«Փաստ». Հայ-ռուսական հարաբերությունների անվստահությունը բացասական է անդրադառնում Հայաստանի անվտանգային միջավայրի վրա

«Փաստ». Հայ-ռուսական հարաբերությունների անվստահությունը բացասական է անդրադառնում Հայաստանի անվտանգային միջավայրի վրա

«Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից սկսված բախումները մեծ ռեզոնանս առաջացրին ինչպես մեր հասարակության, այնպես էլ միջազգային հանրության շրջանում։ Խնդիրն այն է, որ այս հակամարտությունն իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում, և եթե այն շարունակություն ստանա ու վերաճի լայնամասշտաբ պատերազմի, ապա կարող է ամբողջ տարածաշրջանը գլորել անկայունության խոր փոսի մեջ։

Սակայն պետք է նկատել, որ կան երկրներ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանն ապակայունանա, որպեսզի կարողանան մեծացնել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում և օգուտներ քաղել։ Օրինակ՝ Թուրքիան, լինելով Մինսկի խմբի անդամ, միակողմանի և Ադրբեջանին լիակատար աջակցող հայտարարություններ է անում՝ ավելի սրելով իրավիճակը։

Բացի այդ, թուրքական կողմը փորձում է զինյալ խմբեր և ռազմական մասնագետներ ուղարկել Ադրբեջան, որպեսզի ադրբեջանական կողմը հայկական կողմի հետ բախումներում առավելություն ձեռք բերի։ Իհարկե, Թուրքիան շատ կցանկանար անմիջական մասնակցություն ունենալ կոնֆլիկտում, երբ իր զինված ուժերը կներգրավվեին ռազմական գործողություններում։

Մենք տեսել ենք, թե ինչպես է թուրքական բանակը տարբեր պատրվակներ գտնելու միջոցով ռազմական ինտերվենցիա իրականացրել Կիպրոսում, Իրաքում, Սիրիայում և Լիբիայում։ Եվ ՆԱՏՕ-ում ունենալով երկրորդ մեծաքանակ բանակը ԱՄՆ-ից հետո՝ Թուրքիայի ռազմական հնարավորությունները թույլ են տալիս արագ Հայաստան ներխուժում կատարել, սակայն պետք է հաշվի առնել, որ առկա է այդ երկրին զսպող գործոն։

Տարածաշրջանում Թուրքիայի ագրեսիվ նկրտումներին դեմ հանդիման է կանգնած Ռուսաստանը, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է։ Եվ պատահական չէ, որ հայ-թուրքական սահմանի պահպանությունն իրականացնում են ռուս սահմանապահները, իսկ Գյումրիում գործում է ռուսական 102-րդ ռազմաբազան։

Բացի այդ, Հայաստանը և Ռուսաստանը գտնվում են ՀԱՊԿ-ի անվտանգային հովանոցի ներքո և անվտանգության բաղադրիչը երկու երկրների հարաբերությունների հիմնասյուներից մեկն է։

Ուստի տարածաշրջանում ուժերի դասավորությունն այնպես է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում կայունությունն ապահովող ամենամեծ դերակատարությունն ունի, և պատահական չէ նաև, որ հուլիսյան դեպքերից հետո հայ հանրության շրջանում կտրուկ բարձրացավ Մոսկվայի դերն ու նշանակությունը։ Ու երկրորդ կարծիք չի կարող լինել նրանում, որ Մոսկվան ոչ միայն զսպում է Թուրքիային, այլև կարող է սաստել Ադրբեջանին և թույլ չտալ, որպեսզի այդ երկիրը ռազմական արկածախնդրության դիմի։

Բայց իրավիճակը Հայաստանի համար բարդանում է նրանով, որ հայ-ռուսական հարաբերությունները տևական ժամանակ է, ինչ սառը բնույթ են կրում, չկա նախկինում եղած ջերմությունը, կուտակվել է որոշակի երկկողմ անվստահություն։

Դա երևում է ինչպես պաշտոնական հանդիպումների ձևաչափերից, այնպես էլ երկկողմ գործակցության շրջանակից։

Դրան նպաստում է հայաստանյան իշխանությունների որոշակի շրջանակների ընդգծված ագրեսիվ հակառուսական տրամադրությունները, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի՝ մեղմ ասած, ոչ այնքան լավ հարաբերությունները մասնավորաբար Վլադիմիր Պուտինի հետ:

Իհարկե, չենք ասում, որ Հայաստանը Ռուսաստանի հետ իր հարաբերությունները պետք է զարգացնի այլ գործընկերների հետ հարաբերությունների հաշվին, բայց տարբեր պատճառներով հայ-ռուսական փոխհարաբերություններում կուտակված անվստահությունը բացասական է անդրադառնում մեր անվտանգային միջավարի վրա, ինչից փորձում են օգտվել այլ ուժեր։

Եթե այս ամենին գումարենք նաև այն հանգամանքը, որ սահմանադրական վերջին փոփոխություններից հետո, ամենայն հավանականությամբ, դեռ տևական ժամանակ Ռուսաստանի ղեկին կլինի Պուտինը, ապա ակնհայտ է դառնում, որ առաջնային նշանակություն է ստանում Հայաստանի ղեկավարի՝ Պուտինի հետ առնվազն լավ, եթե չասենք ջերմ հարաբերություններ ունենալու գործոնը:

Սա բխում է բացառապես մեր երկրի շահերից: Ի վերջո, միջպետական հարաբերություններում փոխադարձ շահերին զուգահեռ մեծապես կարևորվում է նաև ղեկավարների անձնական հարաբերություններն ու վերաբերմունքը միմյանց հանդեպ:

Սա նորություն չէ, հեծանիվ հայտնագործելու կարիք չկա, համաշխարհային քաղաքական պատմությունը վաղուց դա ապացուցել է:

Մի խոսքով, առաջնային նշանակություն ունի վերջապես կոտրել հայ-ռուսական հարաբերություններում առաջացած սառույցը։

Որքան էլ իշխանությունները պնդում են, թե իրենց հարաբերությունները Ռուսաստանի ու այդ երկրի ղեկավարության հետ բնականոն են, ավելին՝ նույնիսկ ջերմ, անցած ժամանակահատվածը ցույց տվեց, որ, մեղմ ասած, դա այնքան էլ այդպես չէ, շատ մեղմ ասած»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում