ԱՄՆ-ը երկու ռազմանավ է ուղարկել Եգիպտոսի ափերի մոտ

Ամերիկյան երկու ռազմանավ է ուղեւորվել Եգիպտոսի ափերի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ծովային հետեւակի կորպուսի հրամանատար գեներալ Ջեյմս Ամոսը: Նրա տվյալներով՝ Կարմիր ծովի շրջան են ուղարկվել «Սան Անտոնիո» եւ «Քիրսարջ» դեսանտային նավերը:

«Եգիպտոսն ընկղմվել է ճգնաժամի մեջ: Երբ նման բաներ են տեղի ունենում, մենք պարտավոր ենք որոշակի քայլեր ձեռնարկել իրավիճակը վերահսկելու համար»,- ասել է Ամոսը: Սակայն նա չի ճշտել, թե ինչ տարբերակներ է դիտարկում ԱՄՆ-ը:

Ինչպես նշել են Ծովային հետեւակի կորպուսի ներկայացուցիչները, Եգիպտոսի ծովափին նավերի մոտենալը կդյուրացնի ուղղաթիռների եւ այլ տեխնիկայի օգտագործումը, եթե նման անհրաժեշտություն լինի:

Հուլիսի 10-ին ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձությունները չի դիտում որպես հեղաշրջում եւ կշարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Կահիրեին, ինչպես նաեւ երկրին կմատակարարի չորս F-16 կործանիչ: Սակայն հաջորդ օրը հանրապետական սենատոր Ռենդ Փոլը օրինագիծ է ներկայացրել, որն արգելափակում է ֆինանսական օգնությունը Եգիպտոսին, որի չափը կազմում է տարեկան 1,5 մլրդ դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում