«Արցախի վերաբնակեցման ծրագիրն այսօր ավելի քան հրատապ է»․ Արթուր Վանեցյան

«Արցախի վերաբնակեցման ծրագիրն այսօր ավելի քան հրատապ է»․ Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.amԱրցախ կատարած աշխատանքային այցի ավարտին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հարցազրույց է ունեցել «5-րդ ալիք» հեռուստաընկերության հետ, խոսել այցի բուն նպատակի, ինչպես նաեւ արցախյան քաղաքական ուժերի, Արցախի հոգևոր առաջնորդի, Ազատամարտիկների միության ղեկավար կազմի հետ հանդիպումների և այլ խնդիրների շուրջ։

«Քննարկումների առանցքային խնդիրներից է եղել արցախյան հակամարտության կարգավորումը, որի շրջանակում մենք ներկայացրել ենք մեր կուսակցության դիրքորոշումը, և կարող եմ փաստել, որ մեր կուսակցության և Արցախի քաղաքական ուժերի ներկայացուցիչների մոտեցումն այս խնդրի շուրջ միակամ է. Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքննելի է, իսկ Արցախի անկախության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի»,-ընդգծել է Արթուր Վանեցյանը։

Անդրադառնալով Արցախի վերաբնակեցման ծրագրին՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավարը նշել է, որ դա համահայկական խնդիր է, որին պետք է ակտիվ մասնակցություն ունենան թե՛ հայաստանցիները, թե ՛ արցախցիները և թե սփյուռքի մեր հայրենակիցները։

«Մեր գործող իշխանությունների ոչ ճիշտ, իսկ ավելի հստակ՝ ապաշնորհ բանակցային գործընթացի կամ դրա բացակայության արդյունքում Ադրբեջանի կողմից ի հայտ է եկել մի կեղծ եզրույթ՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնք», և այդ տեսանկյունից վերաբնակեցման ծրագիրն այսօր ավելի քան հրատապ է»,- ասել է Վանեցյանը՝ հավելելով, որ «Հայրենիք» կուսակցությունը պատրաստվում է ստեղծել աշխատանքային խումբ և օրակարգային խնդիր դարձնել Արցախի վերաբնակեցման ծրագիրը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում