Պետք է դադարենք ժամանակ ծախսել ներքաղաքական խնդիրների վրա և նախագծենք ՀՀ-ի զարգացման տեսլականը. Ոսկանյան

Պետք է դադարենք ժամանակ ծախսել ներքաղաքական խնդիրների վրա և նախագծենք ՀՀ-ի զարգացման տեսլականը. Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ Իրանի շուրջ միջազգային իրավիճակը լուրջ փոփոխությունների չի ենթարկվել. Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում լարվածությունը պահպանվում է: Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառալով մեր հարևան երկրում ներկայումս տիրող իրավիճակին։ա

«Իրանցիներն ունեն բավական մեծ ամրության ռեսուրս, և դա ունի թե՛ պատմական արմատներ, թե՛ այս երկրի տնտեսական համակարգի կառուցվածքի առաձնահատկություններն են օգնում»,– ասաց նա՝ նկատելով, որ վերջին տասնամյակների ընթացքում Իրանը, լինելով պատժամիջոցների տակ, կարողացել է ստեղծել բավականին ինքնաբավ տնտեսական համակարգ:

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ չնայած Իրանը հիմա իսկապես հայտնվել է բավականին բարդ տնտեսական իրավիճակում, բայց այնուամենայնիվ, կարողանում է շարունակել Մերձավոր Արևելքում իր ազդեցության աճի քաղաքականությունը:

«Այս համատեքստում պետք է դիտարկել նոր խոշոր ծրագրի մեկնարկի մասին հայտարարությունները: Խոսքը վերաբերում է Հորմուզ նեղուցը շրջանցող նոր խողովակաշարի կառուցմանը, որն Իրանին տալիս է հնարավորություն, անկախ Հորմուզի նեղուցում առկա լարվածությունից, նավթային պաշարները արտահանել: Այս ընթացում իրենք նաև կարողացան ապահովել իրենց նավահանգիստներից մեկի՝ Չաբահարի անխաթար և պատժամիջոցներից զերծ գործունեությունը»,- ասաց նա՝ նաև մատնանշեց, որ այս ընթացքում՝ կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված դժվարին պայմաններում իրանցիները կարողացան բարձրացնել նաև իրենց առողջապահական համակարգի ինքնաբավությունը. վարակը հայտնաբերող թեստեր կարողացան արտահանել եվրոպական երկրներ:

Անդրադառնալով արդեն հայ-իրանական հարաբերություններին՝ Վարդան Ոսկանյանը նշեց, որ, իհարկե, համավարակի ճգնաժամը ազդել է արտաքին աշխարհի հետ մեր ունեցած հարաբերությունների վրա: Դրանից, ըստ նրա, անմասն չի մնացել նաև Իրանը:

«Մեկ այլ կարևոր հանգամանք կա, որը հանգում է մեր հանրության մեջ խոսույթին: Իսկ այդ խոսույթը ենթադրում է բացառապես ներքաղաքական հարցերի քննարկում, իսկ այդ հարցերն ունեն մեկօրյա կյանք: Չափազանչ քիչ ենք ուշադրություն դարձնում արտաքին քաղաքական այն միջավայրին, որում գտվում է Հայաստանը: Խոսքը թե՛ թշնամական, թե՛ բարեկամական միջավայրերի մասին է»,– ասաց նա:

Նրա նկատառմամբ՝ այս ընթացքում չնայած Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության որոշակի ծավալներ եղել են, բայց հեռագնա ծրագրերի վերաբերյալ խոսակցությունները դադարել են:

«Այս օրերին Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Հաշվի առնելով, թե ինչպիսի մեթոդաբանությամբ են իրանցիները աշխատում, կարևոր է, որ դեսպանը հանդիպել է այդ ոլորտի նախարարի հետ:

Դա ենթադրում է, որ իրանցիների համար կարևոր է մնում Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքը և ըստ այդմ Հայաստանում Հյուսիս-Հարավի շինարարությունը»,- ասաց նա՝ նշելով, որ մենք վերջին շրջանում այս ծրագրին ուշադրություն ենք դարձնում բացառապես կոռուպցիան բացահայտումների սկանդալների համատեքստում․– եթե եղել են կոռուպցիոն գործարքներ, ապա պետք է դրանց մեղավորները պատժվեն, բայց դա չի նշանակում, որ մենք մեր ուշադրությունը պետք է դարձնենք բացառապես այդ գործընթացի վրա և մոռանանք հիմնական նպատակը, իսկ մեր նպատակը Հյուսիս-Հարավը կառուցելն է, և դա պետք է լինի մեր թիրախային ծրագիրը, մնացած ամեն ինչը ածանցյալ է դրան»,– ասաց նա:

Նման անուշադրության է, ըստ նրա, մատնվել նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու ծրագիրը: «Այս դեպքում էլ որոշակի տեղեկատվություն եղավ կոռուպցիոն բացահայտումների մասին, բայց ցավոք, դրանից մեր խնդիրը չփոխվեց. Ազատ տնտեսական գոտին, ցավոք սրտի, չի գործում: Իսկ այն ըստ բազմաթիվ և՛հայ, և՛ իրանցի պաշտոնյաների հավաստիացումների մեծ նշանակություն ունի ոչ միայն Հայաստան-Իրան երկկողմանի հարաբերությունների, այլ նաև՝ Իրան-ԵԱՏՄ տնտեսական հարաբերությունների տեսանկյունից»,– ասաց նա:

Իրանագետի կարծիքով՝ մենք պետք է դադարենք մեր ժամանակը ծախսել ներքաղաքական խնդիրների վրա, որոնք շատ դեպքերում որևէ նշանակություն չունեն և Հայաստանի ապագայի առումով որևէ հեռանկարային ծրագիր չեն նախանշում:

«Մենք պետք է դադարենք այդ մտայնությանը հետևելուց և վերադառնանք ի շրջանս յուր, ինչը ենթադրում է Հայաստանի զարգացման տեսլականի նախագծում, ըստ որի, հայ-իրանական հարաբերությունները պետք է ունենան կարևոր նշանակություն»:

Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով վերջին շրջանում հայ-իրանական հարաբերություններում նկատված քաղաքական խնդրին՝ Թել Ավիվում Հայաստանի դեսպանատուն բացելուն, որը առաջացրել էր Թեհրանի դժգոհությունը, նշեց, որ հարցը դեռ առկախված է:

«Դատելով իրանցի վերլուծաբանների հրապարակումներից՝ խնդիրն առկախված է, և կարծես թե իրանցիները իրենց դիրքորոշումը չեն փոխում: Հայաստանը պետք է վերանայի իր որոշումը այս հարցում»,- ասաց նա՝ նշելով, որ այս հարցը բավականին տհաճ իրավիճակ ստեղծեց հայ-իրանական քաղաքական հարաբերություններում և մենք պետք է հնարավորինս արագ այս հարցը կարգավորենք:

«Այստեղ մի հարց էլ կա. մեր հասարակությանը դեռևս պատշաճ կերպով չի բացատրվել, թե ինչ շահեր է հետապնդում Հայաստանը՝ Թել Ավիվում դեսպանտուն ունենալու իր քայլով: Մեկ, երկու պատճառ նշվում է, բայց չեմ կարծում, որ դա բավարար է, պետք է ավելի թափանցիկ լինել այս հարցում, ինչը կնպաստի, որ եղած թնջուկը կարգավորվի»,– ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում