«Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության ղեկավար Վահագն Վարագյանի ասուլիսը՝ Սևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Սևանա լճի խնդիրները հրատապ լուծում են պահանջում, ու թեև Սևանը տարվա ընթացքում մի քանի շաբաթ է, որ կանաչում է, բայց ամբողջ տարվա ընթացքում լճում ազոտով և ֆոսֆորով աղտոտում է տեղի ունենում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության անդամ Վահագն Վարագյանը:
«Որևէ միջոց չձեռնարկելու դեպքում մենք առաջիկայում ունենալու ենք շատ լուրջ խնդիրներ, հասնելու ենք մի այնպիսի անդառնալի կետի, որից հետո այլևս անհնար է լինելու փրկել Սևանա լիճը»,- ասաց Վարագյանը:
Նա նշեց, թե իր տեղեկացմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս գտնվում է Սևանում՝ կառավարական ամառանոցում, և ուղևորվեց այնտեղ՝ խնդիրն անձամբ Փաշինյանին ներկայացնելու:
Հարցին՝ ինչու՞ մինչ վարչապետին դիմելը հանդիպում չեն կազմակերպում Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչների հետ, Վարագյանը պատասխանեց, թե նախարարությունում անտեղյակություն է տիրում:
«Սևանը երկու տարի է՝ գտնվում է այս ծայրահեղ վիճակում, իսկ պատկան մարմինները որևէ գործողություն չեն կատարում, որ կարողանանք փրկել Սևանը: Ես ստիպված եմ այս ձևով հրավիրել պատկան մարմինների ուշադրությունը Սևանի հիմնախնդիրների վրա, որովհետև Սևանն անտեսվում է, լճի մասին խոսվում է, սակայն որևէ գործողություն չի կատարվում»,– ասաց նա:
Կառավարական առանձնատան աշխատակիցներն ասացին, որ վարչապետն այնտեղ չէ: Վարագյանը նկատեց, որ այդ դեպքում ստացվում է, թե վարչապետը, հասկանալով, որ Սևանում այս շրջանում լողալը վտանգավոր է իր ընտանիքի անդամների առողջության համար, այդտեղ չի գտնվում, մինչդեռ պատկան մարմինները քաղաքացիներին չեն իրազեկում, որ չլողան լճում:
«Վարչապետը, հասկանալով այս ժամանակահատվածում առողջության համար վտանգավորությունը՝ իր ընտանիքով այլևս չի հաճախում, դրա փոխարեն ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն քիչ միջոցներ, այցելում են Սևան և իրենց առողջությունը վտանգի տակ դնում»,- ասաց Վահագն Վարագյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում