Մատենադարանի գործունեության հիմքում դրված է գիտական աշխարհում Արցախի շահերի պաշտպանությունը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aravot.am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի գլխավորած պատվիրակությանը:
Երկրի ղեկավարը իր գոհունակությունն է հայտնել ձևավորված համագործակցության բարձր մակարդակից՝ ընդգծելով Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի հնգամյա արդյունավետ գործունեության փաստը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ կարևոր է, որպեսզի հարաբերությունների հետագա զարգացումը կրի ինստիտուցիոնալ բնույթ, որտեղ հիմնական դերակատարում կարող է ունենալ բուհերի հետ համագործակցության սերտացումը:
Վահան Տեր-Ղևոնդյանը շնորհակալություն է հայտնել նախագահին՝ ցուցաբերած պետական մեծ օժանդակության համար՝ նշելով, որ առանց ԱՀ Կառավարության գործուն աջակցության դժվար կլիներ Արցախում գործունեության ծավալումը:
Նրա խոսքով՝ իրենց գործունեության հիմքում դրված է գիտական աշխարհում Արցախի շահերի պաշտպանությունը և այս առումով թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պատմական և մշակութային կեղծարարության դեմ փաստարկված հակազդումը:
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում