Չեմ կարծում, որ որևէ լուրջ բան արվել է բիզնեսները փրկելու համար. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Չեմ կարծում, որ որևէ լուրջ բան արվել է բիզնեսները փրկելու համար. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amՉեմ կարծում, որ որևէ լուրջ բան արվել է բիզնեսները փրկելու համար, «փրկել» բառն եմ օգտագործում, որովհետև ամբողջ ոլորտը ոչնչացման եզրին է կանգնած. այս մասին տնտեսական ոլորտի մասնագետների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝անդրադառնալով կորոնավիրուսի զսպման համար Կառավարության ներկայացրած աջակցման ծրագրերին:

Նրա խոսքով՝ պետք է ոչ թե արտոնյալ վարկեր տրամադրել, այլ տալ հարկային արտոնություններ, և մեկ տարի ընդհանրապես ոլորտը որևէ հարկատեսակով չհարկել և կոմպլեքս միջոցառումներով առաջ գնալ.

«Երբ բիզնեսը ամբողջությամբ կանգանած է, դու, արտոնյալ վարկ տալով, խնդիր չես լուծում, դու միայն վարկային բեռն ես ավելացնւմ բիզնեսի վրա: Արտոնյալ լինելն այսօրվա պարագայում պայմանական է, եվրոպայում փողը բավական էժան է, այն, ինչ արտոնյալ են ասում, եվրոպայում միջին և միգուցե ավելի ցածր վարկային տոկոսն է, տվյալ դեպքում, ես չեմ համարում, որ արվել է որևէ լուրջ քայլ՝ բիզնեսին աջակցելու համար: Ամենից վատը այն է, որ Կառավարությունը ամենը ներկայացնում է՝ որպես մարդկանց լավություն անելու քայլեր: Դուք լավություն չեք անում, դուք ձեր պարտքն եք կատարում՝ որպես կառավարություն»:

Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ կառավարությունը պետք է դժվար պահերին կանգնի բիզնեսների կողքին, որպեսզի տնտեսությունը զարգանա, քանի որ քայքայված բիզնեսը մեկ-երկու ամսում հնարավոր չէ վերականգնել. «Սա պարզ ճշմարտություն է, որը իմ տպավորությամբ չեն հասկանում: Չեն հասկանում, որովհետև ոչ մեկը իր կյանքում հինգ աշխատատեղ չի ստեղծել, դրա համար չեն հասկանում»:

Դիտարկմանը, թե իշխանության կողմից մոտեցում կա, որ տնտեսությունը զարգացնելու համար մեկից պետք է վերցեն գումարները և տան մյուսին, դա անվանելով՝ կոռուպցիայի դեմ պայքար, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ հասարակության մի զանգված ուզում է հավատալ, որ մեկից վերցնելու են և տալու են իրենց, սակայն աշխարհոմ ոչ մի հեղափոխություն չի վերցրել մեկից տվել մյուսին, եթե վերցրել է, ապա վերջում փոշիացրել է և ոչ մեկին չի հասել. «Ուղղակի պոպուլիստական բանաձև է, որը կիրառվում է, որը, ցավոք, մեր ժողովրդի մի մասն ընդունում է՝ որպես ճշմարտություն, և իրեն համոզում, որ դա լինելու է եթե ոչ վաղը, ապա մյուս օրը»:

Հարցին, թե կոռուպցիաի դեմ ինչպե՞ս պետք է պայքարել, նայելով բյուջեի այլ եկամուտներում, այդ կոռուպցիոն գումարները հետ վերադարձված չի երևում, Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ վերջին երկու տարվա ընթացքում մեկ աղբյուրից գնումներն աճել են 72 տոկոսով և պետական գնումները կոռուպցիայի համար ամենից գայթակղիչ ոլորտն է.

«Ո՞նց մենք հավատանք, որ պայքար է գնում կոռուպցիայի դեմ, ո՞նց հավատանք, որ համակարգային կոռուպցիա Հայաստանում չկա: Ստիպված եմ վերադառնալ պարգևավճարներին, երբ բյուջեում չնախատեսված ծախսեր են կատարվում 120 մլն դոլարի չափով պարգևավճարների ձևով, դա այլ բան, քան ուղղակի բացահայտ կոռուպցիա դժվար է որակել»:

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ իշխանությունը արդարանում է, որ 105 մլն դոլար հետ է բերել, սակայն ինքը փորձում է հասկանալ, ուր է այդ հետ եկած 105 մլն դոլարը.

«Ընդամենը գտել եմ 2.3 մլրդ դրամի գումար, սա ի՞նչ է նշանակում․ կամ ստում են, կամ, եթե այդ գումարները հավաքել են, գնացել են այլ գրպան, և ոչ թե պետական բյուջե: Եվ այնքան ժամանակ, մինչև Կառավարությունը ցույց չտա, թե ուր են այդ գումարները, ուր են եկել ու ծախսվել, յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի պետք է համարի, որ սա գրպանված գումարներ են:

Եթե գումարում ես պարգևավճարները, մոտ 120 մլն դոլար և հետ բերած 105 մլն դոլարը, կազմում է ահռելի թիվ է՝ 225 մլն դոլար, միայն պետության կողմից հայտարարագրված: Շատ մասնագիտացված կազմակերպություններ նման ինդիկատորների միջոցով են հասկանում իրական կոռուպցիայի մակարդակը այս կամ այն երկրում»:

Անդրադառնալով «Գոլդեն փելես» հյուրանոցին, ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ հյուրանոցի ճակատագիրը մինչև հիմա անհասկանալի է և հյուրանոցը բեռ է դարձել պետության համար:

Նա նշեց, որ երբ իշխանությունները փոխվեն, բոլորը դատարաններում վերականգնելու են իրենց իրավունքները, սակայն այդ ընթացում գույքը փչանալու է: Փոխհատուցում են պահանջելու, ոչ միայն գույքի վնասի համար, այլև տարիների ընթացքում կորցած եկամուտի համար:

Զրույցն ամբողջությամբ դիտեք ստորև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում