Կրքեր` Վիկտոր Ցոյի եւ նրա մասին ֆիլմի շուրջ
Նմանատիպ
Խորհրդային ռոք-երաժիշտ, բազմաթիվ երգերի հեղինակ,դերասան, նկարիչ, «Կինո» հռչակավոր ռոք-խմբի հիմնադիր Վիկտոր Ցոյի որդին՝ Ալեքսանդր Ցոյը, դեմ է, որ Ալեքսեյ Ուչիտելի՝ իր հոր մասին ֆիլմը վարձույթ դուրս գա:
TACC-ի հաղորդմամբ, ֆեյսբուքի իր էջում նա այդ մասին խնդրանքով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: «Ես խոսում եմ ոչ միայն իմ, այլեւ հորս մտերիմների, մայրիկիս, պապիկիս` Ռոբերտ Մաքսիմովիչ Ցոյի, Նատալյա Ռազլոգովայի, Յուրի Կասպարյանի, Իգոր Տիխամիրովի անունից: Մենք դեմ ենք, որ ֆիլմը վարձույթում հայտնվի»,-գրել էր Ցոյի որդին:
Ավելի ուշ նրա պապը՝ Ռոբերտ Ցոյը, հերքել էր, որ դեմ է ֆիլմին: Ցոյի որդու ֆեյսբուքյան գրառման մեջ նշված է, որ իբր ֆիլմը արատավորում է Վիկտոր Ցոյի եւ նրա հարազատների բարի անունը: Իր հերթին Ալեքսեյ Ուչիտելն էլ հայտարարել էր, որ նախապես ունեցել է Ցոյի հարազատների բանավոր համաձայնությունը նրա մասին ֆիլմ նկարելու վերաբերյալ՝ պայմանով, որ ֆիլմում որոշ հերոսների անունները կփոխվեն:
Հավելենք, որ Ալեքսեյ Ուչիտելի «Ցոյ» վերնագրով ֆիլմում 1990-ականների ամռավա իրադարձություններն են, երբ զոհվեց հանրահայտ երաժիշտը:
Ֆիլմի գլխավոր հերոսը դարձել է «Իկարուս» ավտոբուսի վարորդը, որին բախվում է Ցոյի մեքենան ու պատճառ դառնում նրա մահվան: Ըստ ֆիլմի՝ ավտոբուսի վարորդը ստիպված է լինում Ցոյի դագաղը տեղափոխել Լատվիայից Լենինգրադ, իսկ ավտոբուսում Ցոյի հարազատներն են:
Ֆիլմի պրեմիերան տարբեր պատճառներով մի քանի անգամ հետաձգվել է, եւ այժմ էլ հայտնի չէ ցուցադրության կոնկրետ օրը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում