ԱՄՆ-ում ցուցարարներն ապամոնտաժել են Կոլումբոսի արձանը և նետել լիճը (լուսանկարներ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում ցուցարարներն ապամոնտաժել են իտալացի ճանապարհորդ, հայտնագործող և գաղութարար Քրիստափոր Կոլումբոսի հուշարձանը և այն լիճը նետել, հաղորդում է Daily Mail-ը։
Հաղորդվում է, որ երեքշաբթի երեկոյան հուշարձանի մոտ հավաքվել է շուրջ հազար ցուցարար։ Ի սկզբանե բողոքը խաղաղ բնույթ է կրել։ Ականատեսների խոսքով՝ տեղական ժամանակով ժամը 20:30-ի սահմաններում ցուցարարները երեք պարանների օգնությամբ հուշարձանը հանել են պատվանդանից, ապա քարշ են տվել այգում գտնվող լճի մոտ և նետել լիճը։
Այնուհետև ցուցարարները պատվանդանի վրա թողել են «Կոլումբոսը ցեղասպանություն է մարմնավորում» գրառումը։
«Մենք պետք է սկսենք նրանից, ինչից ամեն ինչ սկսվեց։ Մենք պետք է սկսենք այն մարդկանցից, ովքեր առաջինը հայտնվեցին այս երկրում»,- հայտարարել է ցույցի մասնակիցներից մեկը։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Մեծ Բրիտանիայում ռասայական խտրականության և ոստիկանական կամայականության դեմ զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարներն ապամոնտաժել էին 17-րդ դարի ստրկավաճառ Էդվարդ Քոլսթոնի հուշարձանը և այն նետել ծովախորշը։
Լոնդոնում ցույցի մասնակիցները պղծել էին նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի հուշարձանը: Ցուցարարները ներկի օգնությամբ ջնջել են Չերչիլի ազգանունը՝ այն փոխարինելով «ռասիստ էր» գրությամբ։
Լոնդոնում ցույցերի ֆոնին Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը կոչ է արել ապամոնտաժել բոլոր ստրկավաճառների արձանները՝ խոստանալով «վերանայել և բարելավել» մայրաքաղաքի տեսարժան վայրերի բազմազանությունը։
Քաղաքապետը Լոնդոնն անվանել է «աշխարհում բազմազանությամբ աչքի ընկնող քաղաքներից մեկը», սակայն նշել է, որ մայրաքաղաքի արձանները, հուշատախտակները և փողոցների անվանումները հիմնականում արտացոլում են վիկտորիանական Բրիտանիան:
Իր հերթին, Վիրջինիա նահանգի նահանգապետը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կարգադրել է հեռացնել ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի ժամանակ ստրկատիրական նահանգների գլխավոր հրամանատար գեներալ Ռոբերտ Լիի արձանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում