Արմենուհի Սիսյան
Նմանատիպ
* * *
Աղոթքիս մեջ հարություն առնող երազներս,
որ մեռել էին առօրյա գործերիս մեջ,
արտասվեցին իմ աչքերում
ու ձգվեցին դեպի երկինք՝
ամփոփվելով ամպերի մեջ՝
քուլա՜-քուլա…
իսկ ես կշարունակեմ դեռ աղոթել.
չդատարկվի երկինքն հանկարծ իր ամպերից…
* * *
Անձրևն իմ հիշողությունն է խոր.
հիշում եմ լսողությունս դարերի,
որ չի փոխվել մինչև այսօր…
Հիշու՞մ ես՝ նույն կերպ էր երգը անձրևի,
երբ անրջու՜մ էի…
* * *
Ուշ է, էլ չեմ սպասի.
հավաքեմ երազանքներով լեցուն սեղանս…
Ու երբ թափ տամ ճերմակ սփռոցս
երազանքներիս փշուրներից,
երկինքը կլցվի աստղերով…
Ուշ է, գիշեր է արդեն…
* * *
Քեզ նվիրած իմ սիրո դիմաց ես ցավ ստացա:
Չեմ կարող ժխտել՝ շռայլ ես անշուշտ.
քո տված ցավն ավելի շատ էր, քան իմ սերը…
* * *
Հրաշքը եկավ ու խոնարհվեց պարզության առջև.
– Ինչ հրաշալի՜ ես դու, պարզությո՛ւն…
* * *
Երբ աչքերիս ցոլքով
ուղեկցեցի ընթացքդ, երկի’նք,
ջերմացան քո տարածքները.
ես չգիտեի, որ այսքան կարոտ ուներ
երկինքն ինձ համար պահված…
* * *
Քնքշանքը եթերում սավառնում է իմ ետևից.
“Դու սազում ես ինձ”,- ասում է,-
արի’ թևանցուկ քայլենք”:
Ու նրան ձուլված’
քայլում եմ երկրում’ եթերի միջով…
Չգիտեմ անցնելու ուրիշ ճանապարհ…
* * *
Երբ նվիրեցի քեզ սրտիս թրթիռը,
այն դադարեց տրոփել…
Պարզվեց, որ դու դրել էիր այն
մյուս ծանրակշիռ նվերներիդ տակ…
* * *
Եվ ընդունելով մարտահրավերը՝
ճակատամարտեցի գիշերվա հետ մինչև վերջ:
Պարտության մատնվեց ինքը՝ գիշերը.
չհաջողվեց նրան գեթ մեկ ակնթարթ փակել աչքերս…
* * *
– Ինչու՞ են գեղեցիկ ծաղիկները ճահճում աճում…
– Որովհետև նրանց հայացքի առջև
երկինքն է միայն,
երկի՜նքն են տեսնում…
* * *
Սթափվեցի՝ այտիս այրող ցավից…
Ձեռքս տարա այտիս.
այդ իմ հավատքն էր, որ ապտակեց ուժգին՝
մեղքի մեջ թաթախված մտքերիս համար…
* * *
Ձեռքիդ նարինջը
տեղափոխեցի մտածումիս մեջ,
ու կյանքն իմ ջղերում սկսեց
նարնջագույն արև բաբախել…
* * *
Մատներիցս ծորում է իմ սիրած մեղեդին…
Պատրա՞ստ ես, երկի’նք,
ընդունել քնքշանքն իմ համակ…
* * *
Բորբոքված էի ու լի` հաշվեհարդարով,
հանկարծ քեզ հիշեցի, Որդի’ Աստծո.
երբ գլուխս շրջեցի հետ,
չարության նշույլ անգամ չգտա իմ մեջ…
* * *
Ես մաքրեցի աչքերիս փոշին,
որ գիշերից հետո էր նստել,
ասացի Լույսին, որ բարի է նա
ու մտա իմ ծաղկաթերթերի մեջ…
Հրեշտակը համբուրել էր միտքս…