Տոնացույցը՝ որպես ազգային ինքնության արտահայտման միջոց
Նմանատիպ
Հազարամյակներ ի վեր անհատի, համայնքի, երկրի կենսագործունեությունը կազմակերպելու կարևորագույն նախապայմաններից մեկը եղել է ժամանակի արդյունավետ տնօրինումը: Ելնելով բնակլիմայական պայմանների առանձնահատկություններից՝ տարբեր քաղաքակրթություններ և ժողովուրդներ ստեղծել են ժամանակը հաշվարկելու զանազան եղանակներ ու համակարգեր, որոնցից այսօր ամենահայտնին օրացույցն է: Օրացույցերն ունեցել են այլ կարևոր գործառույթներ ևս. ժողովրդի տնտեսական զբաղմունքների, քաղաքական կյանքի, մշակութային ինքնատիպության, կրոնական պատկերացումների ուսումնասիրության ընթացքում ուշագրավ բացահայտումներ կարելի է անել օրացույցի միջոցով։ Հայերը, աշխարհի հին ժողովուրդների նման, նախաքրիստոնեական անցյալում ունեցել են իրենց օրացույցը:
Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հչակելուց հետո հիմք է դրվում նաև քրիստոնեական օրացույցին: Հայոց եկեղեցական օրացույցը, որը շատ ավելի հայտնի է «Տոնացույց» անվամբ, ըստ ավանդության, սկսել է կազմավորվել Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ: V դարում Սահակ Պարթև Հայրապետը կատարել է «Տոնացույց»-ի առաջին պաշտոնական խմբագրումը, որում ընդգրկվել են Քրիստոսի Ծնունդը, Հարությունը, Համբարձումը, Աստվածածնի և Խաչի տոներից մի քանիսը, Մեծ պահքը և այլն: Դարերի ընթացքում Հայոց հայրապետների կարգադրությամբ «Տոնացույց»-ը համալրվել է Տերունական, այսինքն՝ Հիսուսին, Աստվածամորը, Խաչին, Եկեղեցուն նվիրված նոր տոներով, հայազգի, համաքրիստոնեական, աստվածաշնչյան սրբերի հիշատակի, ինչպես նաև պահքի օրերով, որոնք բաշխված են տարվա 365 օրերի մեջ: Հայոց եկեղեցական «Տոնացույց»-ի վերջին պաշտոնական խմբագրումը կատարել է Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը՝ 1774 թ.: Փաստորեն, քրիստոնեական «Տոնացույց»-ի հիմնական նպատակը դառնում է Քրիստոսի կյանքը, սրբերի վարքն ու նահատակության պատմությունները տարեկան պարբերականությամբ մարդկանց հիշեցնելով ժողովրդի մեջ արմատավորել քրիստոնեական գաղափարախոսությունը և գիտակցությունը։
«Տոնացույց»-ն արտացոլում է նաև Հայ Առաքելական Եկեղեցու դավանաբանական կողմնորոշումը: Այսպես. պատահական չէր այն, որ VI դ․ վերջից տոների շարքում հիշվում է նաև Վարդավառը: Դա մի ժամանակաշրջան էր, երբ Բյուզանդական կայսրությունը ձգտում էր Հայ Եկեղեցում ամրագրել քաղկեդոնականությունը: Հաստատելով Պայծառակերպության տոնը՝ Հայ Եկեղեցին վերահաստատում էր իր քրիստոսաբանական դիրքորոշումը: Եթե քաղկեդոնական դավանանքի առանցքում Հիսուսի երկու բնությունների հարցն էր դրված, ապա Պայծառակերպությամբ Հիսուսի մարդկային բնության մեջ միաժամանակ տեսանելի էր դառնում աստվածայինը, մեկ անձում երկու բնությունների անխառն, անշփոթ լինելը, ինչը հակասում է քաղկեդոնական դավանաբանությանը:
Եկեղեցական «Տոնացույց»-ն ունի ևս մի կարևոր առանձնահատկություն․ սրբացվում և «Տոնացույց»-ում ընդգրկվում են աշխարհիկ, սակայն «վասն հավատոյ» նահատակվածները, ինչպես, օրինակ, Վարդան Մամիկոնյանը և Ավարայրի հերոսները, ժողովուրդը՝ ի դեմս Վարդանանց պատերազմի նահատակների և Հայոց մեծ եղեռնի զոհերի։ Այսպիսով, օրացույցի միջոցով Եկեղեցին յուրաքանչյուր տարեշրջան ժողովրդին հիշեցնում է ազգային հերոսների մասին, և արթուն պահում սեփական հայրենիք ու հերոսներ ունենալու գաղափարը: Այսկերպ արտահայտում է իր դիրքորոշումը և հոգում ժողովրդի գաղափարական կողմնորոշման հարցերը՝ նպաստելով ազգային գաղափարախոսության ձևավորմանն ու ամրապնդմանը:
Օրացույցում արտացոլված է յուրաքանչյուր օրվա ծիսական պատկերը՝ սուրբգրային ընթերցվածներ, շարականներ, աղոթքներ, քարոզներ և այլն: Այդպիսով, Հայ Առաքելական Եկեղեցու՝ աշխարհի տարբեր ծայրերում հաստատված թեմերը տեղյակ են լինում հայոց հավատքի կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սահմանած տոնածիսական կարգին, ինչը Էջմիածնի շուրջ համախմբվելու կարևոր կռվան է:
«Տոնացույց»-ում արտացոլված Հայ Եկեղեցու ծիսական առանձնահատկություններից է հինգ տաղավար տոների ամրագրումը, այդ տոներին նախորդող և հաջորդող ծեսերի հիշատակումը, ինչպես՝ նախատոնակ, ճրագալույց, մեռելոց և այլն: Առանցքային է Ծնունդը և Մկրտությունը մեկ օր՝ հունվարի 6-ին նշելը և մյուս շարժական տոների ժամկետները հաշվարկելու եղանակները:
«Տոնացույց»-ը կատարում է նաև տնտեսական տարվա կարգավորման դեր, և պատահական չէ, որ դրանում տեղ են գտել նաև ժողովրդական տոմարի ձևակերպումներ, ինչպես՝ «Սկիզբն յիսուն աւուրց երկրորդ մասի ձմերան», «Սկիզբն պառաւաց ցրտոյն», «Միջինք» և այլն: Հայերեն առաջին տպագիր օրացույցում՝ «Պարզատումար»-ում, որը հրատարակվել է 1513-ին Վենետիկում՝ Հակոբ Մեղապարտի հիմնադրած առաջին տպարանում, հիշատակվում են նաև ժողովրդական մշակույթի այլ դրվագներ՝ կապված եղանակային կանխատեսումների, երազների հետ և այլն:
Այսպիսով, եկեղեցական «Տոնացույց»-ը կատարում է ոչ միայն ժամանակի հաշվարկն ապահովելու, այլ նաև եկեղեցական և ժողովրդական սովորությունները փոխանցելու, ինչպես նաև ժողովրդի հոգևոր, գաղափարական և ազգային ոգին մշտարթուն պահելու և աշխարհասփյուռ հայերի միասնականությունն ապահովելու գործառույթ:
Պատրաստեց` Հասմիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ
Հետևեք մեզ նաև Telegram-ում