Այն, ինչը չէր կարելի նախագահին, կարելի է Կառավարությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՍԴ 3 դատավորների լիազորությունների դադարեցումից հետո ըստ հաջորդականության Կառավարությունը, դատավորների խորհուրդը և նախագահը պետք է ՍԴ դատավորի մեկական թեկնածու առաջադրեն, իսկ ընտրությունը կատարելու է Ազգային ժողովը։ Կառավարությունը հուլիսի 23-ի նիստում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրեց Վահրամ Ավետիսյանին՝ առանց մրցութային ընթացակարգի:
Մոտ 2 տարի առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրել Էմիլ Բաբայանին՝ կրկին առանց մրցութային ընթացակարգի, ինչի արդյունքում 2 տասնյակից ավելի իրավապաշտպան ՀԿ-ներ հրապարակավ դիմել էին նախագահին՝ պահանջելով հետ կանչել թեկնածությունը և իրականացնել թափանցիկ մրցույթ:
«Այսօր, երբ նույնպես առանց մրցութային ընթացակարգի արդեն այդ ՀԿ-ների կողմից վստահություն վայելող Կառավարությունն է պարզապես թեկնածու առաջադրում, մենք չենք տեսնում այդպիսի ալիք, որ մարդիկ պահանջեն մրցութային ընթացակարգով սա իրականացվի: Մենք տեսնում ենք, որ այսօր այդ նույն հետևողականությունը չեն դրսևորում։ Ավելին, մենք տեսնում ենք, որ կան ՀԿ-ներ, որոնց ցուցակով զանգում են, նրանք ստորագրություն են դնում, առանց հասկանալու՝ ինչի մասին է խոսքը և այդ պատճառով մենք շատ հաճախ ենք տեսնում, որ 25, 30 կամ 40 ՀԿ-ներ ինչ-որ մի բան են պահանջում։ Սա շատ արհեստական երևույթ է և այս օրինակը կոնկրետ ցույց է տալիս, որ սա արհեստական, նույնիսկ տեխնոլոգիական բնույթ կրող մի երևույթ է՝ ցույց տալու համար, որ քաղաքացիական հասարակությունը հանրային ինչ-որ պահանջ է ներկայացնում»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։
Հասարակական կազմակերպությունների՝ 2 տարի առաջ արված հայտարարության տեքստում, մասնավորապես, ասվում էր․
«Առանց համապատասխան ընթացակարգերի և չափորոշիչների պահպանման ձևավորված անկախ և անկողմնակալ մասնագիտական կարծիքի՝ հնարավոր չէ ապահովել Սահմանադրական դատարանի անդամների թեկնածուների առաջադրման և այդ թեկնածուների ընտրության հարցում ժողովրդավարական կարևորագույն սկզբունքները՝ հավասար մրցակցությունը, ընթացակարգի թափանցիկությունը և հրապարակայնությունը։ Մեկ թեկնածուի պարագայում Ազգային ժողովն ընտրող մարմնից վերածվում է ընդամենը որոշում դակող մարմնի։
Սահմանադրական դատարանի կազմավորման և դրա դատավորների ընտրության այս ոչ թափանցիկ գործելաոճը խոր արմատներ ձգած արատավոր, նույնիսկ՝ վտանգավոր հակապետական երևույթի է վերածվել: Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված պետական մարմինների լիազորությունը չի ենթադրում դրա՝ կամայական հայեցողությամբ իրականացում, ինչը իրավական և ժողովրդավարական պետության համար հղի է լրջագույն վտանգներով»։
Tert.am-ը փորձեց իրավապաշտպան ՀԿ-ներից ճշտել՝ արդյոք նրանց դիրքորոշումը փոխվե՞լ է, այս անգամ կդիմե՞ն Կառավարությանը՝ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը հետ կանչելու հարցով։
«Երևանի մամուլի ակումբ» ՀԿ-ից ասացին, որ իրենք Սահմանադրական դատարանի հետ կապված որևէ հարցով որևէ դիմումի չեն միացել: Չնայած այն հանգամանքին, որ ՀԿ-ի անունը կար նախագահին ուղղված դիմումում, «Երևանի մամուլի ակումբից» ասացին՝ իրենք տեղյակ չեն:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ից փոխանցեցին, որ «հիմա շատ այլ գործերով են զբաղված» ու վստահ չեն՝ կհասցնեն այս պահին թեմային հետամուտ լինել։
«Սպիտակի Հելսինկյան Խումբ» և «Իրավունքի ուժ» ՀԿ-ներն էլ հայտնեցին, որ նոր հայտարարություն չեն նախաձեռնի, բայց այլ ՀԿ-ների կողմից նույնաբովանդակ տեքստի առկայության դեպքում կմիանան կոչին։ Tert.am-ը նախաձեռնությանը միացած մի քանի այլ ՀԿ-ների հետ ևս փորձեց կապ հաստատել, սակայն զանգերին չպատասխանեցին:
«Սա մեծ պրոցեսի փոքր մաս է։ Սա մեծ հաշվով վեթինգ է և ապագայի Հայաստանի համար, շատ կարևոր գործընթաց է, որպեսզի մենք պատկերացնենք, թե ինչպես է աշխատել այսպես կոչված քաղաքացիական հասարակությունը Հայաստանում մինչև 2018 թ-ը, ինչ մեխանիզմներով, սկզբունքայնությամբ է աշխատել։ Սա շատ կարևոր փաստ է լինելու արձանագրելու համար, որ մարդիկ հայելիապես նույն իրավիճակում են, միակ տարբերությունն այն է, որ այն ժամանակ նախագահն էր առաջադրողը, այս անգամ կառավարությունն է, և այս պատճառով դրսևորում են տարբեր մոտեցումներ»,- նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրը։
2018 թ-ին ՀԿ-ների մոտեցումը, ըստ Ռուբեն Մելիքյանի՝ ոչ թե իրավական էր, այլ քաղաքական բովանդակություն ունեցող մոտեցում էր։
«Մեծ հաշվով, այս ամենը վկայում է այն բանի մասին, որ մենք գործ ունենք մեծ ծավալի երեսպաշտության հետ՝ մեր քաղաքացիական հասարակությունում։ Եվ պրոբլեմը լուծելու համար պետք է առաջին հերթին պրոբլեմը վեր հանել, որպեսզի դա բուժելն ավելի հեշտ լինի։ Սա պրոբլեմը վեր հանելու շատ լավ ձև է»,– նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում