Հովհաննես Հովհաննիսյան․ Հայրիկ
18/08/2020 19:43
Նմանատիպ
Փոթորիկն անցավ. տեսնում եմ ահա
Պայծառ արևի ծագումն հրաշափառ.
Ավետյաց հրեշտակն իջավ մեզ վրա,
Եվ նոր առավոտ բաց է մեզ համար։
Երկար տանջվեցանք. որպես սև գիշեր
Խավար էր պատել մոր բիրտ սրտերին.
Վայելե՛նք նոր օր – ահա՛ ջինջ եթեր
Լցված է բուրմամբ մի եթերային։
Վարդերն ինձ այսօր ժպտում են անուշ,
Սոխակին դայլայլ հնչում է քաղցրիկ․․․
Ախ, այսինչ հույզ է, որ այսպես քնքուշ,
Շոյում է հոգիս, – հույս չնաշխարհիկ։
Մարած է սև կիրք, լռել է նախանձ.
Եղբայր – ձայնում եմ ես իմ թշնամուն․․․
Ոհ թե երկնային այս զգացումն անանց
Տեր մընար հավետ ամենուս հոգուն։
Մի անուն միայն, մի քաղցրի՛կ անուն
Թող մեզ բոլորիս շաղկապե սիրով-
Հայրիկ․․․ նազելի և թովիչ հնչյուն,
Համակ անհուն սեր և համակ գորով։