Քաղաքականության զրոյացումն ու քաղաքական զրոն

Քաղաքականության զրոյացումն ու քաղաքական զրոն

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: ՀՀ Տավուշի մարզում տեղի ունեցած Հուլիսյան մարտական գործողություններն ի ցույց դրեցին դիվանագիտական դաշտում առկա բոլոր այն խնդիրները, որոնց մասին տևական ժամանակ բարձրաձայնում են անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով զբաղվող փորձագետները։ Ընդամենը մի քանի օր տևած լոկալ նշանակության ռազմական բախումները դարձան Հայաստանի՝ միջազգային գործընթացներից դուրս մնալու փաստի հերթական ապացույցը։ Ըստ էության, Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն պայմանավորված էին հենց այն հանգամանքով, որ վերջին երկու տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փաստացի չեզոքացրել է Ապրիլյան պատերազմից հետո ձևավորված բոլոր այն մեխանիզմները, որոնք զսպում էին հակառակորդի ագրեսիվ գործողությունները հայկական պետությունների հետ սահմանում։ Ավելին, բոլորս ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Դուշանբեի վերելակում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից բարեհաջող ձերբազատվելուց հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անցած երկու տարիներն օգտագործել է միջազգային հանրությունը հնարավոր նոր պատերազմին նախապատրաստելու համար։ Ցավոք, պաշտոնական Երևանը դրան ոչինչ չի հակադրել, ինչի հետևանքով ստացել է և՛ պատերազմ, և՛ արտաքին գործընկերների, մեղմ ասած, անտարբեր մոտեցում։ Եվ դա փաստացի արձանագրված դեռևս միակ արդյունքն է, որն ունեցել է Նիկոլ Փաշինյանը բանակցային գործընթացը՝ իր իսկ խոսքերի համաձայն «զրոյական կետից» սկսելու որոշումից հետո։

Ստանձնելով երկրի ղեկավարի պաշտոնը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արտաքին քաղաքականության ոլորտում լուրջ փոփոխություններ չեն լինելու և նա շարունակելու է ՀՀ նախկին իշխանությունների վարած գիծը։ Որոշ ժամանակ անց՝ 2020թ. մայիսին, Կառավարության ղեկավարը հայտարարեց, որ «Հայաստանը բոլորովին նոր արտաքին քաղաքականության հայեցակարգ է մշակում»։ Նա խոսեց նաև արտաքին քաղաքականությունը «զրոյից ստեղծելու» իր մտադրության մասին։ Եվ ահա Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ և միջազգային հանրության անտարբերությունը դարձան բանակցային գործընթացն ու արտաքին գործընկերների հետ հարաբերությունները «զրոյացնելու»՝ Փաշինյանի քաղաքականության առաջին պտուղները։ Մինրդե դրա շարունակությունն էլ ավելի անկանխատեսելի ու վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի և Արցախի համար։

Խոսքն առաջին հերթին վերաբերվում Թուրքիայի ակտիվությանը մեր տարածաշրջանում և նրա՝ հիմա արդեն հաջողվող փորձերին լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվ մասնակից։ Հուլիսյան իրադարձությունները Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների կողմից նախ և առաջ կապիտալիզացվեցին հենց այս համատեքստում։ Սահմանում հնչած առաջին իսկ կրակոցներից հետո պաշտոնական Անկարան հանդես եկավ մի շարք քաղաքական հայտարարություններով, լիակատար աջակցություն հայտնեց Ադրբեջանին, հետո խնդիրը դուրս բերեց թյուրքական և իսլամական պետությունների համատեղ հայտարարությունների աստիճանի վրա, այնուհետև՝ էլ ավելի լայնացրեց հարցի միջազգային ընկալումը՝ դարձնելով այն աշխարհաքաղաքական գործընթացների և առևտրի գործոնի։ Եվ այդ ամենը Ադրբեջանին ցուցադրվող ռազմական օժանդակության և համատեղ լայնածավալ զորավարժությունների ուղեկցությամբ։ Արդյունքում Թուրքիայի իշխանությունները կարողացան հասնել նրան, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի սահմանում տեղի ունեցող զարգացումներն իրենց հետ քննարկեն մեր տարածաշրջանում շահ ունեցող բոլոր՝ այդ թվում նաև Ռուսաստանի ղեկավարները։

Հայկական կողմը Թուրքիայի այս ակտիվությանը գործնականում ոչինչ չհակադրեց։ Ըստ էության, լուռ էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ՀԱՊԿ գծով Հայաստանի ռազմական դաշնակիցները, ինչպես նաև միջազգային այլ կառույցներն ու մեր գործընկեր երկրները, որոնք ավանդաբար հանդես են եկել Թուրքիայի տարածաշրջանային ակտիվությունը զսպելու դիրքերից։ Ինչու՞ այդպես ստացվեց։ Պատասխանը կրկին նույնն է՝ որովհետև Նիկոլ Փաշինյանը «զրոյացրել» է թշնամի պետությունների ագրեսիան զսպող բոլոր դիվանագիտական գործիքները։

Զրոյացված են նաև Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Եվրոպակա Միության, Իրանի, Վրաստանի և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական շահ հետապնդող մնացած բոլոր երկրների ու միջազգային կառույցների հետ։ Հայաստանն այսօր գտնվում է դիվանագիտական լիակատար մեկուսացման մեջ և չի կարողանում սպասարկել միջազգային հարթակներում մեր անվտանգային շահերը։ Դա արտաքին քաղաքականության տոտալ տապալման վկայություն է, որի տրամաբանական շարունակությունը մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարցերի՝ առանց մեր մասնակցության քննարկումն ու որոշումն է այլ երկրների՝ այդ թվում նաև Թուրքիայի կողմից։

Այս ամենի համատեքստում առնվազն տարօրինակ է այն փաստը, որ ՀՀ իշխանությունները ստեղծված իրավիճակից ելիքի լուծումներ չունեն և անգամ նման քննարկում չեն իրականացնում ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ արտաքին միջավայրում։ Հուլիսյան իրադարձություններից արդեն գրեթե մեկ ամիս է անցել, բայց երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվտանգային այդ կարևոր հարցի վերաբերյալ որևէ զրույց չի ունեցել աշխարհի ոչ մի պետության ղեկավարի կամ բարձրաստիճան պաշտոնյայի հետ։ Հայաստանի անվտանգային հարցերը գործուղված են բացառապես ՀՀ Զինված ուժերին, որոնք ստիպված են այդ խնդիրը լուծել մարդկային ծանր կորուստների գնով։ Սա անհեռանկար մարտավարություն է, որի հետևանքով Հայաստանը կարող է հայտնվել էլ ավելի լուրջ մարտահրավերների և արտաքին սպառնալիքների առջև։

Եվ ուրեմն տրամաբանական հարց է առաջանում, թե իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում արտաքին քաղաքականությունն ու բանակցայինց գործընթացը զրոյից շարունակելու Նիկոլ Փաշինյանի մարտավարությունը։ Իսկ կարո՞ղ է վաղն էլ վարչապետը որոշի «զրոյացնել» հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրները։ Կամ ԵՄ, Ռուսաստանի և այլ երկրների հետ մեր հարաբերությունները։ Հարցերս հռետորական չեն. ցավոք, երկու նշված ուղղություններում էլ զրոյացման միտումներն արդեն երևում են։ Եվ ոչ միայն այդ հարցերում։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը կունենա նոր կորուստներ, նոր սպառնալիքներ և նոր վտանգներ։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում