Երբ փրկությունը սերն է. Լիլյա Մուկուչյանի դերակատարմամբ ներկայացումը կցուցադրվի «Արմմոնո» փառատոնին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի Լիլյա Մուկուչյանի համար մոնոներկայացման ժանրում հանդես գալը նորություն է: Նրա նախաձեռնությամբ Մանվել Խաչատրյանը բեմադրել է Ռոբերտ Ռոժդեստվենսկու «Մենախոսություն կնոջ մասին» ստեղծագործության համանուն ներկայացումը, որը, Մուկուչյանի խոսքով, ոչ թե ներկայացում է, այլ բանաստեղծության բեմականացում, որի խորեոգրաֆը Նունե Կիրակոսյանն է:
Ներկայացումը հանդիսատեսի դատին կհանձնվի «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում օգոստոսի 7-ին Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոց-ցուցասրահում:
Այն պատմություն է միայնակ կնոջ մասին, որի միայնությունը վերածվել է պատժի, և հնարավոր փրկություն կարող է դառնալ գտնված սերը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Լիլյա Մուկուչյանը պատմեց, որ նման ներկայացմամբ հանդես գալու գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն իրեն առաջարկել է մասնակցել «Արմմոնո» 2020-ին: «Այս ժանրում երբեք չեմ աշխատել: Երկար էի փնտրում նյութը, չնայած՝ փառատոնի մեկնարկին քիչ ժամանակ էր մնացել: Փնտրտուքի ընթացքում գտա Ռոժդեստվենսկու «Կնոջ մենախոսությունը»: Թեման շատ արդիական թվաց: Շատ գեղեցիկ բանաստեղծությունը չի կարող դուր չգալ: Հենց այդպես էլ առաջացավ վերոնշյալ ներկայացման ստեղծման գաղափարը, սակայն սա ասես ոչ թե ներկայացում, այլ մեծ բանաստեղծության բեմականացում է»,-նշեց դերասանուհին:
Անդրադառնալով ներկայացման հիմնական ուղերձին՝ Մուկուչյանը խոստովանեց, որ չի կարող ասել՝ այս մոնոներկայացմամբ որոշակի հաղորդագրություն է փոխանցում հանդիսատեսին կամ հենց կանանց: Նման խնդիր իր առաջ չի դրել. պարզապես հանդիսատեսի հետ շփման չափազանց մեծ ցանկություն է եղել: «Կարոտում եմ բեմը, շատ կախված եմ թատերասերի հետ անմիջական հաղորդակցումից: Հենց դրանում է թատրոնի դերասանի մասնագիտության իմաստը: Ամեն դեպքում կցանկանայի, որ կին հանդիսատեսը այս փոքր ներկայացումը նայելուց հետո իրեն ավելի լավ զգա, կցանկանամ՝ կանայք առավել հարգեն իրենց, իմանան, թե ինչ ուժ են իրենք կրում ծնված օրվանից: Եթե գոնե մեկ կին համաձայնի այս ներկայացման իմ մեկնաբանության հետ, հավանաբար ճիշտ, հետաքրքիր և օգտակար ուղերձ ուղղած կլինեմ: Հույս ունեմ՝ այդպես էլ կլինի»,-ընդգծեց դերասանուհին:
«Արմմոնո» փառատոնն այս տարի նվիրված է Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 85-ամյակին: Փառատոնի ներկայացումները անցկացվում են բացօթյա՝ հարթակներում խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները:
Բեմադրությունները ցուցադրվում են նաև առցանց՝ միաժամանակ ուղիղ հեռարձակմամբ, քանի որ հանդիսատեսի թույլատրելի քանակը սակավաթիվ է: «Արմմոնո»-ին մասնակցում են դերասաններ Նարեկ Բաղդասարյանը, Լիլյա Մուկուչյանը, Նաիրա Եդիգարյանը, Դավիթ Աբրահամյանը, ՀՀ ժող. արտիստ Հակոբ Ազիզյանը, ՀՀ վաստ.արտիստ Մայիս Սարգսյանը և այլք:
Անժելա Համբարձումյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում