Նանե. Բանաստեղծություններ

Նանե. Բանաստեղծություններ

Երբ մենության մեջ ձայնս հնչում է
Առանց բախվելու
Անթարթ, ապակե պատ-հայացքների,
Երբ թուղթն է ճերմակ
պարապն իր հանձնած
Իմ վայրագ գրչի բիրտ վայրուվերին
Ու քմայքներին թևող խոհերիս-
Ես… շատ եմ խոսում…
Չշատախոսե՞մ, երբ պատճառ չկա
Գլխիս նեղ, անձուկ կաղապարի մեջ
միտքս բանտելու,
Երբ հաշվող չկա սխալն ու ճիշտը
խոհերիս երթում,
Երբ իմն են և հարց, և պատասխանը,
Եվ չկա ականջ՝ սրված ու թաքուն
հառված գայթելուս…
Ես շատախոս եմ՝ ինքս իմ կողքին-
Ծաղիկների հետ, աստղերի՜, քամո՜ւ…
Փութացող միտքս ընկնում է, հառնում.
Մեկ թավալ տալիս հենց ոտքերիս տակ,
Մեկ իրեն հանձնում ճախրանքի վերում…
Սակայն… գալի՜ս եք…
Ժամն է լռելու…

***
Ժամանակների սև մղձավանջում
Տևելու համար, ապրելու նաև —
Ինչե՜ր փորձեցի, սակայն չօգնեցին
Ոչ աչք փակելը,
Ոչ էլ օրվա մեջ մի քանի անգամ
Տարբեր դիմակներ հագնել-հանելը…
Մեկ է՝ նույն սևը ու մութ բարքերը
Խուժում են աջից, ձախից ու խառնում
հոգուս գույները…
Բայց կարծես արդեն գլխի եմ ընկել՝
Ինչո՞ւ է այդքան թեթև ու չնչին
ձե՛ր կյանքի բեռը…
Եվ աղաչո՜ւմ եմ. ինձ էլ ցույց տվեք
Վարդագույն ակնոց գտնելու տեղը…
Կհագնեմ ու…վերջ…
Աչքերիս առաջ՝
Հորինված աշխարհ ու գունագեղ կյանք,
Կարող եմ ժպտալ արդեն այգից այգ.
Չնկատելով ոչ մի բիծ մռայլ,
Ու շատերի պես բարձրաձայնելով՝
Տեսեք ինչ կյանք է, ինչ առաջընթաց…
Ինձ էլ տեղն ասեք,
այ, հենց Դուք, ասենք…
Օ՜, ինչ շքեղ է, որքան կատարյալ.
Ի՞նչ եք վճարել, որտեղի՞ց գտաք…
Բայց ակնոցի տեղ հառվել են վրաս
Զույգ վարդագույն աչք…

Անդին 3, 2015

Հետևեք մեզ նաև Telegram-ում