Չիրականացած հույս
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, Aravot.am: Հովհաննես Թումանյանի ընտանիքում կար յոթ թոռ. հինգ աղջիկ՝ Անահիտը, Նադեժդան, Սուրման, Նեկտարը եւ Իրման, երկու տղա՝ Հովհաննեսը, բանաստեղծի ավագ դստեր՝ Աշխենի որդին, որ անվանվել է ի պատիվ պապի, եւ Վիգենը՝ Մուշեղ Թումանյանի եւ Մարիա Սոկալսկայայի որդին:
Այս տարի լրանում է Վիգենի ծննդյան հարյուրամյակը:
Վիգենը ծնվել է 1920 թվականի օգոստոսի 30-ին: Գեղեցիկ տղան ժառանգել էր լեհուհի մոր բաց գույներն ու հոր դիմագծերին բնորոշ հայկական առանձնահատկությունները:
Թումանյանը տեսել է իր երեք թոռներին՝ Անահիտին, Հովհաննեսին եւ Վիգենին: Նա սիրում էր զբաղվել նրանց հետ, իսկ Հովիկի դեպքում նույնիսկ նամակագրություն էր պահպանում, ինչպես «մեծի» հետ…
Իսկ երեք տարեկան Վիգենին նստեցնում էր ծնկներին, գրասեղանի մոտ՝ թույլ տալով մատիտները, գրիչները, կենդանիների արձանիկները տեղաշարժել։
Տեսնելով, թե ինչ հետաքրքրությամբ է տղան ուսումնասիրում սեղանին դրված իրերը, Թումանյանն ասում էր. «Նա շատ բանիմաց է, շատ բանի կհասնի կյանքում։ Տեսնո՞մ եք, թե ինչ ուշադրությամբ է նա ուսումնասիրում կյանքը, առարկաները…»: Երբեմն Վիգենը անաղմուկ մոտենում էր թախտին՝ իբրեւ թե քնած պապին, ծանոթանում աշխատասենյակի իրերի հետ, փորձելով նրան չարթնացնել։ «Նա ջերմացնում է իմ սիրտը, հավատ է ներշնչում կյանքի հանդեպ…»,- ասում էր Թումանյանը թոռան մասին։
Վիգենը, ինչպես եւ իր քույրերը՝ Անահիտն ու Նադեժդան, գերազանց տիրապետում էր հայերենին, իսկ ավելի ուշ ուսումնասիրեց նաեւ գերմաներենը, որը նրան պետք եկավ պատերազմի ժամանակ։
Վիգենը վաղ սկսեց բանաստեղծություններ գրել, շատ էր գրքեր ընթերցում, պապի բանաստեղծություններն արտասանում: Նա սիրում է իր կրտսեր քույրերին եւ երես էր տալիս նրանց: Տանը նա բոլորի սիրելին էր։
Վիգենն ավելի շատ սիրում էր մաթեմատիկան ու ֆիզիկան, եւ ավարտելով դպրոցը, ընդունվեց Վրաստանի արդյունաբերական ինստիտուտ։
Իր գիտելիքների շնորհիվ նրան գործուղեցին ռազմական նախապատրաստական դասընթացների, որի ժամանակ էլ սկսվեց պատերազմը։ 1940 թվականի հունվարին, 18 տարեկանում նրան զորակոչեցին բանակ։
Վիգենը կանգնած էր ընտրության առջեւ՝ գնալ ուսումնարան, մնալ Օստրոգոժսկի պահեստային գնդում կամ գնալ ռազմաճակատ։ Հետաքրքիր պատմություն էր կապված զորակոչիկների ցուցակների հետ: Նրա ազգանունը ցուցակներում չկար:
Ամեն ինչ պարզվեց հետագայում: Մեքենագրուհին, ինչպես պատմում են, հայուհի է եղել եւ բաց է թողել նրա ազգանունը՝ հասկանալով, թե ում թոռն է նա։ Բայց Վիգենը, ցանկանալով ապացուցել, որ իր հայրը ժողովրդի թշնամին չէ (Թումանյանի երեք որդիները՝ Մուշեղը, Համլիկը եւ Արեգը ձերբակալված էին), խնդրել է ուղարկել ռազմաճակատ՝ ականանետային դասակի հրամանատարի պաշտոնում։ Իսկ չէ՞ որ նա կարող էր մնալ ուսումնարանում կամ պահեստային գնդում:
Այն մասին, թե ինչպիսին է եղել Վիգենը, պատմում են ռազմաճակատից տուն ուղարկած նրա նամակները։ «Հանդիպելով բռնության, ուզում եմ քանդել վիրակապերս, կրկին մեկնել ճակատ…»: Որտեղ ասես, որ նա չի կռվել՝ Ստալինգրադ, Վորոշիլովկա, Ռոսլավլ, Մոսկվայի տակ եւ այլն:
Վերջին անգամ Վիգենի հետ հանդիպեցինք Կիսլովոդսկում (մեր ընտանիքը՝ Սեդա Թումանյանը ամուսնու՝ Ռուբեն Սաֆրազբեկյանի հետ, եւ ես ապրում էինք Եսենտուկիում)։ 1941 թվականի օգոստոսին վիրավոր Վիգենին ուղարկեցին Կիսլովոդսկի զինվորական հոսպիտալ։ Մենք դժվարությամբ գտանք նրան։ Հայ աղջիկն արդեն ծանոթացել էր նրա հետ (տեղի հայերը դիմավորում էին վիրավորների շարժակազմերը) եւ հանկարծ, լսելով հորս եւ մորս հայերեն խոսքը, հասկացել է, որ Վիգենին են փնտրում։ Այսպես հաջողվեց գտնել նրան: Ուրախությանը չափ չկար: Ինչպիսի հերոս էր ինձ համար ավագ եղբայրս՝ վիրակապված ձեռքով: 1941 թվականի օգոստոսն էր, Թբիլիսիից եկել էր նրա մայրը՝ Մարիա Արխիլեւնան: «Ապակե շիթ» հուշարձանի մոտ Վիգենը լուսանկարվեց իր մոր հետ։ Դրանք անմոռանալի օրեր էին։ Ով կարող էր մտածել, որ դա վերջին հանդիպումն էր։ Վիգենը շտապում էր ռազմաճակատ։ «Միայն այստեղ է հնարավոր իսկական հայրենասիրությունը»,-ասել է նա, ուղղելով ձեռքի վիրակապը…
Հոսպիտալից հետո նա գրում էր՝ «Անցա հանձնաժողովը: Առողջ եմ… ուզում եմ արագ հասնել ռազմաճակատ»: Վերջին նամակը Վիգենից եկավ 1941 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Մոսկվայի մատույցներից, իսկ հետո՝ երկար-երկար տարիների լռություն…
Ինչ-որ մեկը վերադառնում էր, ինչ-որ մեկը ծանուցագրեր եւ նամակներ էր ստանում։ Վիգենի մասին բոլոր հարցումներին մենք ստանում էինք միեւնույն պատասխանը՝ «Անհետ կորել է»: Ուր ասես, որ չէր դիմել մեր ընտանիքը, որոնումներին միացավ անգամ Մարշալ Բաղրամյանը, բայց նա էլ անզոր գտնվեց: Եվ էլի նույն լռությունը։ Կուզենայինք գտնել արական գծով Թումանյանի տոհմի միակ շառավիղի թաղման վայրը։
Նրա մայրը՝ Մարիա Սոկալսկայան, հույսը չէր կորցնում։ Մոր սիրտը հուշում էր, որ նա կարող է թաղված լինել Լենինգրադի մատույցներում: Եվ նա ճիշտ էր: Տարիներ անցան։ Երկար որոնումներից հետո Արեգը՝ Թումանյանի ծոռը, Լենինգրադի զինվորական Պրեոբրաժենսկի գերեզմանատանը գտավ Վիգենի գերեզմանը: Պաշտոնական փաստաթղթերում չոր ու ցամաք հաղորդվում էր, որ Վիգենը մահացել է 1942 թվականի հուլիսի 15-ին, վերքերից։
Այսպես, պատերազմի դաշտերում կտրվեց մի հրաշալի երիտասարդի՝ մեծատառով մարդու կյանքը։ …Նրա հետ մարեց Թումանյանների վերջին հույսը։ Այսպիսին է եղել ընդամենը 22 տարի ապրած Թումանյանի շառավիղներից մեկի կյանքը, որի համար եւս առաջնայինը պատիվն ու նվիրումն էր:
Իրմա ՍԱՖՐԱԶԲԵԿՅԱՆ
Հովհաննես Թումանյանի թոռնուհի,
Բանասիրական գիտությունների դոկտոր
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/08/21/1130500/
© 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Հետևեք մեզ նաև Telegram-ում