Յոթ մահացու մեղքերը և նրանց հաղթահարումը առաքինություններով

Յոթ մահացու մեղքերը և նրանց հաղթահարումը առաքինություններով

Մահացու մեղքերը թեեւ բազմաթիվ են, սակայն սուրբ հայրերը դրանք խմբավորում են հետեւյալ 7 տեսակների մեջ. հպարտություն, նախանձ, բարկություն, ծուլություն, ագահություն, որկրամոլություն եւ բղջախոհություն: Մեղքերի այս հաջորդական շարանը սուրբ հայրերը նմանեցնում են մեղավոր մարդու սրտի շուրջ փաթաթված շղթայի կամ օձի, որից ազատագրվելու համար անհրաժեշտ է նախ ճանաչել յուրաքանչյուր մեղքի էությունը, ապա որոշակի պայքար մղել դրանց դեմ:

Հպարտություն

Հպարտությունը բոլոր մեղքերի գլուխն է, քանի որ նրանով ընկավ սատանան՝ ըմբոստանալով Արարչի դեմ եւ իր հետ կործանելով բազում այլ հրեշտակների, որոնք վերածվեցին դեւերի եւ իրենց պարագլխի հետ առ այսօր չարիք են սերմանում աշխարհում: Հպարտությամբ ընկան եւ մեր նախածնողները, քանզի ցանկացան առանց շնորհի աստվածանալ: Հպարտությունը միշտ կործանում է բերում, թեպետ երբեմն նույնիսկ օգտակար ու անհրաժեշտ է թվում մարդուն: Ավելին, աշխարհիկ հասարակության մեջ այն հաճախ առաքինություն է համարվում: Մինչդեռ բոլոր չարիքների, փոխադարձ անըմբռնողության եւ անհիմն թշնամանքի համար մարդիկ �պարտական� են հպարտությանը: Հպարտն արհամարհում է մերձավորին՝ չգնահատելով նրա արժանիքները, եւ միայն իրենն է գնահատում, ամբարտավան ու մեծամիտ պահվածքով շարունակ թունավորում է միջավայրը եւ ի վերջո ատելի դառնում թե՛ մարդկանց, թե՛ Աստծո կողմից: Քանզի, արդարեւ, �ով իր անձը բարձրացնում է, կխոնարհվի� [Մատթ. 23.12]: Այս արատն ունի նաեւ ծածուկ դրսեւորումներ, ինչպես կեղծ բարեպաշտությունը, մարդահաճությունը եւ ի ցույց բոլորի ողորմություն տալը, որոնցով մարդը հոգում է իր արտաքին կերպարի համար՝ զրկվելով ամենակարեւորից՝ աստվածային շնորհից եւ օժանդակությունից:

Նախանձ

Նախանձը հպարտության առաջին ծնունդն է, նրա անմիջական հետեւանքը, քանզի ամեն ինչում փնտրելով սեփական փառքն ու առավելությունը՝ մարդը չի ուրախանում մերձավորի հաջողությամբ, այլ սկսում է ատել նրան, ով գերազանցում է իրեն կամ էլ հավասար է ունեցվածքով, գիտելիքով, հասարակական դիրքով ու ճանաչումով: Նախանձից ներքուստ թունավորվում է մարդու սիրտը՝ դառնալով անհանգիստ ու նենգ, դրդելով բամբասանքի եւ զրպարտության, իսկ երբեմն էլ՝ զազրելի ոճիրների:

Բարկություն

Բարկությունը մարդու սրտի բնական հատկությունն է, որ տրված է որպես զենք ընդդեմ չարի: Սակայն ընկած բնությունը ավելի շատ կրում է այն իբրեւ արատավոր հատկանիշ, որը դրսեւորվում է ինքնահավան եւ տրտնջացող սրտում: Եթե խոնարհ եւ բարեսիրտ հոգին բարկանում է ընդհանուր չարիքի եւ սեփական մեղքերի համար, ապա հպարտ ու նախանձ մարդը ամեն առիթով իր բարկությունն ուղղում է դեպի մերձավորը: Դա հաճախ հանգեցնում է վիրավորանքների, հայհոյության, անիմաստ վեճ ու կռվի, որոնք կարող են ողբերգական վախճան ունենալ: �Ով զուր տեղը բարկանում է իր եղբոր վրա, ենթակա կլինի դատաստանի�,- ասում է Տերը՝ բարկությունը նույնացնելով սպանության մեղքի հետ [տե՛ս Մատթ. 5.22]: Բարկությունը կարող է նաեւ չդրսեւորվել անմիջականորեն, այլ թաքնվել սրտի խորքում եւ աստիճանաբար վերածվել ատելության: Իսկ �ով ատում է եղբորը, մարդասպան է,- ասում է ս. Հովհաննես ավետարանիչը,- եւ գիտենք, որ ամեն մարդասպան իր մեջ հավիտենական կյանք չունի� [Ա Հովհ. 3.15]:

Ծուլություն

Ծուլությունն, իբրեւ մեղք, հոգեւորի հանդեպ մարդու անտարբեր եւ անփույթ լինելու հետեւանքն է: Մարդը կարող է գիշեր ու զօր աշխատել, սակայն Աստծո առջեւ դատապարտվել ծուլության մահացու մեղքով, եթե չհոգա իր հոգեւոր առաջընթացի, աստվածպաշտության գործերի եւ գիտելիքներ ձեռք բերելու համար: Ծուլությունը հաճախ արտահայտվում է անհասկանալի տրտմութամբ ու ձանձրույթով, որը բաց դուռ է չար խորհուրդների եւ աշխարհի գայթակղությունների առջեւ:

Ագահություն

Ագահությունը անհրաժեշտ ունեցվածքով չբավարարվելու կիրքն է: Որքան մարդը զուրկ է լինում հոգեւորից, այնքան նա իր հայացքը հառում է աշխարհին եւ ակնածում երկրային բարիքներից՝ ձգտելով դրանցով լցնել սեփական հոգու դատարկությունը: Սակայն �մարդու կյանքը իր ունեցվածքի կուտակման մեջ չէ� [Ղուկ. 12.15], եւ ոչինչ չի կարող մխիթարել մարդուն, եթե նա չփնտրի երկնքի արքայությունը, քանզի մեր հոգին ստեղծված է ոչ թե անցավոր երկրայինով, այլ երկնային անսպառ շնորհով լցվելու, մինչեւ իսկ՝ անբավելի Արարչին իր մեջ բնակեցնելու համար: Մինչդեռ, դավաճանելով սեփական կոչվածությանը, նախընտրելով նյութական բարիքները եւ տարվելով դրանց խաբուսիկ փայլով, մարդը սկսում է նմանվել անբան կենդանիների: Ս. Պողոս առաքյալը ագահությունն անվանում է կռապաշտություն [տե՛ս Կող. 3.5], քանի որ տարվելով ունեցվածքով եւ դրա առատությունը դարձնելով կյանքի նպատակ՝ մարդն իր մեջ տեղ չի թողնում երկնային շնորհի համար: Ագահությունը կործանում է ողորմածության ոգին եւ մարդուն անտարբեր դարձնում ուրիշի վշտերի ու կարիքների հանդեպ, ինչով հեռացնում է իրենից նաեւ Աստծո ողորմածությունը:

Որկրամոլություն

Որկրամոլությունը ագահության դրսեւորումն է՝ մարմնի գոյության համար անհրաժեշտ սննդառության ոլորտում: Այն արտահայտվում է համեղ ուտեստների հանդեպ հիվանդագին կապվածությամբ: Այս արատն այնքան է սերտաճել մեր բնության հետ, որ հաճախ դժվարությամբ է զանազանվում բնական եւ անհրաժեշտ սննդառությունից: Այն չափանիշները, որոնք ընդունված են աշխարհում, սկզբունքորեն հիմնված են համի հաճույքի անկաշկանդ ավելացման վրա: Իսկ վերջինս ստիպում է չարաշահել նաեւ սննդի քանակը, որը հանգեցնում է ավելորդ, հաճախ վնասակար կուտակումների: Արդյունքում առաջանում են բազմաթիվ ստորակարգ կրքեր, որոնք աշխարհը համարում է նույնքան բնական եւ շտապում բավարարել բոլոր միջոցներով: Որոշ առումով՝ ողջ քաղաքակրթությունը ծառայում է մարդկային ստամոքսին՝ ըստ նրա քմահաճության կերտելով սերունդների գիտակցությունը: Մինչդեռ յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա գիտե, թե կուշտ լցված ստամոքսն ինչպես է բթացնում սիրտը եւ հեռացնում աղոթքից, մարդուն դարձնում քնկոտ ու ծույլ, անընդունակ հոգեւոր խոկման եւ վսեմ խորհուրդների, իսկ այդ պատճառով առաջացած կրքերը՝ գրեթե անհաղթահարելի:

Բղջախոհություն

Բղջախոհությունը որկրամոլության ծնունդն է եւ մեղքի զարգացման ամենաբարդ ու դժվար հաղթահարելի աստիճանը: Այն մարդու ամոթալի կապվածությունն է մարմնի հետ, որ գործում է ոչ միայն զգայարանների, այլեւ հոգու զորությունների՝ մտքի եւ տրամաբանության, հիշողության ու երեւակայության, հույզերի եւ զգացմունքների ստորակարգ չարաշահումով: Ոչ մի մեղք այնքան չի զարգացել ու սերտաճել ներկայիս քաղաքակրթության հետ՝ նրա մշակույթի բաղկացուցիչ մասը դառնալով, որքան բղջախոհությունը: Ավելին, այն, իբրեւ ժառանգական հատկանիշ, աճում եւ աղետալի չափերի է հասնում. սեռական ակտիվությունն ու հետաքրքրությունը աստիճանաբար սկսում են դրսեւորվել առավել ցածր տարիքում: Մինչդեռ սեռական հեղափոխության ջատագովները շարունակում են հեղեղել ողջ աշխարհը հնարավոր բոլոր միջոցներով: Բղջախոհությունը, կոչվելով տարբեր անուններով, իբրեւ արտոնված եւ խրախուսվող երեւույթ, սպառնում է մուտք գործել յուրաքանչյուր ընտանիք եւ հաղթահարելով �նախապաշարումներն� ու �ավելորդ ամոթը�՝ համարվել օրինաչափ եւ օգտակար: Սատանան թերեւս երբեք մարդկության հանդեպ ավելի մեծ հաղթանակ չի տոնել եւ երբեք այնքան չի ստորացրել մարդուն, որքան այսօր: Կարելի է ասել, որ մենք այժմ ապրում ենք բղջախոհության դարաշրջանում, որը, լինելով մահացու մեղքերից վերջինը, ասես խորհրդանշում է նաեւ այս դարաշրջանի վախճանական լինելը:
Բղջախոհությունը պոռնկական խորհուրդների միջոցով մշտապես ծառայել է չարին իբրեւ հզորագույն միջոց՝ քրիստոնյաներին փորձության ենթարկելու համար: Քանզի սատանան լավ գիտե, թե այն որքան է տկարացնում աստվածպաշտության ընթացքը, պղտորում ու պղծում սիրտը՝ խավարեցնելով մտքի պայծառությունը եւ մարդուն հեռացնելով Աստծուց: Ուստի ճշմարիտ քրիստոնյան պարտավոր է մշտապես պայքարել բղջախոհության, ինչպես նաեւ բոլոր մյուս մահացու մեղքերի դեմ՝ ձգտելով ամբասիր լինել այս բազմաշերտ փորձությունների հորձանուտում եւ անմասն մնալ սատանայի գործերին:

Սուրբ վարդապետներն ուսուցանում են, որ յուրաքանչյուր մեղքի հաղթահարման լավագույն ճանապարհը նրան հակադիր առաքինությունը գործելն է: Հպարտության դեմ պետք է պայքարել խոնարհություն արծարծելով, նախանձի դեմ՝ կամեցողություն, բարկության դեմ՝ հեզություն եւ համբերություն, իսկ ծուլության դեմ՝ հոգեւոր ջանասիրություն եւ հնազանդություն: Ագահությունը պետք է մարել ողորմածությամբ, որկրամոլությունը՝ պահքով, իսկ բղջախոհությունը՝ ողջախոհությամբ:

Խոնարհություն

Խոնարհություն ձեռք բերելու համար սուրբ հայրերը խորհուրդ են տալիս խոկալ մեր մահկանացու բնության թշվառության մասին, որի մեջ է գտնվում յուրաքանչյուր մարդ արարած եւ որից կարող է ազատագրվել միայն երկնքի արքայության մեջ: Այսպիսի իմաստուն խոկումները սեփական աչքում արժեզրկում են մարդուն, իմաստազրկում որեւէ առավելությամբ հանդես գալու նրա մղումները, դրդում ապաշխարության եւ ոչ թե ինքնահաստատման: Ներկայիս քաղաքակրթությունն անում է ամեն ինչ, որ մարդը մոռանա մահը եւ իր թշվառությունը, այս կարճատեւ կյանքում զգա իրեն հզոր ու երջանիկ, իսկ ուրիշների նկատմամբ առավելության հասնելու ձգտումը դիտի իբրեւ առողջ մրցակցություն: �Վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան,- գրում է ս. Պողոս առաքյալը,- երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր� [Բ Տիմ. 3.1-4]:
Սակայն յուրաքանչյուր քրիստոնյա պարտավոր է հակառակվել դարի ոգուն: Դրա համար նա ունի իր երկնային Առաջնորդին, Որի կերպարը պիտի կրի իր հոգու հայացքի առջեւ՝ հիշելով Նրա խոսքը. �Սովորեցե՛ք Ինձանից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ� [Մատթ. 11.29]:
Որքան մարդը պայքարի հպարտության դեմ՝ ձգտելով խոնարհության, այնքան կսկսեն նվազել նաեւ մյուս մահացու մեղքերը՝ զրկվելով իրենց սնող չար աղբյուրից, մանավանդ՝ եթե մնացած բոլոր մեղքերին էլ հակադրենք համապատասխան առաքինությունները: Ընդ որում, չպետք է սպասենք մեղանչական խորհրդի կամ կրքի հայտնվելուն, որպեսզի նրան հակադրենք համապատասխան առաքինությունը:

Կամեցողություն

Նախքան նախանձի դրսեւորվելը պետք է կամեցողություն եւ սեր արծարծենք մեր սրտում, քանզի, ինչպես գրված է, �սերը չի նախանձում� [Ա Կոր. 13.4], եւ ընդհանրապես՝ ձգտենք բոլորի հանդեպ բարյացակամ վերաբերմունքի. �ոչ ոքի չչարախոսենք, չլինենք կռվարար, այլ հեզ՝ բոլոր մարդկանց հանդեպ քաղցրություն ցույց տալով� [Տիտ. 3.2]:

Հեզություն

Նմանապես, նախքան մերձավորի կողմից բարկացնող առիթի հանդիպելը պետք է զինվել համբերությամբ՝ պատրաստ հանուն Քրիստոսի հեզաբար տանելու ամեն վիրավորանք, որպեսզի ոչ թե ցասման հետեւանքով կորցնենք ինքնատիրապետումը, այլ սիրով ու խոնարհությամբ հանդիմանենք՝ անկեղծորեն ցանկանալով մերձավորի բժշկությունը եւ ազատագրումը մեղքից:

Ժրություն

Որպեսզի ծուլությունը մեզ չհաղթահարի, պետք է ստիպել մեր ընկած բնությանը՝ հաճախ աղոթել եւ պարապել Սուրբ Գրքի եւ սուրբ հայրերի ընթերցանությամբ, հնազանդվել Եկեղեցու սահմանած կարգին՝ պահելով պահոց օրերը եւ մասնակցելով ժամերգություններին եւ սուրբ պատարագին:

Չափավորություն
եւ ողորմածություն

Ագահության փոխարեն պետք է ձգտենք չափավորության՝ բոլոր մարմնական եւ նյութական կարիքները սահմանափակելով անհրաժեշտով եւ մերժելով ամենայն ավելորդություն ու զեխություն: Մանավանդ` ձեռք բերենք ճշմարիտ ողորմածություն. ավելի շատ սիրենք տալ, քան վերցնել՝ ուրախանալով աղքատին ուրախացնելու համար: Այսպես գանձեր կդիզենք երկնքում [տե՛ս Մատթ. 6.20]՝ առավելացնելով ոչ թե ունեցվածքը, այլ փրկության հույսը, քանզի �ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց� [Հակ. 2.13]:

Պահեցողություն

Որկրամոլությունը հաղթահարելու համար մեզ տրված է պահքը: Եվ վերջինս իրոք փրկարար կլինի, եթե պահոց օրերին ոչ միայն փոխենք կերակրի տեսակը, այլեւ սահմանափակվենք քչով: Եվ եթե ստիպենք մեզ այսպես վարվել բոլոր պահոց օրերին, աստիճանաբար քչակերությունը կդառնա բնական եւ ցանկալի:

Ողջախոհություն

Սակավապետությունն ու քչակերությունը ինքնըստինքյան կմարեն նաեւ բղջախոհության հուրը՝ վերջինիս զրկելով սննդից: Սակայն պետք է նաեւ հատուկ ճիգերով մշտապես ձգտել ողջախոհության՝ թույլ չտալով, որ սեփական սրտին տիրեն աստվածամարտ ու մարդատյաց դեւերը, որոնք ոչնչից այնքան չեն հրճվում, որքան մարդուն անպարկեշտ ու անառակ խորհուրդների եւ արարքների մեջ գցելուց: Ուստի պետք է հեռու պահենք մեր աչքն ու ականջը աշխարհի մեղսածին տպավորություններից՝ հիշելով, որ �սերը այս աշխարհի հանդեպ թշնամություն է Աստծո դեմ� [Հակ. 4.4], խուսափենք քնկոտութիւնից եւ մարմնահաճությունից՝ միշտ հիշելով, որ մեր մարմինը Աստծո բնակության տաճարն է [տե՛ս Ա Կոր. 3.16], եւ այն պետք է սուրբ պահել ամեն ախտաժետությունից:

Աղբյուր՝ Sacredtradition.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում