Գյումրու համայնքապատկան թանգարանները պատրաստ են ընդունել այցելուներին
Նմանատիպ
ԳՅՈՒՄՐԻ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու համայնքապատկան թանգարանները հանրապետության մյուս թանգարանների նման պարետի որոշմամբ բաց են այցելուների համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կորոնավիրուսային հիվանդության պայմաններում թանգարանները գործունեությունը իրականացնելու են՝ հետևելով պարետի սահմանած կանոններին՝ մուտքը դիմակներով ու միայն ջերմաչափումից հետո, բացառելով յուրաքանչյուր 20 քառ. մետրի հաշվարկով 10-ից ավելի այցելուի միաժամանակյա ներկայությունը, պահպանելով առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն, բացառելով թղթե տեղեկատվական նյութերի շրջանառումը այցելուների շրջանում, այցելուների հպումը էկրաններին և այլն: Գյումրու քաղաքապետարանից վստահեցնում են՝ թանգարանները պատրաստ են այս կանոններով ընդունել այցելուներին:
«Հաշվի առնելով այցելուների առաջիկա հնարավոր հոսքը, խնդրելու ենք խմբերին նախապես կապվել թանգարանների հետ՝ ժամային հստակեցումներ անելու, այդ այցերն ավելի համակարգված կազմակերպելու, կուտակումներից խուսափելու ու թանգարաններում անհրաժեշտ հեռավորություն պահպանելու համար»,- ասաց Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը՝ խնդրելով այցելուներին լինել կարգապահ ու հետևել պարետի կողմից սահմանված կանոններին: «Պետք է հասկանանք, որ սա իրադրություն է, որից բոլորս պարտավոր ենք գիտակցաբար դուրս գալ: Սրանք փոքրիկ աշխատանքային փոփոխություններ են, որոնց Գյումրու համայնքապատկան թանգարանները պատրաստ են»,-ավելացրեց Լիլիթ Թովմասյանը:
Խոսելով հեռավար աշխատելու ընթացքի մասին, պատասխանատուն տեղեկացրեց, որ Գյումրու թանգարանները, բացի հեռավար ցուցադրություններից, փորձել են համակարգել էլեկտրոնային բազաներն ու տեղեկատվական նյութերը: «Եթե սրանից առաջ միշտ ժամանակը չէր բավարարում աուդիո-վիդեո տուրերի համար համապատասխան տեղեկատվության հավաքմանը, հիմա այդ ժամանակը մեզ «նվիրեց» աշխարհում տիրող իրադրությունը: Դրանից բացի, բազմաթիվ այլ աշխատանքներ այս ընթացքում տարվել են՝ միջոցների հայթայթում, անտիպ գործերի տպագրություն, մասնակի նորոգում, համագործակցային աշխատանքներ և այլն: Այս ընթացքը նպաստավոր էր, որ մշակութային դադարը ծառայեցվեր մշակութային վերազինմանը: Հիմա մնում է այն թռիչքը, որ ունեին Գյումրու թանգարաններն անցած տարի, հետ բերել ու նույն ցուցանիշին հասնել»,-հավելեց Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետը:
Արմենուհի Մխոյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում