Ռազմիկ Դավոյան․ Մաղվում է ցած
03/09/2020 19:32
Նմանատիպ
***
Մաղվում է ցած
Անձրևը մե՜ղմ, մեղմ ու դանդաղ՝
Իմ հուշերի հովիտներում,
Իմ զոհերի վրա անթաղ:
Իմ հուշերի հովիտներում
Նրանք մեկ-մեկ սյուներ ծխի,
Ոլորվում են անձրևի մեջ
Ու հեկեկում են դառնաղի:
Անձրևի հետ լռում են լուռ,
Ինչ-որ վերջին աղոթք անում,
Ոսկեթիկնոց ու ոսկեխույր
Աշնան հեռուն են սլանում:
Ուր որ փոքրիկ մի գյուղից դուրս
Առնում է խոր նինջն իր անփույթ
Հառաչների, արցունքների
Ու ցավերի մի հողակույտ:
Հավաքվում են նրանք այնտեղ,
Գալարվում լուռ հառաչանքով.-
Ոչ ոք նրանց չի կանչում տուն,
Նրանք ինձ են կանչում հերթով:
Այդ ձայները լսում եմ ես
Հավերժության խուլ խորքերից,
Նրանք սուզվում են հողի մեջ
Եվ հողից դուրս թողնում են ինձ:
Մաղվում է ցած
Անձրևը մեղմ, մեղմ ու դանդաղ
Մեն-միայնակ
Մի մեռածի վրա անթաղ: