Եվրոպա լիգա․ Ալաշկերտը դուրս մնաց պայքարից
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց մակեդոնական «Ռենովային» և դուրս մնաց պայքարից։
Հանդիպումն ակտիվ սկսեցին «Ալաշկերտի» ֆուտբոլիստները։ Արդեն առաջին րոպեին նախ Գալվաոն հեռահար հարվածով հանկարծակի բերեց մրցակցի դարպասապահին, այնուհետև Պերդիգաոն մոտ տարածությունից չկարողացավ գրավել մրցակցի դարպասը։ Երևայան թիմի մեկնարկային ճնշումից հետո հյուրերը հետզհետե հավասարեցրեցին խաղը և 17-րդ րոպեին կարող էին գրավել Չանչարևիչի դարպասը, սակայն մրցակցի ֆուտբոլիստի գլխի հարվածից հետո «Ալաշկերտի» դարպասապահը մատների ծայրով հեռացրեց գնդակը անկյունային։
Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում թիմերը վտանգավոր պահեր չստեղծեցին միմյանց դարպասին։ Տարածքային փոքր-ինչ առավելություն ուներ երևանյան թիմը։
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հյուրերը մեկ վտանգավոր պահ ստեծցեցին, իսկ 58-րդ րոպեին բացեցին հաշիվը։ Անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գնդակը Չանչարևիչի դարպասն ուղարկեց Նենադ Միշկովսկին։ Բաց թողած գոլից հետո Եղիշե Մելիքյանի թիմն ակտիվացավ, սակայն պակասում էր գրոհների սրությունը։ Ունենալով տարածքային մեծ առավելություն, երևանյան թիմն այդպես էլ չկարողացավ գրավել մրցակցի դարպասը։
Հիշեցնենք, որ այսօր պարտվել էր նաև Հայաստանի փոխչեմպիոն «Նոան»։
Այսպիսով, հայկական թիմերից եվրագավաթներում պայքարի մեջ են մնում «Արարատ-Արմենիան» ու «Շիրակը»։ Երևանան թիմը դուրս էր մնացել ՉԼ որակավորման առաջին փուլից, և պայքարը կշարունակի ԵԼ որակավորման 2-րդ փուլում, իսկ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Գյումրիի Շիրակն այսօր կմրցի ռումինական ՖԿՍԲ-ի հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։30-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում