Հայաստանում հնչեցին Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները

Հայաստանում հնչեցին Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, Aravot.am։ Դասական երաժշտության սիրահարները Հայաստանում քաջածանոթ են մալթացի կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի արվեստին։ Ժամանակակից հեղինակի գործերը բազմիցս հնչել են երևանյան համերգասրահներում տարբեր կոլեկտիվների և մենակատարների կատարմամբ։ Երևանում ներկայացվել են Շորի սիմֆոնիկ‚ կամերային‚ բալետային ստեղծագործությունները‚ որոնք հանդիսատեսի կողմից ընդունվել են ջերմությամբ ու ծափերով։ Նրա գործերն այսօր կատարվում են աշխարհի ամենաճանաչված համերգասրահներում‚ պահանջված մենակատարների ու նվագախմբերի կատարմամբ։

Հայաստանում օրերս կրկին հնարավորություն ունեցանք հաղորդակցվելու հեղինակի գեղեցիկ‚ մեղեդային ու ինքնատիպ արվեստին.

Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի կողմից կազմակերպված «Music 20» փառատոնի շրջանակում կատարվեցին Ալեքսեյ Շորի «Ճանապարհորդական նոթատետր» դաշնամուրի կոնցերտը‚ «Բյուրեղապակյա դղյակ» սյուիտը‚ կլարնետի կոնցերտը և այլն։ Շորի ստեղծագործությունները հնչեցին թավջութակահար Բորիս Անդրիանովի, ջութակահարներ Անդրեյ Բարանովի‚ Ֆրանչեսկա Դեգոյի‚ Հայկ Կազազյանի‚ դաշնակահար Նիկիտա Մնդոյանցի‚ կլարնետահար Իգոր Ֆյոդորովի և ճանաչված այլ մենակատարների մեկնաբանմամբ։ Ջութակահար Անդրեյ Բարանովը և դաշնակահար Նիկիտա Մնդոյանցը նկատում են‚ որ իրենց երկացանկում ընդգրկված են Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները‚, որոնք կատարել և կատարելու են տարբեր բեմերում։

Երաժիշտները շեշտում են‚ որ Շորի մեղեդիներն աչքի են ընկնում ներդաշնակությամբ, ռոմանտիկ հուզականությամբ։ Դրանք ոչ միայն հաճելի են ունկնդրման համար‚ այլև կատարողական առումով երաժիշտներից բարձր պատրաստվածություն են պահանջում։

Կոմպոզիտորի կոնցերտներն ընդգրկված են նաև հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի‚ դաշնակահար Նարե Արղամանյանի‚ Խաչատրյանի անվան եռյակի և այլ հայտնի մենակատարների և անսամբլների երկացանկերում։

Ինքը՝ Շորը‚ բազմիցս է այցելել Հայաստան ու միշտ շեշտել է, որ Հայաստանն իր համար յուրահատուկ մի վայր է՝ լի ջերմությամբ‚ խստապահանջ ու զգացմունքային հանդիսատեսով։ Հայաստանում տված իր հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ երաժշտության մեջ ավանգարդ մտածողությունն ու ոճն իրենը չէ. իր տարերքը Բախն է‚ վիեննական դասականները։

Լիլիթ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում