Աշոտ Ավդալյան. Երկինքը հոգնեց անթիվ աստղերի անգործությունից
02/09/2020 19:20
Նմանատիպ
Երկինքը հոգնեց անթիվ աստղերի անգործությունից,
Եվ լռության մեջ կարկամած լեզուն նորից չորացավ,
Աստծո պատկերը հարություն առավ իմ թաց գրպանից
Մտավ աշխարհի ու արեգակի գործարքների մեջ։
Թվաց մարմինս ջուր է պահանջում, որ պտղաբերի,
Ու լայնություններ գոհացնի սիրով ու առատությամբ,
Եվ երկնքի ողջ դառնությունները լիզեց մասրենին,
Դարձյալ փարթամ էր պտուղը կարմիր, և ինքը կանաչ։
Բայց ինչ-որ ձայնից վաղուց խլացել, գամվել էի իմ մեջ,
Եվ ոչ մի անձրև ինձ չէր գոհացնում իր առատությամբ,
Եվ ինձ տանում էին, ինչպես արևն է մայրամուտն հանում իր ողնաշարից,
Մեջքը կոտրված ընկնում լեռների, դաշտերի վրա։