Ողջ ընտանիքս լաց էր լինում․ Մեսսին բացատրել է՝ ինչու էր ուզում հեռանալ Բարսելոնայից
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հանդես է եկել իր ապագայի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ։
33-ամյա արգենտինացին Goal-ի հետ հարցազրույցում ասել է, որ մյուս մրցաշրջանում մնում է «Բարսելոնայում»։
«Երբ կնոջս ու երեխաներիս ասացի «Բարսելոնայից» հեռանալու իմ ցանկության մասին, կոշտ դրամա էր։ Ողջ ընտանիքս լաց էր լինում, չէին ուզում հեռանալ Բարսելոնայից ու փոխել դպրոցը։
Բայց ես առաջ էի նայում։ Ուզում էի մրցակցել բարձր մակարդակում, տիտղոսներ նվաճել, Չեմպիոնների լիգայում մրցունակ լինել։ Ծայրահեղ դեպքում՝ պայքարել հաղթանակի համար, այլ ոչ թե կոտրվել Հռոմում, Լիվերպուլում, Լիսաբոնում։ Այս ամենն ինձ ստիպեց մտախել այն որոշման մասին, որը ես ուզում էի իրականացնել։
Վստահ էի, որ կարող եմ հեռանալ։ Նախագահը միշտ ասում էր, որ մրցաշրջանի ավարտին ես կարող եմ որոշել մնում եմ, թե գնում։ Հիմա նրանք կառչել են նրանից, որ ես այդ մասին չեմ ասել մինչև հունիսի 10-ը։ Բայց հունիսի 10-ին մենք դեռ Լա Լիգայում էինք խաղում կորոնավիրուսի հետ կապված այս սարսափելի ժամանակներում, որը փոխել էր ողջ մրցաշրջանը։
Հիմա պատրաստվում եմ մնալ, որովհետև նախագահն ինձ ասել է, որ գնալու միակ միջոցը 700 մլն եվրո հրաժարագինը վճարելն է, իսկ դա անհնար է։ Ու դա է պատճառը, որ ես պատրաստվում եմ շարունակել աշխատանքս ակումբում։
Մեկ այլ միջոց էլ կար․ սա դատարանի առաջ կանգնելն էր։ Բայց ես երբեք դատարան չէի գնա «Բարսայի» դեմ, որովհետև դա այն ակումբն է, որը ես սիրում եմ ու որն այստեղ գալուցս ի վեր ամեն ինչ տվել է ինձ։ Այն իմ ողջ կյանքի ակումբն է, ես այստեղ եմ կառուցել կյանքս։ «Բարսան» ինձ ամեն ինչ տվել է, ու ես էլ ամեն ինչ նրան եմ տվել։ Գիտեմ, որ երբեք «Բարսային» դատի տալու միտք գլխումս չի ծագի։
Ես սիրում եմ «Բարսելոնան» ու երբեք սրանից լավ տեղ չեմ գտնի։ Այնուամենայնիվ, ես որոշում կայացնելու իրավունք ունեմ։ Պատրաստվում է նոր նպատակներ ու առաջադրանքներ գտնել։ Հեռանալու ցանկության մեջ ոչ մի վատ բան չկա։ Ինձ դա պետք էր, ակումբին պետք էր, ու այն բոլորի համար լավ կլիներ։ Կինս, հոգու խորքում ցավ զգալով, աջակցում էր ինձ»,- ասել է Մեսսին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում