«Եվ Աստված օրհնեց նրանց»
Նմանատիպ
«Եւ օրհնեաց զնոսա Աստուած»։
«Եվ Աստված օրհնեց նրանց» (Ծննդոց 1:28):
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս.
Երեկ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին օրհնվեց խաղողը, օրհնվեցին բոլոր պտուղները: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կատարեց խաղողի օրհնության կարգ՝ Աստծո օրհնությունը հայցելով և բաշխելով բոլոր տեսակի բարիքների վրա:
Մենք գիտենք, որ տարվա ընթացքում Սուրբ Սարգսի տոնին կատարվում է երիտասարդների, Տյառնընդառաջին՝ նորապսակների, Ծաղկազարդին՝ մանուկների, Ավետման տոնին՝ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ: Ըստ եկեղեցական կանոնակարգի՝ առանձին կատարվում են նաև տան, սեղանի, մատաղի աղի օրհնության կարգեր: Օրհնվում են նաև մեր ննջեցյալների գերեզմանները:
Ի՞նչ է օրհնությունը, ինչո՞վ է այն կարևորվում մեր կյանքում: Եկեղեցում արված օրհնության կարգը ըստ պատշաճի աղոթքն է, որով նվիրագործում է ամեն բան: Երբ մարդն է օրհնում Աստծուն, գոհություն է հայտնում, փառաբանում է Նրան՝ Նրա բարիքների և ողորմածության համար, իսկ երբ Աստված է օրհնում մարդուն, բարիք է խոստանում և Իր ազդու Խոսքի զորությամբ բարիք և բարօրություն է բերում նրան: Երբ Աստված ստեղծեց առաջին մարդկանց, օրհնեց նրանց՝ ասելով. «Աճեցե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք երկիրը» (Ծննդոց 1:28):
Օրհնությունը անհրաժեշտ է մարդուն օդ ու ջրի պես, որ եկեղեցին Քրիստոսից ստացած իր իշխանությամբ բաշխում է մարդկանց: Այն հարկավոր է մարդուն, նրա ընթացքի մեջ, նրա կյանքում, նրա գործերում: Մարդը կարող է տանջվել օրնիբուն, սակայն արդյունք չտեսնել, զգալ, որ օրհնություն է պակասում իրեն՝ իրական արդյունք ունենալու համար: Այս պարագայում պետք է գիտակցել, որ առանց Աստծո օրհնության հնարավոր չէ ճշմարիտ ոչինչ կառուցել՝ սկսած ծրագրեր կազմելուց, որոնք նույնպես Աստծո օրհնության կարիքն ունեն: Ոմանք ապավինում են իրենց խելքին, իրենց իմաստությանը, ոմանք՝ գոյություն չունեցող բախտին, ոմանք՝ ծնողներին, ոմանք՝ ընկերներին ու բարեկամներին, ոմանք՝ իրենց կրթությանը, սակայն չեն ցանկանում խոստովանել, որ այդ ամենը Աստծո շնորհն է իրենց և կյանքում պետք է ապավինել միայն Աստծուն և Աստծո օրհնությամբ առաջ ընթանալ: Սուրբ Գրքում Աստված Իր օրհնությունն է խոստանում բոլոր պատվիրանապահներին:
Մարդիկ իրենց և իրենց ընտանիքների բարօրության համար զանազան սնահավատությունների են դիմում, ձիու նալեր են պատրաստում, տարբեր թալիսմաններ ու հմայիլներ պահում, ձախորդությունների ու անհաջողությունների պատճառները որոնում են գրբացների ու բախտագուշակների մոտ: Մինչդեռ այս ամենի փոխարեն հարկավոր է սեփական մեղքերին անդրադառնալ, Աստծուն աղոթել, Աստծո օրհնությունը փնտրել և սեփական կյանքի քայլերը շտկելով, բարեպաշտ վարքով, ապրելով արդար և օրինավոր: Երեխաների վախը չափելու և բռնելու փոխարեն մենք մեր երեխաներին պիտի ուղեկցենք դեպի Աստծո տուն, որպեսզի նրանք Աստծո օրհնությամբ մեծանան, ինչպես քառասնօրյա մանուկ Հիսուսին Հովսեփն ու Մարիամը տարան տաճար՝ Աստծուն ընծայելու:
Ի վերջո, մենք բոլորս ցանկանում ենք, որ մեր կյանքում և մեր տներում, մեր աշխատավայրում, մեր երկրում, աշխարհում խաղաղություն լինի: Իսկ կյանքի անդորրը խախտվում է անօրենությունների, անարդարությունների, մեղքերի պատճառով, Աստծուց հեռանալով: Մինչդեռ Աստծո օրհնությունը յուրաքանչյուր անձի համար բարերար է և կարևոր: Հիշենք, թե ինչ ջանքեր գործադրեց Հակոբը, որպեսզի արժանանա հոր՝ Իսահակի օրհնությանը: Մենք էլ պետք է ջանանք Աստծո օրհնությանը արժանանալու համար:
Օրհնությունը դրական իմաստ ու նշանակություն ունեցող բառ է: Մարդը Աստծուց օրհնվում է, հետևաբար նա էլ պետք է օրհնի մարդկանց և հեռու մնա անեծքներից, անգամ եթե ցավեցրել են նրան, չարին չարով չպատասխանի, քանի որ Տերն ասում է. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում, որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է» (Մատթեոս 5: 44, 45): Եվ չպետք է քրիստոնյայի բերանից միաժամանակ հնչեն օրհնություններ ու անեծքներ, ինչպես ասում է Սուրբ Հակոբոս առաքյալը. «Նրանով (այսինքն՝ լեզվով) օրհնում ենք Տիրոջը և Հորը և նրանով անիծում ենք մարդկանց, որ ստեղծվեցին Աստծու նմանությամբ: Նույն բերանից դուրս են գալիս օրհնություններ և անեծքներ: Եղբայրնե՛ր իմ, պետք չէ, որ այդ այդպես լինի: Միթե մի աղբյուր նույն ակից քաղցր և դառն ջուր կբխեցնի՞» (Հակոբոս 3:9-11): Իսկ Սուրբ Պետրոս առաքյալն ասում է. «Չարի փոխարեն չար մի՛ հատուցեք, կամ նախատինքի փոխարեն՝ նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցե՛ք, որովհետև այդ բանին իսկ կոչվեցիք, որպեսզի ժառանգեք օրհնությունը» (Ա Պետրոս 3: 9):
Օրհնությունը Աստվածպաշտության անբաժան մասն է: Մարդ օրհնվում է Աստծու կողմից և փոխարենը չպետք է մոռանա իր հերթին փառաբանել Աստծուն և աղոթել ու օրհնել իր նմանին։ Օրհնել մարդկանց նշանակում է նրանց բարիք ցանկանալ, բարեմաղթել: Օրհնել Աստծուն նշանակում է գովել և փառաբանել Նրան Նրա բոլոր բարությունների համար:
Սիրելինե՛ր, այսօր մեկտեղված ենք այս սուրբ տաճարում աղոթելու մեր ննջեցյալների հոգիների խաղաղության համար։ Աստված մեզ շնորհ է տվել հարատևելու աղոթքի մեջ, իսկ աղոթքի կարիք ոչ միայն մենք ունենք, այլ նաև մեր ննջեցյալները։ Հոգևոր ուրախություն ենք ապրում, երբ մեր պարտքն ենք կատարում մեր ննջեցյալների հիշատակի առջև։ Հոգեհանգստյան կարգի ժամանակ քահանան աղոթում է հանգուցյալ և ապրող մեղավորների համար, քանի որ մեր մեղքերի թոթափումից հետո է, որ Աստված կլսի մեր աղոթքը։ Ուրեմն մաքուր սրտով, աներկբա հավատքով աղոթենք մեր Տիրոջը։ Մեր աղոթքը, նախ, թող փառաբանություն և օրհնություն լինի, ապա նոր միայն խնդրանք։ Դավթի սաղմոսները Աստծուն օրհնաբանելու անգերազանցելի աղոթքներ են: Երջանիկ են նրանք, ովքեր Աստծուն փառաբանել գիտեն: Աստվածային օրհնությունը հավիտենական կյանքի գրավականն է և փրկության հույսը։ Աստված իր խոստման համաձայն հավերժի ճանապարհը բռնած մարդուն բնակեցնում է Երկնային Արքայության լույսերի մեջ։ Ննջեցյալների հիշատակության այս օրը, աղոթում և մաղթում ենք, որ նրանք արժանանան երկնային օրհնության: Այդ օրհնությունը բացառում է խավարն ու մութը: Սուրբ Աստվածածնի բարեխոսությունն ենք հայցում նրանց համար: Թող մեր կյանքում Աստծո օրհնությամբ բարին կատարվի, իսկ մեր ննջեցյալներն արժանանան լուսավոր օթևանների:
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:
Տեր Վահան քհն. Առաքելյան
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում