Փաշինյանը զուրկ է ռազմավարական մտածողությունից. Վահան Իշխանյան

Փաշինյանը զուրկ է ռազմավարական մտածողությունից. Վահան Իշխանյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.amՀրապարակախոս Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ամուսլարի շուրջ ստեղծված իրադրությանը։ Նա մասնավորապես նշել է, որ Փաշինյանը իշխանության գալով՝ շատ էր ուզում Ամուլսարը շահագործեր, սակայն քանի որ շահագորման դեմ էին բոլոր նրանք, ովքեր հեղափոխության առաջին շարքերում էին եղել, չհարամձակվեց գնալ նրանց դեմ: Գրառումը՝ ստորև․

«Ինչո՞ւ են բացում Ամուլսարը

Փաշինյանը իշխանության գալով՝ շատ էր ուզում Ամուլսարը շահագործեր, սակայն քանի որ շահագործմանը դեմ էին բոլոր նրանք, ովքեր հեղափոխության առաջին շարքերում էին եղել, չհամարձակվեց գնալ նրանց դեմ։ Այդպիսով ստեղծվեց «ոչ բացել, ոչ փակել» մի իրավիճակ, որից և՛ Ամուսլարի շահագործողներն էին տուժում, և՛ բնապահպանները չէին դադարեցնում պայքարը, քանի որ հանքը փակված չէր։ Փաշինյանը թողեց այս «ստատուս քվոն»՝ հույսը դնելով, որ նախկին «ռեժիմից» դեռ գործող տնտեսությունը լրիվ բավական է տնտեսական կայունությունը պահելու համար, և որ տնտեսական աճ արձանագրի, գործող հանքերի շահագործման ծավալները ավելացվեցին։

Սակայն մի կողմից այդ համոզմունքի սնանկությունը բացահայտվեց, որ երկրների տնտեսությունները, նույն վիճակում մնալով, լճանում են, հետ են ընկնում համաշխարհային զարգացումներից, որ միայն այն հանգամանքը, որ վարչապետի աթոռին «ժողովրդի մարդը» կամ «ժողովրդի մարդու» հորքուրն է նստած, չի կարող տնտեսությունը զարգացնել, մյուս կողմից էլ կորոնավիրուսի համաճարակը, որը ոչ կարողացավ կանխարգելել, ոչ էլ բնակչության սոցիալական վիճակը կայունացնել, բացահայտեցին Փաշինյանի կառավարման բացարձակ անկարողությունը։

Պարզ բան է՝ եթե Ամուլսարը չես բացում, պետք է այլ ճանապարհներով ներդրումներ բերես, սակայն Փաշինյանի ուղեղը այդպես չի աշխատում, նա միայն սև ու սպիտակ, թշնամի ու բարեկամ որսալով է զբաղված, էն աստիճանի, որ այնպիսի օրենքեր է հանում, որոնք միայն ներդրումների դեմ են ուղղված (բանկային գաղտնիքի, ապօրինի գույքի օրենքները), և հատուկենտ ներդրումներն էլ խոչընդոտում է միայն նրա համար, որ դրանք կարող են միավորներ բերել իր հակառակորդներին (կամ թշնամիներին), ինչպես Էմիրատների շեյխին մերժեց ներդրում անել, ինչ է, թե Ծառուկյանի գործընկերն էր։

Իսկ հիմա տեսավ, որ նեղն է ընկել, երկիրը քանդվում է, ի՞նչ անի, ու էլի ձեռք է մեկնում «նախկին ռեժիմի» նախագծին, էն նախագծին, որը հեղափոխությունը մերժել էր։

Փաշինյանը զուրկ է ռազմավարական ու նույնիսկ մարտավարական մտածողությունից, կարող է երազային հայտարարություններ անել,թե 2050 թվին Հայաստանը 5 միլիոն բնակչություն կունենա, բայց անկարող է վաղվա օրը հաշվարկել, նույնիսկ հաջորդ ժամը չի հաշվարկում, նույնիսկ հաջորդ 10 րոպեն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում