Ավագ Եփրեմյան. Երկնքի թասը – ո՞ւմ ձեռքն է դա
Նմանատիպ
Երկնքի թասը – (ո՞ւմ ձեռքն է դա) – լեցուն
ադամանդներով մեր բախտի։ Չի ցնցում
պատկերը։ Սակայն ամեն օտարացում
ընդդիմադիր սեր ու շնչառություն է՝
իրենով լցված։ Նման հարությունը –
անառակի դարձ։ Այլ են արդեն գույնը,
ձայնը, կանչերը մահվան։ 0, վտարում,
դու եւ քաղաքդ եղել եք «Ղ» տառում,
մնացածները ձկներ են վտառում,
վտառ են ջրի, տարվա, վարակի
հետ հոսող, ոչինչ հույզերը հարակից
չեն նշանակում, փոշոտ մի դարակջց
հանած գիրք ինչպես։ Այլ գիրք է գրվում արդ,
ուր տարաբախտ սեր, վշտոտ ու ծաղկազարդ,
չի լինելու էլ։ Կարոտդ, որպես սարդ,
ծծել է ոգին քո մանկության – բզեզ,
միալար բզզոց մի արցունքաբեր։ Քեզ…
չկա փրկում, սարդդ պիտի փրկես։
Կրկնակի անկում՝ ճանապարհի կեսին –
գայթակղություն, բախտացրման ծեսի
մասնակիցը լինել։ – Դու-ի, ապա ես-ի
հին ուլունքները մատով խառնել թասում
երկնքի։ Վարակ, տարի ու ջուր, հասու
սրանց ընթացքին դու կդառնաս մասունք,
այսինքն աստղ – օտար ու փակ ցնծում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում