Բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են անում ԱԺ-ի դիմաց. ՈՒՂԻՂ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են անում ԱԺ-ի դիմաց։
Այստեղ շատ այլ խնդիրներ կան, և մենք ուզում ենք, որ մեր ձայնը հասնի համապատասխան մարմիններին: Այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց բուհ չընդունված դիմորդներից մեկի ծնողը:
Նա նշեց, որ սխալ են այն լուրերը, թե փոփոխված կանոնակարգի մասին դիմորդները տեղյակ են եղել: «Եթե այդպես էր, ապա հանեիք մյուս հայտերը, որպեսզի երեխան իմանար, որ մի տեղից բացի, այլ հնարավորություն չի ունենալու ընդունվել: Ի վերջո ինչպ՞ես է 7.5 միավոր հավաքած դիմորդը ընդունվում, իսկ 15, 16, 18-ը մնում դրսում»,- ասաց նա և հավելեց, որ իր աղջիկը հավաքել է 13.5 միավոր, դիմել 8 հայտով և ոչ մի բաժին չի ընդունվել:
Ըստ նրա՝ կապ չունի, թե դիմորդը որ հայտով է ընդունվում, կարևորն այն է, որ գիտելիքը կա: «Այսինքն` երկրին պետք չեն բանիմաց, խելացի մասնագետներ: Մեզ չի ծանուցվել փոփոխությունների մասին, միգուցե երեխան իմանար ու դիմեր այլ բաժին: Բաժին կամ այլ հոսք ստեղծեք, այսքան երեխան 18 միավորով դրսո՞ւմ մնա: Մեզ անհրաժեշտ է, որ ապագան լինի խելացի երեխաներինը, ոչ թե 7.5 հավաքվածներինը: 7,5 միավորով բժիշկը պետք է մեզ բուժի՞»:
Նշենք, որ ԱԺ-ում հիմա քննարկվում է առաջ բերված հարցը, սակայն ծնողները դեմ են, որ նիստ փակ է:
Հիշեցնենք, որ երեկ նրանք ակցիա արեցին նախ ԳԹԿ-ի դիմաց, ապա դարձյալ ԱԺ-ի։ Նրանք նաև նամակ հանձնեցին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում