Սաղմոս ՃԽԵ

Սաղմոս ՃԽԵ

1. Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի:

Յոթանասունից թարգմանության մեջ այսպես չէ դրված և ոչ էլ իրականում Անգեոսի և Զաքարիայինն է, այլ բոլորի օրհնությունն է Աստծուն, և խրատ՝ ուղղված մարդկային ամբողջ ազգին, ինչպես նաև մարգարեություն է Տիրոջ տնօրինության մասին:

2. Օրհնեա՛ անձն իմ զՏէր, օրհնեցից զՏէր ի կեանս իմ, սաղմոս ասացից Աստուծոյ իմոյ մինչեւ եմ ես:

Օրհնի՛ր Տիրոջը, հոգիդ իմ, պիտի Տիրոջն օրհնեմ իմ կյանքում, սաղմոս պիտի երգեմ իմ Աստծուն, քանի կամ:

Օրհնի՛ր, քանի որ քեզ ստեղծեց իր պատկերով՝ բանական և անմահ: Պիտի օրհնեմ, քանի դեռ այս մարմնի մեջ եմ, պետք չէ դանդաղել: Այս սաղմոսը կապելով նախորդ սաղմոսի վերջին՝ օրհնությանը օրհնություն կցելով, ցույց է տալիս օգուտն ու արժանին:

3. Մի՛ յուսայք յիշխանս՝ յորդիս մարդկան, զի ոչ գոյ փրկութիւն ի նոցա:

Հույս մի՛ դրեք իշխանների՝ մարդկանց որդիների վրա, որովհետև նրանցից փրկություն չկա:

Քանի որ մշտապես չեն կարող իշխաններ լինել և ոչ էլ որդիների, թեկուզ լինեն հարուստ, արվեստագետ, բժիշկ կամ որևէ այլ մասնագետ: Նայի՛ր [մարդկային] բնությանը և մի՛ վստահիր, քանի որ մարդու որդի է: Որովհետև նրանցից փրկություն չկա, քանզի կա՛մ չեն ցանկանում, կա՛մ չեն կարող, այլ՝ [հույսդ դիր] Աստծու վրա, ում կողմից ստեղծվեցինք, և նա է փրկությունը:

4. Ելցէ հոգի ի նոցանէ ՝ և դարձցին անդրէն ի հող, և յայնմ աւուր կորիցեն ամենայն խորհուրդք նոցա:

Երբ դուրս գա նրանց հոգին, նրանք կրկին հող կդառնան, և նույն օրը նրանց բոլոր խորհուրդները կանհետանան:

Թեև բարի միտք ունեն և իրավունքի ու արդարության պաշտպաններ են, սակայն տարվելու են մահվան կողմից, դառնան հող, [և իրենց հետ նաև այն ամենը, ինչ] մտածեցին քո մասին կամ խոսեցին, ինչպես մեծահարուստն էր, որի [գործերն] այնտեղ պտուղներ տվեցին, և լսեց՝ «անմիտ» (Ղուկ. 8:20), որովհետև մտածում էր քանդել և [ավելի մեծը] կառուցել:

5. Երանի՜ ազգի, որում Տէր Աստուած Յակոբայ օգնական է նմա, և յոյս նորա ի Տէր Աստուած է:

Երանի՜ նրան, ում օգնականը Հակոբի Տեր աստվածն է, և ում հույսը Տեր Աստծու վրա է:

Նրա վրա հույսդ դիր, ով քեզ Հակոբի պես երանելի է դարձնում, և տե՛ս անունը, որովհետև Տեր է կյանքի ու մահվան, և Աստված է բարի ու բարերար:

6. Որ արար զերկինս և զերկիր, զծով և զամենայն որ է ի նոսա:

Նա, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու դրանց մեջ եղած ամեն ինչ:

Երկինքը, որտեղ հրեշտակներն են և անտեսանելիները, երկիրը, որ մայր է և գերեզման, ծովը, որը փոխվելու է հրի և այն ամենն, ինչ նրա մեջ են: Տե՛ս նաև այն, որտեղ անմահներն են բնակվում, դրա մասին մտածենք, քանի որ այնտեղ ենք գնալու: Եվ որպեսզի որևէ մեկը չասի՝ ի՞նչ է դա, ասում է.

7. Ո պահէ զճշմարտութիւն յաւիտեան. և առնէ իրաւունս զրկելոց:

Նա, որ հավիտյան պահպանում է ճշմարտությունը, և զրկյալներին արդարություն շնորհում:

Այն, ինչ խոստացավ նրան, պահեց խոսքը և կատարեց, և այն, ինչ ավետարանեց հասարակ բնությանս, հավիտյան պահելու է մինչև կատարվեն բոլոր գրվածքները: Եվ զրկյալներին արդարություն շնորհում՝ անմահ կյանքով ու դրախտով:

Տայ հաց քաղցելոց. և արձակէ զկապեալս Տէր:

Տերը հաց է տալիս քաղցածներին և արձակում բանտարկյալներին:

Ինչպես հինգ և յոթ նկանակները, որ օրհնեց և տվեց, նաև մեծ [հացը]՝ երկնքից իջած: Եվ Տերը արձակում է բանտարկյալներին, ինչպես կորացած կնոջը, ինչպես հոգիները դժոխքից և այլն:

8. Տէր բանայ զաչս կուրաց. և կանգնէ զգլորեալս Տէր:

Տերը բացում է կույրերի աչքերը, Տերը ոտքի է կանգնեցնում գլորվածներին:

Ինչպես ի ծնե կույրին, և նրանց, ովքեր ճանապարհին էին նստում, և բոլոր հեթանոսների հոգու աչքերը բացեց և կուռքերով կապվածներին՝ արձակեց: Տերը ոտքի է կանգնեցնում գլորվածներին. տաճարին մոտեցան կույրերը, կաղերը և անդամալույծները, որոնք գայթակղվելով՝ գլորվել էին:

Տէր սիրէ զարդարս:

Սիրում է Տերն արդարներին:

9. Տէր պահէ զպանդուխտս. զորբս և զայրիս ընդունի Տէր, և զճանապարհս ամբարշտաց կորուսանէ:

Տերը պահպանում է պանդուխտներին, Տերն ընդունում է որբերին ու այրիներին, և կործանում ճանապարհներն ամբարիշտների:

Տերը սիրում է արդարներին, ինչպես Նոյին: Տերը պահպանում է պանդուխտներին, ինչպես Աբրահամին, Հակոբին: Նաև երբ պանդխտությունն առաքինությունից է (այսինքն՝ այս աշխարհում է պանդուխտ), խնամում է և երկայնամիտ լինում: Տերն ընդունում է որբերին և այրիներին՝ Հորից [որբ] մնացած, որդիության համար անարժան դարձած, որոնց համարձակություն տվեց՝ կանչելու, իսկ այրի ասելով նկատի ունի հոգուն՝ այրի մնացած սուրբ Փեսայից, որոնց [մոտ] գալով ցույց տվեց իրեն, և առաքյալների միջոցով պատվիրեց խոսել իր հետ ինչպես մի սուրբ կույս՝ մեր հոգիները [պատրաստելով] նրա ընդունելությանը: Եվ կործանում ճանապարհներն ամբարիշտների. ոչ թե կործանում է ամբարիշտ մարդկանց, այլ՝ ամբարշտության ճանապարհը և դևերի ճանապարհը, որպեսզի մարդիկ, եթե ցանկանան, գան իր մոտ, որ կյանքի ճանապարհն է:

10. Թագաւորեսցէ Տէր յաւիտեան, Աստուած քո, Սիովն, ազգէ մինչև յազգ:

Հավետ պիտի թագավորի Տերը, քո Աստվածը, Սիո՛ն, սերնդից սերունդ:

Ինչպես որ Գաբրիելն ասաց. «Նա կթագավորի Հակոբի տան վրա» (Ղուկ. 1:32), Դանիելին էլ ասվեց: Քո Աստվածն է, Սիոն, այսինքն՝ սուրբ եկեղեցին, սերնդից սերունդ հաջորդում են միմյանց, բայց Թագավորը կա և մնում է հավիտյան:

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում