Հրազդանում առաջին անգամ կկայանա ազատ ստեղծագործողների համաժողով
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին անգամ անց է կացվելու ազատ ստեղծագործողների «Ինքնանույնականացում-2020» համաժողովը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ժնևի «Musika» գործակալության պրոդյուսեր Անի Գասպարյանը և հավելել, որ համաժողովին քննարկվելու են հարցեր ազատ ստեղծագործողների ստատուսի, օրենքների վերաբերյալ:
Միջոցառումը տեղի է ունենալու Հրազդան քաղաքի «Շառլ Ազնավուր» զբոսայգու նորոգված հարթակում սեպտեմբերի 9-ին, ժամը 14:00-ին:
Հայաստանյան անկախ ստեղծագործողները նման համաժողով անցկացնելու միտքը հղացել են «Մուզանավ» հասարակական կազմակերպության նախաձեռնած առցանց քննարկումների ընթացքում: Այսպիսով, նրանք պատրաստվում են համախմբել իրենց իրական ներուժը և համագործակցային լայն դաշտ ձևավորել:
«Մենք պետք է սկսենք շարժվել հայաստանյան անկախ արտիստական համայնքի՝ տասնամյակներով կուտակված խնդիրների լուծման ճանապարհով։ Ազատ արվեստի և ազատ արվեստագետի հասարակական ինստիտուտների անտեսումը հասունացրել է ոչ միայն խնդիրները, այլև դրանք լուծելու անհրաժեշտությունն ու օրակարգը։ Համավարակի ընթացքում մենք սկսեցինք ավելի լավ հասկանալ մեր կարիքները և ավելի սուր զգացինք համագործակցության կարևորությունը»,- հայտնել է Անի Գասպարյանը։
Համաժողովն անցկացնելու վայրի տրամադրման և տեխնիկական հարցերում մասնակիցներին աջակցել են Հրազդանի համայնքապետարանը և «Հրազդանի դրամատիկական թատրոն» մշակութային կենտրոնը:
Բոլոր ցանկացողների համար Երևանից դեպի Հրազդան շարժվելու են միկրոավտոբուսներ։
Համաժողովի նախաձեռնող խմբի անդամներն են երգչուհի, երգահան, «Մուզանավ» ՀԿ-ի համահիմնադիր Լիլիթ Բլեյանը, երգիչ, երգահան Վահան Արծրունին, մենեջեր, օպերային երգիչ Հայկ Վարդանյանը, կիթառահար, գործիքավորող, «Մուզանավի» համահիմնադիր Տիգրան ՏերՍտեփանյանը, երգչուհի, երգահան, «Մուզանավի» համահիմնադիր Քրիստինե Կոլյանը, երգահան, երգիչ, «Լավ էլի» խմբի համահիմնադիր Մհեր Մանուկյանը, ինչպես նաև Ժնևի «Musika» գործակալության պրոդյուսեր Անի Գասպարյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում