Ինչո՞ւ են մեր երազները կրկնվում և ի՞նչ են խորհրդանշում դրանք
Նմանատիպ
«…Ես եմ Ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա` եթե ոչ իմ միջոցով…»
(Հովհ. 14.6)
Աստծո պատկերով և նմանությամբ արարված մարդ էակն իր ողջ էությամբ բնության ամենամեծ առեղծվածն է: Բազում գիտություններ են ստեղծվել` ուսումնասիրելու և ճանաչելու մարդուն, թափանցելու նրա ներաշխարհը, որտեղ իրենց ուրույն տեղն ունեն նաև երազները: Իսկ ինչպե՞ս են առաջանում դրանք, գիտությանը արդյո՞ք հաջողվել է վերջնականապես սահմանել այս հարցի պատասխանը…
Ցավոք, այսօր շատերի համար երազները միայն մեկ դեր ու նշանակություն ունեն` երազագուշակությունը, երազային սիմվոլների օգնությամբ ապագայի կանխատեսումը, որը հակասում է իսկական քրիստոնյայի մեր կոչմանը:
Հոգեբանները հավաստում են, որ ինքնաճանաչողության տեսակետից երազները մեծ դեր ունեն: Նախ` որտեղից են առաջանում երազները և ինչպես:
Մարդու հոգեկանն ունի որոշակի կառուցվածք` գիտակցություն, նախագիտակցական, որը հաճախ անվանում են ենթագիտակցություն, իսկ ամենամեծ շերտն անգիտակցականն է, որը սկսում է ակտիվանալ հենց քնած ժամանակ:
Երազները հոգեկան ակտիվության, անգիտակցականի դրսևորման ձևեր են: Դրանք անկախ չեն մեր հոգեկան ներաշխարհից: «Երազներին վերագրում են մի շարք գործառույթներ:Դրանցից մեկը ցանկություն կատարելն է: Երբ ցերեկային կյանքում ցանկությունը չի իրականանում, չենք ստանում, երազներում դա տեսնում ենք կատարված: Օրնակ` թույլ երեխային բակում ծեծում են և նա երազում տեսնում է , որ ինքն է բոլորին ծեծում, կամ նրան քաղցրավենիք չեն տալիս և նա երազում հայտնվում է կոնֆետի գործարանում: Երազներն օգնում են ինքնաճանաչմանը: Դրանք բացահայտում են մարդու ներքին, թաքցրած էությունը»,-ասում է հոգեբան Կ. Միքայելյանը: Պատմում են նույնիսկ մի ավադություն, ըստ որի մի հռոմեացի կայսր գլխատել է տալիս իր սպասավորներից մեկին նրա համար, որ վերջինս երազում տեսել է, թե ինչպես է ինքը սպանում թագավորին: Արքան բացատրել է, որ «եթե նա երազում կարողացել է սպանել ինձ, իրական կյանքում էլ կանի»:
Երազը ցույց է տալիս նաև, որ մենք խնդիրներ ունենք և դա անում է ոչ թե ուղիղ, այլ խորհրդանիշի տեսքով: Եվ եթե երազը կրկնվում է, դա նշանակում է, որ խնդիրը լուծված չէ, այսինքն`անգիտակցականը մեզ կարծես թե ձայն է տալիս, որ մենք ունենք խնդիր և այն պետք է լուծել: Այսպիսով` երազը մի ուղերձ է անգիտակցականի կողմից: Օրինակ`եթե մարդը հակում ունի ոգելից խմիչքների հանդեպ, բայց ինքը չի ընդունում և զգում դա, նա ամեն անգամ օգտագործում է ոգելից խմիչք ոչ շատ, այլ թեկուզ առիթից առիթ, բայց հաճույք է զգում, դա արդեն ցույց է տալիս, որ նա հակում ունի, և անգիտակցականը կարող է նրան ցույց տալ դա, և եթե նա ուշադրություն չի դարձնում, ապա իսկապես դառնում է հարբեցող:
Երազը կարող է առաջանալ ցերեկվա տպավորություններից կամ էլ մարդու մոտ ուշադրության և սիրո պակասի հետևանք լինել: Օրինակ`անձը մենակ է, հոգատարության կարիք ունի և երազում տեսնում է իր տատիկին ու պապիկին, բայց նրանք տասը տարի առաջ են մահացել: Նա մուտք է գործել կյանք, դժվարությունների առաջ է կանգնել և ուղղակի ուզում է մոռանալ իր մեծությունը, ուզում է շրջապատված լինել ուշադրությամբ, և երազում այդ պակասությունը լցվում է տատիկի ու պապիկի միջոցով, որոնք իրեն շատ լավ են վերաբերվել մանուկ հասակում: Ինչպես նաև ցերեկն անցողակի նշմարված առարկաները, պարզության չհասցված մտքերը, անտարբեր ասված և անուշադրության մատնված խոսքերն են հենց վերադառնում գիշերը`մարմին ու կերպարանք առած և դառնում երազի նյութեր`կարծես ի հատուցումն ցերեկն իրենց հանդեպ ցուցաբերված արհամարհանքի:
Բազմաթիվ դեպքեր վկայում են այն մասին, որ երազները ցույց են տալիս նաև այն ֆիզիկական հիվանդությունները, որոնցով հետո հիվանդանում է մարդը: Այսպիսով`այս գործառույթների իմացությունը որոշակի լույս է սփռում երազների մեկնաբանության, դրանք հասկանալու խնդրի վրա:
Բայց երազները չեն մեկնաբանվում երազահանների միջոցով, որոնք իրենցից ներկայացնում են հնուց եկած, այսօր արդեն ոչ ճիշտ մի երևույթ: Դրանք բացատրվում են այլ, զուտ գիտական կանոններով և երազներն ավելի շատ բան են պարունակում, քան մարդը կարող է պատկերացնել: Յուրաքանչյուր անձի երազն ունի իր յուրահատուկ բովանդակությունը, ու մենք չենք կարող տարբեր մարդկանց դեպքում նույն բանն ասել: Նույն առարկան տարբեր անձանց երազներում նույն ֆունկցիան չունի, այլ կապված է մարդու անհատական կյանքի հետ: Հետաքրքրական է նաև այն, որ տարբեր են նաև տղամարդկանց և կանանց երազները. վերջիններս երկու անգամ շատ են երազում երեխաններ տեսնում :
Գոյություն ունի երազի աշխատանք հասկացությունը: Կան երազների ստեղծման մեխանիզմներ`խտացման (երբ մի կերպարի մեջ տեսնում ենք մի քանի դեմք: օր. Մեկը տեսնում է իր կնոջը, որն ունի և մայրական, և այլ կնոջ գծեր. այսինքն` նրա վերաբերմունքը դեպի մայրն ու կինը`շատ նման է): Այս ամենի բացատրումը հենց երազի մեկնաբանությունն է: Կան երազի երկու շերտեր`ակնառու, որ ինչ-որ սցենար է, իսկ երկրորդի տակ կա թաքնված շերտ, որը մենք փորձում ենք վերծանել:
Կա, այսպես, կոչված, պատվիրված երազ հասկացությունը, երբ մեզ որևէ խնդիր է անհանգստացնում, լուծման համար դիմում ենք անգիտակցականին: Չէ՞ որ աշխարհում շատ հայտնագործություններ արվել են հենց երազների շնորհիվ:
Անգիտակցականը մեր մեջ տիեզերքն է, աստվածայինը, գիտակցությունը` երկիրը: Եվ հենց Տիրոջ կողմից էլ կարող ենք երազներ ստանալ: Ինչպես մեկնաբանում է Տեր Վարդան քահանա Գափոյանը, «եթե երազը Աստծուց է, կարելի է խնդրել Տիրոջը,, որ այն կրկնի: Բայց շատ հաճախ մենք մեր երազները սխալմամբ վերագրում ենք Աստծուն, մեզ թվում է, թե Աստված է ուղարկել: Նայած թե ինչ տեսակի երազ է: Արդյոք դա հայտնությո՞ւն է, այսինքն` փրկելու, փրկագործության իմաստով Աստված ինչ-որ նշան է տալիս: Լինում են երազներ, որ, իրոք, Աստծուց են: Դրանցից յուրաքանչյուրն առանձնակի կերպով քննվում է, թե դրանք համապատասխանո՞ւմ են Աստծո կամքին, վերաբերո՞ւմ են մարդու փրկությանը, արդյո՞ք դա անձի ներքին ցանկությունը չէ կամ իր որոշակի գաղափարների, հոգեվիճակների արտահայտությունը»: Այս ամենի հետ մեկտեղ, երազները կարող են և չարից լինել`մարդուն ճիշտ ճանապարհից հեռացնելու, շեղելու համար:
Հեշտ չէ` ճշտել` Աստծո՞ւց է թե ոչ և պետք է խնդրել Աստծուն, եթե նրանից է , նորից ցույց տալ: Ինչ վերաբերում է երազային գուշակությունների խնդրին: Այստեղ հանգում ենք ի վերուստ տրված ճակատագիր հասկացությանը, որը հակասում է Աստվածաշնչին. ինչպե՞ս պետք է Դատաստանի ժամանակ Տիրոջն ասենք, որ որոշված էր մեր ճակատագիրը և պարտավոր չենք կարող մեր արածներին հաշիվ տալ:
Մինչդեռ Սուրբ Գիրքն ասում է, որ մարդը չգիտե իր գալիքը, այն իր ձեռքերում է, ինքն է կերտում, ինքն է իր ապագայի տերը:
«Այլ բան է, որ եթե դու երազ տեսնես և փորձես այդ ուղղությամբ շարժվել, դա մղիչ ուժ, ազդակ լինի քեզ համար: Հիմնականում երազների մասին ոչինչ չի կարելի հստակ ասել, քանի որ ամեն ինչ հարաբերական է, երերուն, որի վրա միշտ չես կարող հիմնվել: Աստվածաշունչն է ասում, որ կեղծ մարգարեներ շատ պիտի գան և կեղծ գիտությունների պիտի լինեն, ժամանակը պիտի գա, որ աշխարհում հավատ պիտի փնտրենք և չգտնենք, այսինքն`ճշմարիտ բան չենք գտնի, քանի որ բազում կեղծ գիտություններ մարդուն հեռացնում են Աստծուց: Աստված սիրում է միամիտ(ոչ երկմիտ), մաքուր սիրտ, խոնարհություն, և, եթե կամենա, երազի միջոցով կարող է օգնել ու առաջնորդել մեզ»,-ասում է տեր Վարդանը: Մարդիկ իրենց համար ստեղծում են կյանք, սնահավատ միջավայր, սկսում ապավինել երազագրքին, ապրում դրանցով և մի կողմ թողնելով Աստծուն` հավատում երազային գուշակումներին` 3 օրում կիրականանա, երազ եմ տեսել, տանից դուրս չեմ գա և այլն: Իսկ սա արդեն Աստծուց հեռանալ է նշանակում և եկեղեցին դեմ է ամեն տեսակ կանխագուշակումներին: Ճշմարիտ քրիստոնյան պիտի ազատ լինի նման երևույթներից: Իսկ ձերբազատվել սնահավատությունից ու ամեն տեսալ գուշակություններից պետք է Աստծո խոսքի, Աստծո միջոցով: Տերն ինքն է ասում. «Վհուկներին մի նայեք, որ նրանցով չպղծվեք: Ես եմ տերը` ձեր Աստվածը»:
Տեր Վարդանը մաղթում է. «հավատ ունենանք, որ Աստծուն տեսնենք և ճանաչենք, ապրենք նրա պատվիրաններով: Այդ ժամանակ կտրվեն մեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները»:
Աղբյուր` «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ, 2011 Թ., Մայիս Ա, Թիվ 9 հեղինակ` Մարիամ Ավետիսյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում