Ճշմարտություն
Նմանատիպ
Ճշմարտությունն այն գլխավոր արժեքն է, որը ոչ միայն պետք է տեսնել, այլ նաև՝ հանուն դրա ընտրություն կատարել: Այն մարդկային փոխհարաբերություններում ամենակարևոր և առաջնային պայմանն է, որի հիման վրա պետք է կառուցվի ու զարգանա մարդու հետագա կյանքը և գործունեությունը:
Որպեսզի մարդը ստեղծագործի, արժեքներ ու սկզբունքներ մշակի ու ձեռք բերի, պետք է հետևի ճշմարտությանը: Այս առումով ճշմարտության հիմքում ընկած է սերը, քանզի նա, ով իսկապես սիրում է, արժևորում է ճշմարտությունը ևս:
Անշուշտ, ճշմարտությամբ ապրելը բարդ է և պատասխանատու, սակայն միշտ էլ մարդկային կյանքում նախընտրելի է եղել ճմարտությունը, քան սուտը: Եթե գիտես ճշմարտությունը, ապրում ես ճշմարտությամբ, ապա կատարածդ յուրաքանչյուր քայլ իմաստավորվում է և տալիս իր բաղձալի արդյունքը:
Սակայն բացի այն ճշմարտությունից, որը վերաբերում է կյանքում առկա դեպքերին և իրադարձություններին, մարդկային կյանքն ու ճակատագրերը չափազանց տարբեր են, և յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ սեփական տեսակետը ճշմարտության, ինչպես նաև ճշմարիտ կյանքի ու արժեքների մասին։ Այս ամենը երևի թե միանգամայն բնական է ու հասկանալի, սակայն, այդուհանդերձ, գոյություն ունի աստվածային ճշմարտությունը, որն անկախ մարդկային բնավորության տարբերություններից՝ յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում պետք է ամենից կարևոր նախապայմանը լինի:
Հավատացյալ մարդն իր կյանքի իմաստը տեսնում է բարոյականության, առաքինության և Աստծո ներկայության մեջ․ սա է ճշմարիտը: Մենք բոլորս էլ Աստծո մեջ ենք փնտրում իրական Ճշմարտությունը: Քրիստոնեությունը մեզ սովորեցնում է, որ Ճշմարտությունն Աստված է՝ անհասանելի, բայց ճանաչելի Իր Հայտնությամբ։
Արմեն Չաքմիշյան
Աղբյուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում