Սա պարզապես խայտառակ խախտում է, ու ցավոք այն համատարած է. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: Մարդու իրավունքների իրավունքը (Human Rights Law) ունի որոշ «ոսկե կանոններ», որոնցից շեղում ոչ մի պարագայում չի թույլատրվում։
Այդ «ոսկե կանոններից» է այն, որ անձին ազատությունից զրկելիս պարտադիր պետք է պարզաբանվի ազատությունից զրկելու պատճառը։ Պարտադի՛ր պետք է պարզաբանվի, թե ի՞նչ հանցանքի կամ զանցանքի մեջ է նա կասկածվում։
Այս կանոնը համատարած ոտնահարվում է՝ անգամ տեսախցիկների առջև։
Կից տեսանյութում երևում է, որ քաղաքացին ինչ-որ հարցով բողոքում է կառավարության առջև ու ինչ-որ թղթեր է դատարկում արկղից։ Հետո ոստիկանները գալիս են ու ազատությունից զրկում են քաղաքացուն (6:25-ից)՝ «անձը պարզելու համար»։
Ի՞նչ է նշանակում «անձը պարզելու համար»։ Էդ ինչու՞ «անձը պարզելու համար» փողոցում գտնվող մյուս քաղաքացիներին բաժին չեք տանում։ Ո՞րն է այն հանցանքը կամ զանցանքը, որ ձեր նախնական պնդմամբ՝ քաղաքացին կատարել է։ Ասում են՝ բաժնում կպարզաբանենք։
Սա պարզապես խայտառակ խախտում է, ու ցավոք այն համատարած է։ Մի օր դրա վերջը պետք է տրվի։ Օրինակ՝ եթե մի ոստիկան դատվի քաղաքացուն ապօրինի ազատությունից զրկելու համար, երևի մյուս անգամ ապօրինություն կատարելուց առաջ մյուս ոստիկանները ավելի երկար կմտածեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում