներ են կազմակերպվում՝ Ֆրանկոֆոնիա և այլն։ Բիզնեսի, գիտության, տեխնիկայի բնագավառում վաղուց արդեն անգլերենը գրավել է աշխարհը։ Մինչդեռ «նորանկախ» Հայաստանի լեզուն բռնաբարվում էր հենց եթերից՝ «պետական» բարձր հովանու ներքո՝ «կարգին» հաղորդումներով, շոուբիզնեսով, կրիմինալ, ժարգոնային բառապաշարով, սերիալներով և այլն։

Այս ամենին մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք․ 2012 թվականին նույնիսկ կազմակերպեցինք «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» հասարակական նախաձեռնությունը, որի դեմ, ինչպես և սպասելի էր, դուրս եկավ հենց նույն սորոսական գործակալական ցանցը։

«Հետհեղափոխական» Հայաստանը և՛ս զերծ չմնաց այս արատավոր պրակտիկայից․ և՛ Հայոց Լեզվի, և՛ Հայկական Մշակույթի ամրապնդման փոխարեն հերթական հարվածն հասցվեց Հայոց լեզվին և Հայկական մշակույթին՝ ԲՈՒՀ-ական ծրագրերում Հայոց լեզուն դարձնելով ոչ պարտադիր (այնինչ Հայաստանը պետք է զբաղվեր աշխաչհում Հայերենի տարածմամբ), իսկ դրա փոխարեն՝ «Մել», «Հուզանք ու զանգ» կամ նմանատիպ այլ արտադրանքները ֆինանսավորելով։ Այս ամենը միգուցե այդքան զզվելի և վտանգավոր չթվար, եթե զուգահեռ պատերազմ չտարվեր Ազգային Մշակույթի դեմ։

Իրականում, Հայկական պետությունը աշխարհի վրա միակ կազմակերպված միավորն է, որը պե՛տք է զբաղվեր Հայի պաշտպանությամբ, պահպանությամբ և զարգացմամբ։ Հայոց պետությունը՝ հարկատուների տված հարկերով պարտավո՛ր է ապահովել բացառապես Հայկական Ազգային Մշակույթի զարգացումը՝ ֆինանսավորելով, աջակցելով, տարածելով։ Իսկ շոուբիզնեսը, որպես բիզնես, կարող է վաճառել իրեն․ չարգելելը լիուլի բավարար է նրա գոյության համար։

Այս պարզ ճշմարտությունը թվում է օրինաչափ, և տարօրինակ է՝ տարատեսակ չինովնիկների կողմից սա չհասկանալու համառությունը։ Սակայն հարցը խորքում զննելիս, կարելի է հասկանալ նաև սրա պատճառը։

Բանն այն է, որ Հայաստանն ի՛նքը մի մեծ հասարակական կազմակերպություն (ՀԿ) է, որը գոյատևում է գերազանցապես «գրանտների» հաշվին։

Փորձեմ հստակեցնել։

Ցանկացած պետության անկախության համար անհրաժեշտ նվազագույն պայմաններն են՝ էներգետիկ, ռազմական, պարենային և դեմոգրաֆիկ անվտանգությունը։

Էներգետիկ տեսանկյունից մենք ունենք ատոմակայանը և տարբեր հիդրոէլեկտրոկայաններ։

Ատոմակայանը իր հումքը ստանում է դրսից և կախված է օտար պետությունից։ Հիդրոէլեկտրոկայանները թվում էին այլընտրանք, մինչդեռ ապաշնորհ կառավարողները իրենց ագահությամբ այնպիսի վնաս էին հասցնում բնությանը, որ այսօր հարցականի տակ է դրված դրանց օգտակարության գործակիցը։ 1-ը 10-ին եկամուտի ակնկալիքով՝ ցամաքեցվում էին գետերը և ոչնչացվում բնությունը՝ կասկածի տակ դնելով ստացվող օգուտը՝ հասցված վնասի համեմատությամբ։ Առկա օբյեկտիվ խնդիրները է՛լ ավելի էին սրվում՝ դարձյալ դրսից ֆինանսավորում ունեցող տարատեսակ շարժումների կողմից, որոնց մի մասը պատճառաբանելով իրենց գործունեությունը բացառապես բնապահպանական տեսանկյունից, զուգահեռաբար, գիտակցելով կամ առանց գիտակցելու, սպասարկում էին նաև դրսի շահերը՝ թույլ չտալով Հայաստանին ունենալ էներգետիկ անկախություն։ Սա երկար թեմա է, և կարիք ունի առանձին քննարկման։

Մյուսը՝ ռազմական արդյունաբերությունն է։

Դարձյալ ոչ բարով Տեր-Պետրոսյանի ջանքերով հողին հավասարեցվեցին և որպես մետաղի ջարդոն վաճառվեցին գրեթե բոլոր գործարանները և հաստոցները՝ Հայաստանին զրկելով արտադրական պոտենցիալից։ Սրա մեջ կարելի է տեղավորել նաև Նաիրիտը։

Միայն Գորիսում կարելի է թվել մի քանի հսկա գործարան, որոնք դեռ պատերազմի տարիներին զենք էին արտադրում կամ մշակումներ էին անում։ Այդպիսի գործարաններ ամբողջ Հայաստանում կային, եթե դրանց գումարենք Ֆիզիկայի ինստիտուտը և գիտության այլ ոլորտները, հավելենք, որ Սովետական միության ժամանակ աշխարհի մասշտաբով շատ քիչ երկրներից էր Հայաստանը, որ համակարգիչ ուներ և նշանակալի հաջողությունների էր հասել թվային տեխնոլոգիաների, բյուրեղների, լազերների և այլ ժամանակակից ոլորտներում, կարելի է պատկերացնել՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա թիմի կողմից Հայաստանին հասցված վնասի մասշտաբները, որը լավագույնս կարելի է բնութագրել որպես թշնամական դիվերսիա, և որի համար դեռևս որևէ պատիժ չեն կրել դրա կազմակերպիչները։ Հուրախություն և ի փառս Հայ Ազգի, և ի հեճուկս Լևոնի և նրա գաղափարակիցների, մեզ հաջողվեց հաղթել պատերազմում՝ պետության գլուխ ունենալով պարտվողականության պրոպագանդայի այդ կարկառուն ներկայացուցչին՝ իր ողջ խնամիական թաշախուստով։ Սա և՛ս քննարկման մեծ նյութ է, որին պետք է անդրադառնալ առանձին։

Վերջին տարիներին աշխուժացել են սեփական ռազմարդյունաբերություն ունենալու հրամայականի վերաբերյալ հանրային դիալոգները, ինչը պետք է միայն ողջունել։ Հանրային դիալոգները ծնում են գերակա միտք, գերակա միտքը վաղ թե ուշ դառնում է գերակա գործ՝ սպասելի արդյունքով։

Հաջորդը՝ պարենային անվտանգությունն է։

Իմ ունեցած տվյալներով՝ Արցախի և Հայաստանի այլ վայրերի դաշտերն ի զորու էին ոչ միայն ողջ ծավալով ապահովել Հայաստանը ցորենով, այլ նույնիսկ՝ արտահանել բավականին մեծ քանակներով։ Սա վերաբերում էր և՛ այլ մշակաբույսերին, և՛ էնդեմիկ մրգերին։ Կոլեկտիվ տնտեսություններն ապահովում էին կոնկրետ մշակաբույսերի քանակական և որակական որոշակի ստանդարտ, որն հնարավոր էր արտահանել ընդհանուր շուկայական ապրանքային տեսքով։ Ցավոք, բայց դարձյալ նույն Լևոնի ջանքերով և նրա կողմից վարչապետ նշանակված Բագրատյանի ձեռամբ՝ ողջ հողը սեփականաշնորհման անվան տակ մաս-մաս արվեց՝ ոչնչացնելով սիստեմավորումը։ Զուգահեռաբար հետևողական աշխատանք տարվեց «գյուղ» և «գյուղացի» կարևոր արժեքների վարկաբեկման և ոչնչացման ուղղությամբ։ Տարատեսակ խոսույթների, «հումորների», ձեռառնոցների, «թևավոր խոսքերի» միջոցով՝ «գյուղացի» եզրույթը վերածեցին մի ամոթալի հասկացության՝ ստիպելով գյուղի բնակչին կոմպլեքսավորվել, իսկ աշխատող գյուղացուց օգնությունների միջոցով ստացան աշխատել չցանկացող, չսիրող պորտաբույծ հաշմանդամ։ Քիչ գյուղացիներ էլ, որոնք կառչած մնացին իրենց հողից՝ չունենալով նշանակալի աջակցություն պետության կողմից և գիտական խորհրդատվություն, հիմնականում դրսից ներմուծված սերմացուների և տարատեսակ նյութերի միջոցով չկարողացան ապահովել բարձր ու որակյալ արտադրանք։ Արդյունքում՝ ոչ բավարար արդյունավետությամբ, մարդիկ մշակում էին լոլիկ, կարտոֆիլ և այլ մշակաբույսեր, որոնք ո՛չ արտադրական, ո՛չ շուկայական ստանդարտներով, և ոչ էլ՝ ծավալներով չէին բավարարում դրսի շուկաներում կայուն և տևական մատակարարումներ ունենալու և մշտական առևտրային հարաբերություններ կառուցելու պայմաններին։ Դրան գումարվեցին նաև անբարեխիղճ վերավաճառողները և արտահանման-ներմուծման ոչ մրցակցային պայմանները՝ դրանցից բխող բոլոր բացասական հետևանքներով։

Վերջին շրջանում, հուրախություն մեզ, որոշակի քայլեր արվում են՝ կոլեկտիվ գյուղական տնտեսությունների, ջերմոցային կուլտուրաների և խելացի գյուղատնտեսության կառուցման ուղղությամբ։ Սակայն պետք է փաստենք, որ արտադրական ծավալներով Հայաստանը ո՛չ իր մասշտաբներով, ո՛չ լանդշաֆտի այլ պարամետրերով՝ չունի այն պոտենցյալը, որպեսզի քանակական տեսանկյունից մրցակցության մեջ մտնի մի շարք այլ երկրների հետ՝ արտաքին շուկաներում։ Մեր հաղթաթուղթը մնում է խելացի և օրգանիկ գյուղատնտեսությունը՝ ոչ այդքան մեծ ծավալներով, բայց թանկարժեք և բարձրորակ սննդամթերքի արտադրությամբ։ Այնուամենայնիվ, այս ուղղությամբ ևս՝ դեռ բավականին հեռու ենք «պարենային անվտանգություն» հասկացությունից, էլ չխոսենք՝ արտաքին շուկաներում կայուն մրցակցային դիրքեր զբաղեցնելուց։ Այս առնչությամբ դեռևս 2017 թվականին մոտ 4 էջի սահմանում որոշակի առաջարկներ ներկայացրել էի ժամանակի փոխնախարարին, և տեղական մի շարք պաշտոնյաների։ Ներկայումս, մի շարք ընկերների ջանքերով՝ քայլ առ քայլ տեսանելի է դառնում ոչ հեռու ապագայում այս ոլորտում կայունացման դրական հեռանկարը։

Մյուսը՝ դեմոգրաֆիկ անվտանգությունն է։ Սա թերևս ամենակարևորներից է։

Բացի ռազմական տեսանկյունից, սրանով ապահովվում է նաև անհրաժեշտ աշխատուժն ու ներքին շուկան՝ ֆինանսական ներքին շրջանառությամբ։ Բայց, ռազմավարական առումով, պետությունը գերադասում է ընդունել տարատեսակ օտարազգիների՝ որպես էժան աշխատուժ, իսկ սեփական ազգակիցների համար տարբեր տարիների վարչապատների շուրթերով հնչեցվել էին, թե բա «մնան հեղափոխությու՞ն անեն, թող գնան»։ Կազմակերպված արտագաղթի գործում առանցքային տեղ էին զբաղեցնում նաև աղանդավորական մի շարք կառույցներ։ «Պետության վախճանը» աշխատության հեղինակներն ու այդ օրակարգի սպասարկուներն այժմ է՛լ բավականին ազդեցիկ են։ Եւ ցավոք, հիմա էլ Սփյուռքի նախարարությունը՝ «Հայրենադարձության և Սփյուռքի հարցերով նախարարության» վերաձևակերպելու փոխարեն, այն փակեցին՝ վերածելով ինչ-որ անհասկանալի կաբինետի, որի պատասխանատուն հայտարարում է, թե երկիրը պատրաստ չէ հայրենադարձության։ Մինչդեռ երկրի համար 1 գործը հիմա դա պետք է լիներ։ Բայց արի ու տես, որ տարատեսակ այլասերվածների շահերի պաշտպանությունը և դրսից պարտադրված օրակարգերի սպասարկումն են պետության ներքին և արտաքին հիմնական քաղաքականությունը։

Եւ հենց այստե՛ղ է, որ պետք է գանք սկզբին և այս նյութը գրելու հիմնական առարկային։

Ինչու՞ է, այնուամենայնիվ, այդպես։

Սորոսի ֆոնդի գործունեության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարեկան կտրվածքով միջինում ծախսելով մոտ 1,5 միլիոն դոլար՝ կարողանում են երկրում թելադրել ու պարտադրել իրենց ցանկալի օրակարգը։ Պարզապես պետք է բացե՛լ, նայե՛լ տարբեր տարիներին տրամադրված գրանտները, դրանց թեմաներն ու շահառուներին, և համեմատել այդ տարիներին «երկրի թոփ թեմաներն» ու «լրատվականների» գործունեությունը, և կունենաք ողբերգական պատկերը՝ ողջ թշվառությամբ։ Վերջերս նույնիսկ մի դիպլոմային աշխատանք գերազանցությամբ պաշտպանվեց լրագրության ֆակուլտետում՝ այդ թեմայով։ Սակայն սորոսի ֆոնդը միակը չէ իր այդ քայքայիչ ու պառակտիչ գործունեությամբ։ Այդպիսի ֆոնդերը շատ են, դրանցից է նաև Եվրասիա ֆոնդը (որի հիմնական դերակատարների արմատները ևս տանում են չարաբաստիկ Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա խնամիներին), դրանց կարելի է գումարել նաև տարբեր դեսպանատների գրանտային ծրագրերը։ Եւ համեմատելով պետության ընդհանուր «քաղաքականությունը»՝ ձեր համար և՛ս կպարզեք, որ մեր պետությունը, ցավոք, մի մեծ հասարակական կազմակերպություն է և ամենամեծ գրանտակերը։

Եվ նորից հարցերի հարցը՝ ինչու՞․․․

Խնդիրը բավականին խորքային է։ Պետությանն՝ ինքնաբավության համար, բացի նշյալ անվտանգության համակարգերից, անհրաժեշտ է նաև ստեղծել արժույթ (валюта)։

Փորձենք հասկանալ, թե ի՞նչ արժույթ գեներացնող ռեսուրսներ ունենք։

Առաջին և ամենամեծ արժույթ ստեղծողը, ցավոք, հանքարդյունաբերությունն է։

Տարբեր ժամանակներում, կոնկրետ քարոզչական թեզերով փորձել են Հայերին համոզել, որ մեր երկիրն հարուստ չէ բնական ռեսուրսներով։ Մինչդեռ Հայաստանը բավականին լուրջ և հարուստ պաշարներ ունի՝ թանկարժեք մետաղների և հանքանյութերի։ Այլ խնդիր, որ դրանց ճնշող մասը որպես հանքանյութ և անխնա կերպով դուրս են հանում՝ կոպեկներ թողնելով երկրում։ Այս մասին մի ծավալուն հոդված էր հրապարակել իմ տոհմի ավագ, երկար տարիներ Սյունիքի գլխավոր երկրաբանի պաշտոնում աշխատած՝ Գառնիկ Խոջաբաղյանը, որտեղ մանրամասնորեն ներկայացվել են արտահանվող հանքանյութերում պետության կորցրած ֆինանսական ահռելի միջոցները։ Հոդվածին կարող եք ծանոթանալ ստորև բերվող հղմամբ։

https://times.am/?p=249101&l=am 

Որքան էլ տարօրինակ է, բայց այս նյութը պաշտաճ արձագանք չգտավ ո՛չ միայն համապատասխան պաշտոնյաների, այլ նաև՝ հաստիքային «բնապահպանների» շրջանում, ինչը և՛ս թույլ է տալիս կասկածի տակ առնել նրանց մի մասի գործունեության ազնվությունը և սրտացավությունը, առավել ևս, որ կան փաստեր, որոնք ապացուցում են կոնկրետ միջոցառումների հստակ ֆինանսավորումը՝ օտար կազմակերպությունների կողմից։

Այնուամենայնիվ, որքան էլ որ Հայաստանն հարուստ է տարատեսակ հանքանյութերով և թանկարժեք մետաղներով, այն գինը, որը վճարվում է ստեղծված արժույթի դիմաց, բավականին վիճարկելի է՝ պայմանավորված անպատասխանատու հանքարդյունաբերությամբ և բնակչության ու միջավայրի տևական և մասշտաբային թունավորմամբ։ Համաձայնենք՝ կարճաժամկետ գերշահույթն անգամ չարժէ աղտոտված այն միջավայրը, որն ուղիղ սպառնալիքներ է պարունակում սերունդների առողջության և այդպիսով՝ Հայկական պետության հարատևության և անվտանգության տեսանկյունից։ Իսկ ապահով հանքարդյունաբերությունը հսկայական ծախսեր է պահանջում, որը պետությունն իր այս վիճակով ի զորու չէ ապահովել։ Սրա հետևանքով հանքերի կառավարումն հանձնվում է օտար կազմակերպություններին և, արդյունքում, ունենք այն՝ ինչ ունենք։

Մյուսը ռեսուրսը, որը կարելի է դիտարկել որպես արժույթ՝ ջուրն է։

Որքան էլ տարատեսակ կառույցներ և «մասնագետներ» կպնդեն, թե Հայաստանն այդքա՛ն էլ հարուստ չէ խմելու ջրի պաշարներով, այնուամենայնիվ, բազմաթիվ երկրների համեմատությամբ մենք բավականին շահեկան դիրքերում ենք։

Համեմատության համար՝ ներկայումս մեկ լիտր խմելու ջուրը և մեկ լիտր բենզինը գրեթե նույն գինն ունեն։ Նույնիսկ ոչ ճգնաժամային պայմաններում խմելու ջուրը բավականին մրցակցային արժույթ է արտաքին շուկայում։ Մինչդեռ պետությունն իր այդ անգին ռեսուրսները և՛ս՝ պետականացնելու փոխարեն, աստիճանաբար հանձնում է օտարների կառավարմանը (արաբներ, ֆրանսիացիներ, հրեաներ և այլն)․․․ Շատերի համար միգուցե աննկատ մնաց հայտնի Ռոկֆելերների հիմնադրամի ներկայացուցիչների հետ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը, որի շրջանակներում քննարկվել էին նաև խմեու ջրի պաշարներին վերաբերող մի շարք հարցեր։ (Հղումը ստորև)։

https://www.aravot.am/2019/02/16/1020133/ 

Տարօրինակ կերպով հենց այդ տարին «նշանավորվեց» Սևանի ջրի՝ «ջրիմուռներով մասշտաբային վարակման» պատմությամբ։ Ավելի վաղ, Հայկական ջրային ռեսուրսների կառավարումն հանձնվել էր Վեոլիա ջրին (դարձյալ օտար պետության և օտար կազմակերպությունների), որի շուրջ և՛ս պարբերաբար դժգոհության ալիքներ ենք ունենում։

Մյուս ռեսուրսը, որն ի զորու է արժույթ ստեղծել՝ գյուղատնտեսությունն է, որի մասին վերում արդեն իսկ խոսեցինք։

Պատերազմական երկրի համար ո՛չ ստաբիլ ռեսուրսների շարքում կարելի է ներառել նաև տուրիստական ուղղությունը՝ հատկապես Հայաստանի պատմամշակութային ժառանգության և հետաքրքիր բնության ընդգծմամբ։ Սակայն, համաշխարհային կատակլիզմների պայմաններում, բացառապես այդ ռեսուրսի վրա կառուցված սպասարկող հասարակությունը և տնտեսությունը կարող են հեշտությամբ փլվել՝ ինչին ականատես ենք լինում այժմ։ Ուստի տուրիզմը պետք է դիտարկել միայն մեկնարկային կապիտալի ձեռքբերման տեսանկյունից՝ դրանից ստացվող եկամուտներն ուղղելով օրգանական և բարձրակարգ գյուղատնտեսության, էներգետիկ անվտանգության և ենթակառուցվածքների կատարելագործմանը։

Մյուս՝ հիմնական ռեսուրսը, Հայ Մարդն է, Հայկական ինտելեկտուալ ստեղծագործ ներուժը։

Ցավոք, այս առումով և՛ս զգալի թերացումներ ունենք։

Պետության կողմից վարվող խայտառակ կադրային քաղաքականության, գիտության նկատմամբ արհամարական վերաբերմունքի և գիտությունը տեսականից գործնական սպառման չբերելու հետևանքով՝ ոչ միայն չենք ունենում նշանակալի զարգացում այս ուղղությամբ, այլև վտանգավոր տեմպերով ուղեղային արտահոսք ենք գրանցում։

Խայտառակությունն ու աղետն այն աստիճանի են հասել, որ նույնիսկ հայագիտության ոլորտները ֆինանսավորվում են օտար հիմնադրամներից, և նրանց մի շարք ներկայացուցիչներ սպասարկում են օտար շահերը՝ բարձր ամբիոններից հայտարարելով, թե Հայագիտությունը չպետք է զբաղվի ռազմավարական և ստրատեգիական խնդիրների լուծմամբ։ Հարց է առաջանում՝ ու՞մ է ընդհանրապես պետք գիտությունը և դրա ֆինանսավորումը, եթե այն չպետք է ծառայի քո տեսակային, ազգային և պետական շահերին, ռազմական անվտանգության ամրապնդմանը։ «Գիտությունն հանուն գիտության» կեղծ օրակարգով տարվածները կարող են գիտությամբ զբաղվել ցանկացած այլ տեղ, բայց պետությունն իրավունք չունի իր սուղ միջոցները վատնել այնպիսի կադրերի պատրաստմամբ, որոնք վաղը պետք է ծառայեն օտար պետություններին և սպասարկեն օտար օրակարգերն ու շահերը։ Իսկ այդ կադրերը իրավունք չունեն պահանջել պետությունից որևէ աջակցություն, եթե նրանց գործունեությունն ուղղված չէ պետության և ազգային խնդիրների լուծմանը և պետական ու ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Ցանկացած ծախսվող լումա՝ պետք է լինի հստակ հաշվարկված և ապահովագրված՝ ուղղված բացառապես ռազմական, ազգային, ստրատեգիական և այլ ոլորտներում պետության համար նշանակալի արդյունքների ապահովմանը և արժույթի գեներացմանը։

Վերջին ժամանակներում Հայաստանի նորանկախ պատմության մեջ այս խնդրի լուծմանն ուղղված իրական հեղափոխական գիտակրթական նախագծերից է Արմաթ ինժեներական լաբորատորիաները։ Ի տարբերություն նման այլ ծրագրերի, որոնց մոդելներն ու ուղեղային կենտրոնները գերազանցապես մեր երկրից դուրս են, իսկ պատրաստվող կադրերը՝ հիմնականում օտարամոլ, Արմաթ լաբորատորիաների առանցքում Հայաստանակենտրոն և Հայակենտրոն քաղաքացու, գիտնականի պատրաստումն է՝ այն հասանելի դարձնելով ամենահեռավոր գյուղական շրջաններում։ Այդպիսով, ուրբանիզացիոն մոդելի և գյուղից քաղաք, և ապա՝ երկրից դուրս կադրային արտահոսքի փոխարեն՝ Արմաթ լաբորատորիաները ընտրել էին ճիշտ հակառակը՝ քաղաքից գյուղ և ապակենտրոն ցանցային զարգացման մոդելը, որը թույլ կտար կարճ ժամանակահատվածում աճեցնել ազգասեր, հայասեր, պատասխանատու ինժեներ-գիտնականների սերունդ, որն ի զորու է լուծել ամենաբարդ տեխնիկական խնդիրներ։ Մեծ դժվարություններով՝ նախագծի հեղինակներին հաջողվում էր տարբեր կառավարություններից ստանալ որոշակի աջակցություններ, սակայն վերջին՝ «հեղափոխական» իշխանությունը, սկզբում ապահովելով նշանակալի ֆինանսավորում, այնուհետև կտրուկ շրջադարձ կատարեց իր տակտիկայում՝ փորձելով խաղից դուրս թողնել գաղափարի հիմնական գեներատորներին, որոնց առանցքային խնդիրը ոչ թե զուտ ինժեներ պատրաստելն էր, այլ հենց ՀԱ՛Յ ինժեներ՝ պատասխանատու սեփական երկրի նկատմամբ։ Հավանաբար, դարձյալ օտար ուղեղային կենտրոնների ճնշման տակ, մեր երկրի օտարահպատակ կառավարիչները դրսի շահերի սպասարկումը և սեփական կաշին գերադասեցին Հայկական ռազմավարական տեսլականին։

Արժույթ ստեղծող մտավոր և մարդկային ռեսուրսի շրջանակներում կարելի է տեղավորել նաև Հայկական արհեստագործական ուղղությունները՝ ադամանդագործություն, գորգագործություն, կավագործություն, դարբիններ, շինարար-վարպատներին, բժշկության որոշ ճյուղեր և այլն․․․

Ինչևէ, շրջափակման պայմաններում իրական արժույթ ստեղծող Հայկական միտքը և՛ս չի օգտագործվում ողջ ծավալով։ Իսկ պետությունը դարձյալ զբաղված է օտար օրակարգերի սպասարկմամբ։

Արժույթ գեներացնող մյուս օղակը բնությունից մեզ տրված այլ ռեսուրսներն են՝ արեւ, քամի և այլն։

Այժմ քայլեր են ձեռնարկվում արևային էներգետիկայի զարգացման ուղղությամբ։ Սրան կարելի է հավելել նաև հողմային էներգիան էլեկտրականի վերածման հնարավորությունները, որը և՛ս ոչ բավարար ծավալով է օգտագործվում։ Իսկ այս ամենի համար դարձյալ անհրաժեշտ են ինժեներ-մասնագետներ, որոնց պատրաստման համար դարձյալ բավարար ջանքեր չեն գործադրվում։

Այս շարքը կարելի է երկար շարունակել, բայց ըստ իս՝ սրանք այն հիմնական ուղղություններն են, որոնք այս պայմաններում այս կամ այն չափով արժույթ են գեներացնում երկրում։ Եւ ցավով պետք է նկատենք, որ դրանց ճնշող մեծամասնությունը վաղուց արդեն չի պատկանում պետությանը։

Արդյունքում, սոցիալիստական մոդելից կապիտալիստական մոդելին անցման հետևանքով, պետությունը, որն հանդես է գալիս իբրև վատ կառավարիչ և գերազանցապես հարկահավաք համակարգ, հատկապես պատերազմական և շրջափակման պայմաններում խոր կախվածության մեջ է մտնում կապիտալից, որի ճնշող մեծամասնությունը, փաստորեն, գրանտների կամ պարտքի տեսքով պարբերաբար ստանում է օտար կազմակերպություններից, պետություններից՝ սպասարկելով նրանց կողմից պարտադրվող օրակարգը, և է՛լ ավելի խորացնելով առկա ճգնաժամը․․․

Ամփոփենք․

Չլուծելով այս խնդիրները՝ պետությունը կշարունակի մնալ որպես ամենախոշոր գրանտակերը և օտար օրակարգերի սպասարկուն։ Իսկ խնդիրները լուծելու համար, նախ պետք է ձևավորել իրական ու Հայկական օրակարգ, գեներացնել արժույթ։ Մինչդեռ, ցավոք, ինչպես վերն արդեն նշվեց, մեր երկրում տևական ժամանակ օրակարգը ձևավորում են օտար ուժերը և նրանց շահերի սպասարկմամբ զբաղվող գործակալները, իսկ արժույթը ներ է մուծվում պետությանը տրվող պարտքի կամ գրանտների տեսքով։ Ուստի, պետության համար ռազմավարական և անվտանգության խնդիր է հենց այդ գործակալական ցանցի չեզոքացումը՝ որքան էլ որ կենսական կթվան նրանց միջոցով երկիր ներարկվող ֆինանսական միջոցները։ Այդ միջոցերով երկիր կառուցելու պատրանքը նման է նարկոտիկներ ընդունող նարկոմանի երազանքի, որը ցանկանում է բուժվել իր այդ կախվածությունից՝ նարկոտիկների հերթական չափաբաժինն ընդունելով․․․

Որևէ քաղաքական ուժ, որը խնդիր է դնում ոչ թե իշխանություն ունենալու, այլ բարձրացնելու Հայաստան պետության սուվերենության, անկախության, անվտանգության և ինքնաբավության մակարդակը՝ պարտավոր է հրաժարվել օտար ուժերի նման աջակցությունից՝ գերազանցապես հենվելով Հայկական մտավոր և նյութական կապիտակի վրա, օ՛ր առաջ ձերբազատվել օտար գործակալական ցանցերից, և պետական միջոցների զգալի չափաբաժինն ուղղել նշված ոլորտների զարգացմանն ու ամրացմանը, որոնք հնարավորինս կարճ ժամանակում պետք է ապահովեն երկրի համար բավարար արժույթ, անկախություն և անվտանգություն․․․

Պետությունը պարտավո՛ր է արտադրող/սպառող հարաբերակցության մեջ նշանակալի տեղաշարժ կատարել «արտադրող» ուղղությամբ՝ շեշտակի ավելացնելով արտադրողների տեսակարար կշիռը․․․

Սա մի փոքր ոչ մասնագիտական և մակերեսային ակնարկ էր առկա խնդիրներին։ Բայց սրանով ցանկանում եմ այս հարցերը բերել ակտիվ հանրային քննարկումների դաշտ՝ փորձելով դուրս մղել սորոսական և այլ օտար ուժերի կողմից մեզ արհեստականորեն պարտադրվող կեղծ օրակարգերը և սույնով ձևավորել իրական և ռազմավարական օրակարգ։ Հույս ունեմ, որ գաղափարակից ընկերներս հետայսու ավելի մեծ տեղ կտան այս և նմանատիպ այլ թեմաներին, և աստիճանաբար կհաջողենք երկիրը բերել ճիշտ հունին՝ Հայկական Հզոր Հայաստան ունենալու տեսլականով։

Աստված մեզ պահապան։

Հարգանքներով,

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
Ճանապարհը արդյունավետության գնահատումն է. Միքայել Մալխասյան Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ) Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 706 դեպք «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր». Խորհրդաժողով` նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան. ՈՒՂԻՂ Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել Այսօր Գոշավանքում տեղի կունենա «Իրավական ուղու» կազմակերպած խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան Պետք է դադարենք ժամանակ ծախսել ներքաղաքական խնդիրների վրա և նախագծենք ՀՀ-ի զարգացման տեսլականը. Ոսկանյան Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց Հուլիսի 6-ի հոսանքազրկումների մասին Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար Միջազգային հեղինակավոր պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից. Աշոտյան Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան «Այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը» Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը ընդունել է Զոհրաբ Մնացականյանին Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 129 է. ծանր վիճակում է գտնվում մեկ հոգի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580 դեպք «Հրապարակ». Իշխանությունը ձեռնամուխ է եղել մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարելու գործին «Հրապարակ». Իշխանությունների հույսերը չեն արդարացել «Հրապարակ». Արարատ Միրզոյանը Փաշինյանին համոզել է ևս մեկ անգամ «չտապալել» սահմանադրական կարգը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 4 Դատավորին ՍԴ շենք մտնել չթույլատրելն ուղղակիորեն ՀՀ Քրեական օրենսգրքով հետապնդվող արարք է. Դավիթ Հարությունյան ՀՀ իշխանությունների գերակա խնդիրը ՌԴ-ի հետ հարաբերությունները չեղարկելն է․ Արա Վարդանյան (տեսանյութ) Արցախի Հանրապետության նախագահը նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ Վարչապետը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում նոր նշանակում է արել Խուզարկություն՝ Սևանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում Գլուխներդ պատին եք տվել, եթե մտածում եք, թե կարող եք Հայաստանում ազատ խոսք ճնշել. քաղաքագետ Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Ոստիկանության ծառայողներն «Արմնյուզ» ՀԸ–ում են (տեսանյութեր) Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը. Ռուբեն Մելիքյան Հանրային համերաշխության քայքայումը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ․ Արթուր Վանեցյան «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է Միջադեպ Սահմանադրական դատարանում՝ ոստիկանների մասնակցությամբ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը Արթուր Ղազինյանը ներկայացնում է կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մասին իր հաղորդման վերաբերյալ ՀՔԾ-ի պատասխանը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 662 դեպք
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan