Մոսկվայում կանխվել է ահաբեկչություն

Մոսկվայում կանխվել է ահաբեկչություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը՝ ներքին գործերի նախարարության և Քննչական կոմիտեի հետ միասին, կանխել են ահաբեկչական կազմակերպության գործունեությունը, որը ծրագրում էր ահաբեկչություն իրականացնել Մոսկվայում: Այս մասին գրում է Ria-ն։

«Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը, Ռուսաստանի ՆԳՆ-ի և Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի հետ միասին, ճնշել են ահաբեկչական կազմակերպության այն անդամի գործունեությունը, որը պլանավորում էր ահաբեկչական գործողություն կատարել Մոսկվայի մարդաշատ վայրերից մեկում», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ահաբեկիչը սպանվել է ձերբակալման փորձի ժամանակ. Նրան գտել են Խիմկիի լքված ավտոտնակների տարածքում, նա «կրակ է բացել իրավապահների վրա՝ ավտոմատ հրազենից», և նրան պատասխանել են կրակով:

Դեպքի վայրի զննությամբ տղամարդու մոտ հայտնաբերել են AKS-74U մակնիշի ինքնաձիգ, երկու F-l նռնակ, 1 RGD նռնակ:

Ասվում է, որ հանցագործը Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացի էր, որ Մոսկվայում բնակվում էր վարձով։ Կալանավորվել է նրա եղբայրը։ Ապացույցներ են ձեռք բերվել, որ սպանվածը կապեր է ունեցել Սիրիայում միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում